1,5 տարում Ադրբեջանն Արցախում ոչնչացրել է 50-ից ավելի հայկական կոթող
copy image url

1,5 տարում Ադրբեջանն Արցախում ոչնչացրել է 50-ից ավելի հայկական կոթող

Ներքին Արտաքին 2 ամիս առաջ - 14:56 15-02-2025
Վերջին մեկուկես տարվա ընթացքում Ադրբեջանը ակտիվորեն ոչնչացրել է Արցախի հայկական մշակութային ժառանգության բազմաթիվ հուշարձաններ։ Ըստ տարբեր հետազոտությունների, ավելի քան 50 մշակութային կոթող, ներառյալ եկեղեցիներ, հուշահամալիրներ, խաչքարեր, քանդակներ, վերացվել կամ ենթարկվել են վանդալիզմի։ Այս գործողությունները վկայում են Ադրբեջանի նպատակաուղղված քղաքականության մասին՝ վերացնել հայկական ներկայությունը տարածաշրջանում։

Ադրբեջանական իշխանությունները ոչ միայն արգելում են արցախահայերի վերադարձը իրենց հայրենի հողեր, այլև ավերում են հայկական գյուղերն ու բնակավայրերը։ Այս քաղաքականությունը մաս է կազմում Արցախի հայաթափման ծրագրի, որը սկիզբ առավ 2020 թվականի պատերազմից հետո և շարունակվում է մինչև այսօր։

Ոչնչացված հայկական գյուղեր
Քարին Տակ

Շուշիի շրջանի այս գյուղը Արցախի հայության պայքարի կարևոր խորհրդանիշներից մեկն էր։ Այն առաջիններից էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Վերջինիս արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ գյուղի բոլոր տները ամբողջությամբ ավերվել են։
Մոխրենես

Հադրութի շրջանի այս գյուղը նույնպես ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 2020 թվականի հոկտեմբերին։ Այժմ ամբողջ գյուղը հավասարեցվել է հողին։

Մարիամաձոր

Հադրութի շրջանում գտնվող հայկական բնակավայրերից մեկը, որի ոչնչացումը վերջնականապես հաստատվել է արբանյակային պատկերներով։ Այս գյուղն ուներ կարևոր ռազմավարական նշանակություն, և նրա ավերումը նոր օրինակ է Արցախի հայկական գյուղերի կործանման քաղաքականության։


Ծամձոր

Հադրութի շրջանի ևս մեկ հայկական գյուղ, որը 2020-ից հետո մնացել էր Ադրբեջանի վերահսկողության տակ, այժմ ամբողջությամբ ավերվել է։

Ադրբեջանի թիրախում՝ հայկական եկեղեցիները

Արցախում ոչ միայն ավերվում են հայկական գյուղերն ու բնակավայրերը, այլև հատուկ թիրախավորվում են քրիստոնեական եկեղեցիները։ Այս գործողությունները տեղավորվում են մշակութային ցեղասպանության տրամաբանության մեջ, որի նպատակն է վերացնել հայկական ներկայության բոլոր նշանները։

Ավերված կամ վնասված եկեղեցիներ

Տանձատափի եկեղեցի (Քաշաթաղի շրջան)
Ըստ արբանյակային լուսանկարների՝ այս եկեղեցին ամբողջությամբ ոչնչացվել է 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվածում։ Այն եղել է կարևոր հոգևոր կենտրոն Քաշաթաղի շրջանում։

Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիներ (Ծար, Քարվաճառի շրջան)
2024 թվականի փետրվարին այս երկու եկեղեցիները ենթարկվել են մշակութային վանդալիզմի։ Կառույցների մի մասը քանդվել է, իսկ հայկական կրոնական խորհրդանշանները ջնջվել են։

Սուրբ Աստվածածնի տաճար (Ստեփանակերտ)
Արցախի մայրաքաղաքի այս եկեղեցին վնասվել է 2024 թվականի մարտին։ Այն Ստեփանակերտի ամենահայտնի եկեղեցիներից մեկն էր և կրոնական ու մշակութային կարևոր կենտրոն էր արցախահայության համար։

Սուրբ Համբարձում եկեղեցի (Բերձոր)
Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին ամբողջությամբ ավերվել է, իսկ վերջին տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունները նրա տեղում մզկիթ են կառուցում։

Կանաչ Ժամ (Շուշի, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի)
Շուշիի ամենահայտնի հայկական եկեղեցիներից մեկը՝ Կանաչ Ժամը, ամբողջությամբ ավերվել է ադրբեջանական կողմի կողմից։

Բացի հայկական բնակավայրերի և եկեղեցիների ավերումից, ադրբեջանական կողմը նաև համակարգված կերպով ջնջում է հայկական մշակութային հետքերը Արցախի տարածքում։ Ադրբեջանը նախկինում էլ հայտնի էր հայկական խաչքարերի զանգվածային ոչնչացմամբ, օրինակ՝ Ջուղայի խաչքարերի փլուզումը 2005-2006 թվականներին։ Այժմ նույն քաղաքականությունը կրկնվում է Արցախի գրավյալ տարածքներում։

Շատ հայկական հուշարձաններ, որոնք խորհրդանշում էին Արցախի պատմական ժառանգությունը, արդեն ոչնչացվել են կամ ենթարկվել լուրջ վնասների։ Դրանց թվում են պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները, որոնք ադրբեջանցիները դիտավորյալ ապամոնտաժում են։

Ադրբեջանի նպատակները
Այս գործողությունները ցույց են տալիս Ադրբեջանի ռազմավարությունը, որը բաղկացած է հետևյալ քայլերից․
1. Հայերի լիակատար վտարում Արցախից,
2. Հայկական մշակութային ժառանգության վերացում,
3. Արցախի նոր պատմության սկիզբ,
4. Տարածքի ամբողջական ինտեգրում ադրբեջանական պատմության մեջ։

Քնարիկ Սահակյան