Իհարկե, ողջունելի է, որ Նիկոլ Փաշինյանը տրանսպորտով է գնում աշխատանքի, ինչպես մարդկանց մի մասը։ Այս պարագայում նա նաև կարող է հասկանալ, թե ուղևորներն ինչքան են սպասում կանգառում, ինչ խնդիրների են բախվում տրանսպորտից օգտվողները, ինչ կարելի է անել տրանսպորտն իրոք բարելավելու համար։ Հետո այս թեմաներով կարող է կոնկրետ խնդիրներ բարձրացնել թիմում, քննարկել գործընկերների հետ, հանձնարարականներ տալ պատասխանատուներին և այլն։
Փետրվարի 12-ին Փաշինյանը կրկին տեսանյութ էր հրապարակել տրանսպորտով աշխատանքի գնալու մասին։ Այն սկսվում էր ոչ թե Պռոշյան փողոցից, այլ Բաղրամյան պողոտայից։ Փաշինյանը նկատում է, որ ավտոբուսների շատ ակտիվ երթևեկություն կա Բաղրամյան պողոտայում։
Այստեղ մի բան անհասկանալի է։ Եթե Փաշինյանը որոշել էր տրանսպորտով աշխատանքի գնալ, ապա, տրամաբանորեն՝ պիտի տրանսպորտի սպասեր Պռոշյան փողոցում, քանի որ կառավարական ամառանոցից դուրս գալով, նա հայտնվելու էր Պռոշյան փողոցում, որտեղ ևս ավտոբուսի կանգառներ կան։ Ենթադրելի է, որ նա տանից դուրս է եկել, ծառայողական ավտոմեքենայով հասել Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկից մոտ 50 մետր ներքևում գտնվող կանգառ, որտեղից էլ նստել դեպի Հանրապետության հրապարակ, Կառավարության շենքի մոտ տանող ավտոբուսը։
Այսպիսով՝ հրապարակված տեսանյութից կարելի է դուրս բերել մի քանի ենթադրություն։
Առաջինը՝ Փաշինյանը Պռոշյան փողոցում չէր կարող նկատել ավտոբուսների ակտիվ շարժ, քանի որ այս փողոցում դրանք իրականում շատ չեն։ Երկրորդը՝ նա Պռոշյանում ստիպված էր լինելու համեմատաբար երկար սպասել տրանսպորտի։ Երրորդը՝ Պռոշյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ գնացող ավտոբուս չկա։ Չորրորդը՝ տեղփոխով, այսինքն՝ մի քանի ավտոբուս փոխելով, Պռոշյանից Հանրապետության հրապարակ հասնելու ձև չկա։ Եթե այս ենթադրություններն անհիմն են, ապա ինչո՞ւ նա տրանսպորտի էր սպասում Բաղրամյանում, այլ ոչ թե իրենցկեցվայրին ավելի մոտ գտնվող Պռոշյան փողոցի կանգառում։
Գրեթե բացառվում է, որ Փաշինյանը միտումնավոր է ի ցույց դրել այս խնդիները, որ Երևանի քաղաքապետարանին, տրանսպորտային բարեփոխումների պատասխանատուներին հանդիմանելու առիթ ունենա։ Առավել հավանական է, որ նա չի էլ մտածել, թե հրապարակված տեսանյութը կարող է հանրային քննարկման թեմա դառնալ, և քաղաքացիները, հատկապես՝ Պռոշյան փողոցի բնակիչները կնկատեն դրանք ու կվրդովվեն։
Բայց քանի որ խնդիրներն արդեն ջրի երես են հանվել վարչապետի կողմից, դրանք արդեն արհամարհել հնարավոր չէ։ Ենթադրելի է, որ տեսանյութի տողատակում առկա խնդիրները համարժեք լուծում կստանան՝ Երևանի քաղաքապետարանն ու «Երևան ավտոբուս» ընկերությունը այնպես կկազմակերպեն տրանսպորտի աշխատանքը, որ Փաշինյանը տանից դուրս գալուց առաջ հավելվածով կկարողանա տեսնել, թե քանի րոպեից է մոտենալու իր տրանսպորտը, հանգիստ դուրս կգա կառավարական ամառանոցից, Պռոշյան փողոցով մի քանի քայլ կքայլի դեպի մոտակա կանգառ, մեկ կամ մի քանի ավտոբուս փոխելով, ժամանակին և արագ կհասնի աշխատանքի։ Սա կլինի տրանսպորտային բարեփոխումների գովազդ։
Իսկ այն, ինչը հրապարակել է վարչապետը փետրվարի 12-ին, հակագովազդ է, անուղղակի ակնարկ է պարունակում, որ ավինյանական բարեփոխումները քննադատողները ճիշտ են՝ համակարգը շատ վատ է աշխատում, թանկացումներն արդարացված չեն։ Որպես ապացույց կարող են մատնացույց անել Փաշինյանին, որը Պռոշյանից Հանրապետության հրապարակ գնալու համար ստիպված մի քանի հարյուր մետր անցնում է, հասնում Բաղրամյան, որ ավտոբուս նստի ու գործի հասնի ժամանակին։
Թաթուլ Մկրտչյան