Արարատի մարզի բազմաթիվ այգեգործներ ահազանգում են՝ ծիրանը մոտ 3 շաբաթից կհասնի, բայց ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի գնորդ չկա։
Արարատի մարզի բնակիչ Հենրիկ Ավագյանը
Oragir.News-ի հետ զրույցում ասաց՝ ծիրանի արտահանմամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատները հրաժարվում են ծիրան գնել, քանի որ մտավախություն ունեն, որ այս տարի չեն կարողանա արտահանել Ռուսաստանի Դաշնություն։
«Ես 1 հեկտար ծիրանի այգի ունեմ, ֆուռի տերերը եկել էին, պայմանավորվել էինք, որ պետք է տանեն, բայց հիմա ասում են՝ չենք կարող տանել, մտավախություն ունեն, որ չեն թողնի Ռուսաստան արտահանել։ Իմ այգուց ամենաքիչը 15 տոննա բերք է լինում, իրենք շուկայականից 100 դրամ ցածր գնով տանում են, միջինը 400 դրամ։
Ես այգուս վրա 1 միլիոն դրամի ծախս եմ արել, միայն 250․000 դրամ թունաքիմիկատներին եմ տվել, էլ չեմ ասում ջրի փող, հողի փող, պարարտանյութի փող։ Ու սա մասնավոր դեպք չի, այնպես չի, որ միայն իմ այգու մասին է խոսքը, բոլոր գյուղերում նույն խնդիրն է, գնորդ չկա։
Հունիսի 15-ից 20-ը ծիրանը արդեն պետք է քաղվի, չգիտենք, թե ինչ ենք անելու, անորոշ վիճակ է, գյուղացին միայնակ է մնացել իր խնդրի հետ»։
Հարցին, թե արդյոք Կառավարությունից՝ Էկոնոմիկայի նախարարությունից, որևէ արձագանք եղե՞լ է, Հենրիկ Ավագյանը բացասական պատասխան տվեց․ «Ուր ուզում ես գնա, որտեղ ուզում ես բողոքի, ոչ մի բան չեն անում, ոչ մեկի պետքը չի, ասում են՝ ձեր սեփական հողն է, մենք ի՞նչ գործ ունենք, գանք ձեր բերքը վաճառե՞նք։
Բա մի հատ Կառավարության ծրագիր չլինի՞, որ այս սեզոնին ժողովրդի ապրանքն իրացվի, արտահանեն կամ մի գործարանի ասեն, որ ընդունի։ Ձեռքերը լվացել, քաշել են մի կողմ, ասում են՝ ոնց ուզում եք, ձեր գլուխը պահեք, մեզ հետ գործ չունեք։
2018 թվականին լրիվ այլ խոստումներով եկան, Նիկոլի այն ժամանակվա խոստումները, բառերը պետք է հատիկ-հատիկ հանես ու գլխին տաս։ Իր ասած բառերը, նախադասությունները, որ ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, ժողովուրդը էս չի, ժողովուրդը էն չի, ժողովրդին ամենաուժեղ քաշողն ինքն եղավ, խաբեց խեղճ ժողովրդին»։
Նախորդ տարի Էկոնոմիկայաի նախարար Վահան Քերոբյանը խաղողագործներին առաջարկել էր վաճառել իրենց այգիները և աշխատել գործարաններում։ Արարատի մարզի բնակիչն ասաց, որ իրենց ևս նման առաջարկություններ են արվել․ «Ասում են՝ խոշորացում է գնում, չեք կարողանում մշակեք, չեք կարողանում իրացնեք, տվեք խոշորացմանը, դուք էլ գնացեք այնտեղ աշխատեք։
Այսինքն՝ մենք մեր հողերը ծախենք իրենց, գնանք իրենց մոտ բանվորություն անենք։ Տարբեր ձևերով խնդիրներ են առաջացնում, որ օլիգարխները մարդկանցից իրենց եկամտի աղբյուրը՝ հողերը խլեն։
Օրիանկ՝ Սամվել Ալեքսանյանը 2018 թվականի «տեղափոխություն»-ից հետո, ոչ թե հեղափոխությունից, մեր համայնքում 40-50 հեկտար հող է առել։ Դատախազից, ժողովրդից այգիներ է առել, գործարան է սարքել, ինքն իր խաղողը մթերում է, ժողովրդի խաղողը էլ չի մթերում։
Անցած տարի էլ ոչ մի կիլո չմթերեց, դրա առաջին տարին էլ կռվով մթերեց։ Մեր պահանջն այն է, որ իշխանությունը գոնե մի պահ մտածի, որ ժողովուրդը տանջվել, բերքը մշակել է, հասցրել է քաղելուն, գոնե մի քայլ ձեռնարկեն, որ կարողանանք իրացնել»։