Թրամփ–Պուտին զրույց, Մասկին արգելել են, 31 ապստամբ է զոհվել, հանուն դոդոշների․ Միջազգային մամուլ
1․ НОВОСТИ ВОЛГОГРАДА-ն գրում է. Վոլգոգրադի օդանավակայանը վերաբացվել է։ Նիժնի Նովգորոդի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայանները շարունակում են փակ մնալ։ Օդանավակայանը փակել էին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածի սպառնալիքի պատճառով։ Ղեկավարությունը հայտնում է, որ նավթավերամշակման գործարանի վրա հարձակումը հաջողությամբ հետ է մղվել՝ զոհեր և ավերածություններ չկան, տարվում են աշխատանքներ հետագա ռիսկերը նվազեցնելու համար։
2.Euro News-ը գրում է, որ ԱՄՆ նախագահն ասել է՝ Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի պատերազմը։
Նա ասում է, որ հակամարտությունը դադարեցնելու ծրագրեր կան։
Թրամփը նաև հայտարարել է Զելենսկու հետ հնարավոր հանդիպման և 500 միլիոն դոլար գործարքի առաջարկի մասին՝ Ուկրաինայի ռեսուրսների հասանելիության և անվտանգության երաշխիքների դիմաց։
3. BBC-ն հայտնում է, որ մահացել է Նամիբիայի առաջին նախագահ Սեմ Նուջոման, նա 95 տարեկան էր։
Վերջին երեք շաբաթը նախագահը անցկացրել է հիվանդանոցում։
Նուջոման երկրի անկախության համար պայքարի խորհրդանիշն էր և դարձավ երկրի առաջին առաջնորդը:
4. The New York Times-ը գրում է, որ դատարանը ժամանակավորապես սահմանափակել է Իլոն Մասկի ղեկավարած՝ Պետական արդյոնավետության դեպարտամենտի մուտքը ԱՄՆ Ֆինանսների նախարարության վճարային համակարգ, որտեղ պահվում են միլիոնավոր քաղաքացիների և ընկերությունների անձնական տվյալներ:
19 նահանգների գլխավոր դատախազներ դատարան են դիմել՝ պնդելով, որ DOGE-ն իրավասու չէ օգտվել Ֆինանսների նախարարության համակարգից:
Դեպարտամենտը ստեղծվել է Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ՝ պետական ծախսերը նվազեցնելու համար։
Իլոն Մասկը դատավորի որոշումը խելագարություն է անվանել:
5. Barrons-ը գրում է. Մյունխենում շարունակվում է հանրահավաք, ընդդեմ արմատական աջերի։
Խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ առաջ փողոց է դուրս եկել շուրջ 250 հազար մարդ։
Սոցիոլոգիական հարցումները կանխատեսում են ՔԴՄ-ի հաղթանակ, սակայն «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը կարող է հայտնվել երկրորդ տեղում:
Ընտրություններն անցկացվում են տնտեսական ճգնաժամի պայմաններում՝ իշխող կոալիցիայի փլուզման պատճառով։
6. BBC-ն հայտնում է. Հնդկաստանի անվտանգության ուժերը սպանել են 31 մաոիստ ապստամբների:
Չհատիսգարհ նահանգի անտառներում բախման հետևանքով զոհվել է նաև անվտանգության ուժերի 4 ծառայող։
Ոստիկանությունը շարունակում է տարածքի որոնողական աշխատանքները։
Առգրավվել են զենքեր, այդ թվում՝ հրացաններ և նռնականետներ։
Սա հակամարտության ամենաարյունալի դրվագներից է, որը շարունակվում է 1967 թվականից։
7. Meduza-ն գրում է, որ Wildberries-ի համահիմնադիրներ Տատյանա Կիմն ու Վլադիսլավ Բակալչուկն ամուսնալուծվել են
Դատարանը պաշտոնապես լուծարել է ամուսնությունը Տատյանա Կիմի հայցի հիման վրա։
Վլադիսլավ Բակալչուկը սոցցանցերում հաստատել է լուրը «Ես ազատ եմ» երգի ներքո ։
Երեխաները մնացել են մոր մոտ, հայրը պարտավորվել է ալիմենտի վճարումներ կատարել։
Գույքի բաժանման մասին որոշումը կհրապարակվի ավելի ուշ։
8. BBC-ն գրում է. Անգլիայի Բաթ քաղաքում գորտերի և դոդոշների պատճառով ճանապարհ է փակվել մեկուկես ամսով։
Դա իրականացվել է երկկենցաղներին պաշտպանելու համար, քանի որ նրանք գնում են Բաթում գտնվող իրենց բազմացման վայրեր։ Charlcombe Lane փողոցը փակ է մինչև մարտի 23-ը: Կամավորները կապահովեն, որ ճանապարհը փակ մնա երթևեկության համար։