Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան տեսանյութում հայտարարել է, որ փետրվարից 1-ից կներդրվի նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ: Ըստ նրա՝ սա գործելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում։
Նա նշել է, որ առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը ամեն տարի կարող է փոփոխվել առավելագույնը 10 դրամով և միայն շարունակվող բարեխումների պայմաններում:
Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Պատրա՞ստ եք տրանսպորտի համար վճարել 150 դրամ»։
Հարցվածների մեծը մասը նշեց, որ չեն վճարելու 150 դրամ, իսկ ոմանք դրական պատասխան տվեցին։
«Ոչ։100 դրամ, և ոչ մի կոպեկ ավելի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Տարեց անցորդներից մեկն էլ ասաց, որ համաձայն է այս փոփոխությանը։
«Այո, իհարկե։ Դրանից էլ լավ բան։ Էսօր ինչ ղալմալաղ են դրել։ Էն ժամանակ 130 դրամ պիտի վճարեի, հիմա 150 եմ վճարելու, զատո գնում եմ կառավարական՝ մաքուր օդ, տաք։ Ապրի Ավինյանը»,-նշեց նա։
Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ սա ուղղակի մանիպուլյացիա է քաղաքային իշխանության կողմից։
«Իսկ ինչի պետք ա պատրաստ լինեմ։ Սա ուղղակի հերթական մանիպուլյացիան է, որ աստիճանաբար մոտենան 300 դրամին»,-պատասխանեց նա։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ չի վճարելու 150 դրամ և բոյկոտելու է։
«Ոչ, միայն 100 և վերջ։ Փետրվարի 1-ից ոտքով եմ քայլելու, թող իրենք իրենց տրանսպորտով երթևեկեն»,-պատասխանեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։