«Միմիայն քաղաքական հետապնդում է, քանի որ այլ պատճառ չի կարող լինել: Տարածքը ծառայել է միմիայն կրթական ծրագրեր իրականացնելուն, այլ ֆունկցիա մենք չենք կատարել: Ամեն տարի մեզանից պարտադիր պահանջում էին հաշվետվություն, երբևէ ոչ մի խնդիր չի եղել»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
Դավիթ Սահակյանցը նախ նշեց, որ տարածքի տրամադրման հետ կապված գոյություն ուներ ժամկետ՝ 24 տարի, ուղղակի տարածքը իրենց տրամադրության տակ էր լինելու անհատույց. «Այս տարի լրացավ 10 տարին, կառավարության նոր որոշմամբ այդ տարածքը մեր ձեռքից փաստացի վերցնում են և տրամադրում այլ կազմակերպության։ Կառավարության որոշումը եղել է դեկտեմբերի 26-ին, բայց մենք տեղեկացել ենք ուղիղ մեկ շաբաթ առաջ»։
Ռեժիսորին տեղյակ են պահել՝ էլփոստին հաղորդագրություն ուղարկելով, որում նշված է՝ մինչև հունվարի 30-ը պետք է ստորագրի, որ պրոցեսը ընթացք ստանա։
Oragir.News-ի հարցին՝ ինչ եք անելու, ունեք այլ տեղ, որտեղ կտեղափոխվեք, թե կդադարեցնեք Ձեր գործունեությունը, Դավիթ Սահակյանցը պատասխանեց․«Անկեղծ ասած, սկզբնական պոռթկումը, իհարկե, պայքարելն է։ Պայքարել ասելով՝ խոսքս տարածքի համար պայքարելուն չի վերաբերում, քանի որ կարծում եմ՝ դա անիմաստ է։ Այս որոշումը մեր դեմ է, և ստիպված ենք նոր տարածք փնտրել։ Բայց հաշվի առնելով այսօրվա իրականությունը և պայմանները՝ իսկապես խնդրի առաջ ենք կանգնած։ Կամ պետք է դադարեցնենք՝ նվազագույնի բերենք մեր աշխատանքները, կամ գտնենք տարածք, որը մենք կարող ենք վարձակալել, քանի որ ֆինանսապես գուցե չկարողանանք, որովհետև Երևանի գները բոլորիս հայտնի են։ Սա իսկապես մեծ խնդիր է, միակ փոքր հույսն այն է, որ կլինեն մարդիկ, որոնք անտարբեր չեն լինի մեր գործունեության նկատմամբ և միգուցե կարողանան աջակցություն ցուցաբերել, բայց դրա վրա մեծ հույս չենք կարող դնել՝ բնականաբար հասկանալով այսօրվա իրականությունը։ Շատ ավելի լուրջ և կարևոր խնդիրներ կան երկրում լուծելու, և քո խնդիրը չեն տեսնում, քանի որ գտնվում ենք այն վիճակում, երբ գրեթե երկիր ենք կորցնում»:
Հարցին՝ հնարավոր է, որ նոր տարածք տեղափոխվելուց հետո էլ քաղաքական հետապնդումը շարունակվի, վերջինս ասաց․ «Ե՛վ այո, և՛ ոչ։ Գուցե իմ անձի դեմ շարունակվի, բայց ստուդիայի դեմ երկրորդ անգամ չեմ կարծում»։
Հիշեցնենք՝ ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցին պատկանող «Սահակյանց» անիմացիոն ստուդիան, որը գործում է Երևանի Վարդանանց փողոցի 30 հասցեում, զրկվում է պետության կողմից անհատույց տրամադրված տարածքից։