Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 15-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին: Այս մասին կառավարության ղեկավարը գրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ «Այս դիրքավորումը Հայաստանի անկախության, ինքնիշխանության և պետականության հարատևության օրակարգը հաջողությամբ սպասարկելու ամուր նախադրյալներ է ստեղծում, ինչը կիրագործվի բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության առաջիկա փուլերում»,- գրել է Փաշինյանը։
Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային։ Այս մասին նախօրեին Վաշինգտոնում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումից հետո նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային, ինչը նպաստում է Միջին Արևելքում կայունության ապահովմանը և նրա սահմաններից դուրս։ Մենք մեծապես գնահատում ենք այս հանձնառությունը ՀՀ-ի կողմից»,- ասել է ԱՄՆ հեռացող պետքարտուղարը՝ համոզմունք հայտնելով, որ այս համագործակցությունը կնպաստի Հարավային Կովկասում անվտանգության ստեղծմանը։
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է արտգործնախարարություն։ Գերատեսչությունից հայտնում են, որ դեսպանն ԱԳՆ է կանչվել հունվարի 12-ին Ռուսաստանի համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել են արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:
Մանրամասները՝ տեսանյութում։