Նիկոլ Փաշինյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում Երևանում կառուցվող մի սրճարանից լուսանկար էր հրապարակել, որի վրա գրված էր «բացումը կախված հայ շինարարից», ինչը բազմաթիվ քաղաքացիների շրջանում լուրջ դժգոհություններ էր առաջացրել։
Մեկնաբանությունների բաժնում բազմաթիվ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանին հիշեցրել էին, որ նա երկրի ղեկավար է և ավելի կարևոր խնդիրներով պետք է մտահոգվի, ոմանք էլ նաև ծաղրել էին նրան՝ առաջարկելով նաև եղանակի տեսության և տարադրամի փոխարժեքի մասին գրել։
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն այս հրապարակմամբ հերթական անգամ օրենք է խախտվում, քանի որ պետական բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվում է որևէ տեսակի ծառայություն գովազդել։
Oragir.News-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն օրենքն է խախտել, այլ նաև ավելի վատ բան է արել՝ արժեզրկել է հայ շինարարին․ «Ընդհանրապես հայտնի չէ՝ բրենդը, որի գովազդն ակնհայտորեն կա, բացումը կախված հայ շինարարից արտահայտությունը լա՞վ իմաստով է ասել, թե՞ վատ։ Այսինքն՝ ստացվում է՝ մի սրճարան կարող է որոշել, որ ինքը լավն է, բայց ինքը լավը կլինի, թե լավը չի լինի՝ դա արդեն իրենից կախված չէ։ Սրճարանն ակնարկում է՝ ինքն իրենից հասանելիք ամեն ինչը ճիշտ է անում, բայց եթե պարզվի, որ հայ շինարարները վատն են, ինքն ի՞նչ անի»։
/Բաբկեն Պիպոյան, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ/Բաբկեն Պիպոյանը շեշտում է՝ եթե հրապարակումը որևէ կոնկրետ շինարարական ընկերության մասին լիներ, ապա անկախ նրանից՝ հրապարակումը լա՞վ իմաստով է արվել, թե՞ վատ, դա կվերաբերեր միայն կոնկրետ այդ ընկերությանը։ Նրա խոսքով՝ հայ շինարարը մեր իրականության մեջ արժեք է և Նիկոլ Փաշինյանն այս կերպ թիրախավորում է նրան։ «Մենք շինարարի օր ենք նշում, շինարարի մասին երգ ենք երգում, կապ չունի՝ լա՞վն է այդ երգը, թե՞ վատն է, բայց ինքը արժեք է, և ինչ-որ սրճարան բավական չէ գալիս ու արժեզրկում է այն, դեռ մի բան էլ երկրի ղեկավարը տարածում է դա։ Ես միշտ ասում եմ՝ կան դեմքեր, որոնք առանց մտածելու գործելու իրավունք չունեն, բայց մյուս կողմից էլ ամեն անգամ երբ ասում եմ առանց մտածելու, հետո էլ ինքս ինձ եմ ասում՝ ի՞նչ գիտես, որ առանց մտածելու է և ի՞նչ գիտես, որ բոլոր արժեքները ջարդելու պրոցեսի մեջ չենք՝ գործադիրի կողմից»,- ասաց նա՝ վերահաստատելով, որ Նիկոլ Փաշինյանն այս արարքով նպաստում է հայ շինարարի արժեզրկմանը, ինչպես նաև անուղղակի գովազդում է մի սրճարան, որի իրավունքը նույնպես չունի։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը շեշտում է՝ գոյություն ունի ուղղակի և անուղղակի գովազդ․ «Երբ օրինակ ասվում է՝ Հայաստանում առաջին անգամ անվտանգային կամ որակի կառավարման այսպիսի համակարգով ինչ-որ բան է բացվել ու դու կիսվում ես այդ հրապարակմամբ, հայտնում այդ լավ բանի մասին ու անուղղակի գովազդում, դա ուրիշ հարց է։ Բայց այս դեպքում մենք դեռ չգիտենք, թե սա ինչ է, կարող է պարզվի սա մի սրճարան է, որտեղ վաղը մարդ է թունավորվելու։ Օրինակ՝ երբ վաղը այդ սրճարանը բացվի, հնարավոր է Սննդի տեսչական մարմինը մտնի այնտեղ ու վատ սանիտարական վիճակի պատճառով փակի այն։ Ստացվում է՝ մենք չգիտենք, թե սա ինչ է, բայց արդեն սրա գովազդը գնում է»։
Բաբկեն Պիպոյանը համաձայնեց մեր այն դիտարկման հետ, որ Նիկոլ Փաշինյանը տվյալ սրճարանը գովազդելով անհավասար ու հակամրցակցային պայմաններ է ստեղծում մյուս սրճարանների համար՝ հավելելով, որ հենց դրա համար է պաշտոնյաներին գովազդով զբաղվելը արգելվում։ «Էլի եմ ասում՝ ինչ-որ մեկը, ով իսկապես ունի առավելություն և երկրի համար որևէ լավ բան է անում և այլն, սա իմաստ ունի գովազդի դաշտում քննարկելը, դիտարկել՝ օրենքի խախտում կա՞ր, թե՞ ոչ, իսկ այս դեպքում նենց բան է, որ ամոթ էլ է տրամաբանության մեջ գնահատական տալը»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան