Դավաճանության գինը. ինչ կորցրեց ՌԴ-ն դեպի Արևմուտք ՀՀ կուրսի պատճառով. ИР
copy image url

Դավաճանության գինը. ինչ կորցրեց ՌԴ-ն դեպի Արևմուտք ՀՀ կուրսի պատճառով. ИР

Արտաքին 3 ամիս առաջ - 16:55 13-01-2025
Հայ ռուսական հարաբերությունների հնարավոր վերանայման մասին Интересная Россия պարբերականը ընդարձակ հոդված է հրապարակել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։

Ռուսաստանը երկար տարիներ եղել է Հայաստանի առանցքային գործընկերը՝ նրան տրամադրելով համապարփակ աջակցություն՝ տնտեսական ներդրումներից մինչև մարդասիրական օգնություն։ Այդուհանդերձ, Եվրամիության հետ ինտեգրման ուղին որդեգրած Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը վտանգում է երկարաժամկետ երկկողմ հարաբերություններն ու լայն ընդվզման ալիք բարձրացնում։ Վերջին տասնամյակների ընթացքում Ռուսաստանը զգալի միջոցներ է ուղարկել Հայաստան՝ աջակցելով նրա տնտեսության և սոցիալական կյանքի տարբեր ոլորտներին։

Խոշոր ծրագրերից է «Կայուն դպրոցական սնունդ» նախագիծը, որի համար 2024–2028 թթ․նախատեսվում է հատկացնել 7 միլիարդ ռուբլի։ Ֆինանսավորման մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԵՄ-ին ինտեգրվելու և Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության իր հանձնառության մասին։ Մինչ այս նմանատիպ նպատակների համար հատկացվել էր մոտ 2 մլրդ ռուբլի։

Ռուսաստանը ֆինանսավորել է նաև արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացման, գյուղական շրջանների արդիականացման և գյուղական զբոսաշրջության աջակցության ծրագրեր։ Միայն 2021 թ․ Ռուսաստանի կառավարությունը 320 միլիոն ռուբլի է հատկացրել Ադրբեջանի հետ հակամարտության հետևանքով տուժած Հայաստանի շրջանները վերականգնելու համար։ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ ապրանքաշրջանառությունը տատանվել է տարեկան 1-1,5 տրիլիոն ռուբլու սահմաններում։ Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առեւտրում վերջին տարիներին հասել է 46%-ի՝ ապահովելով երկրի տնտեսական շրջանառության գրեթե կեսը։ Դա հնարավոր դարձավ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի մասնակցության շնորհիվ, որից Հայաստանի ղեկավարությունը որոշեց հրաժարվել։ Չի կարելի անտեսել նաև դրամական փոխանցումների դերը։ Ռուսաստանում աշխատող հայաստանցիները տարեկան մոտ 200 միլիարդ ռուբլի են փոխանցում իրենց հայրենիք, ինչը զգալիորեն աջակցում է երկրի տնտեսությանը։

Ռուսական բիզնեսը մոտ 500 միլիարդ ռուբլի է հատկացրել հայկական տնտեսական նախագծերի զարգացմանը։ Այս ֆինանսավորումը ներառում էր արդյունաբերության արդիականացում, ենթակառուցվածքային նախագծեր և համատեղ էներգետիկ նախաձեռնություններ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրամիության հետ մերձեցման և Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունից հրաժարվելու կուրս որդեգրեց։ Առանցքային քայլերից են Ֆրանսիայի հետ ռազմական կապերի խորացումը և ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրության մասին հայտարարությունը։

Սակայն նման գործողություններն անխուսափելիորեն հանգեցնում են Հայաստանի տնտեսության թուլացմանը, որը մեծապես կախված է ռուսական շուկայից և ֆինանսական ներարկումներից։ 2024 թ․ վերջի դրությամբ Հայաստանի տնտեսությունն արձանագրել է վերջին տարիների ամենացածր աճի տեմպը։ Փորձագետները դա պայմանավորում են թանկարժեք մետաղների և քարերի վերաարտահանման ծավալների կրճատմամբ։ Ռուսաստանի կողմից ոսկու արտահանման մաքսատուրքերի վերացումն անիմաստ դարձրեց Հայաստանի տարածքով վերաարտահանումը, ինչը հարվածեց նրա տնտեսական ցուցանիշներին։

Վերակողմնորոշումը դեպի եվրոպական շուկա և Ռուսաստանի հետ տնտեսական փոխգործակցության դանդաղումը կարող են հանգեցնել բոլոր հիմնական ցուցանիշների արագ անկման։ Առաջիկա տարիներին Հայաստանին սպառնում է բյուջեի և ապրանքների դեֆիցիտ։ Բացի տնտեսական հետևանքներից, Հայաստանի ղեկավարության գործողությունները հարցեր են առաջացրել Ռուսաստանի հետ խզման բարոյական կողմի վերաբերյալ։ Տարիների ֆինանսական աջակցությունն ու ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի համար վերածվեցին քաղաքական դավաճանության։ Ներդրված միլիարդավոր ռուբլիները՝ դպրոցական սնունդից մինչև արդյունաբերության զարգացում, ոչ միայն չկարողացան ամրապնդել միությունը, այլև Ռուսաստանի շահերին հակառակ Հայաստանի նոր կուրսի կատալիզատոր դարձան։ Ստեղծված իրավիճակի ֆոնին Ռուսաստանը ստիպված է վերանայել Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը։ Տնտեսական կապերի և ֆինանսական աջակցության կրճատումն անխուսափելի է։ Միակ հարցն այն է, թե երբ Հայաստանը կգիտակցի իր ընտրած կուրսի հետևանքները և ինչ դասեր կքաղի իր «Տիտանիկի տոմսից»։

Ամենից շատ դիտված