Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է բոլորիս զգուշացնում է՝ եթե չհրաժարվենք պատմական Հայաստանի հայեցակարգից ու չհամախմբվենք իրական Հայաստանի հայեցակարգի շուրջ, ապա կարող ենք անդառնալիորեն կորցնել մեր պետականությունը։ Թեպետ կառավարության ղեկավարը պնդում է, որ իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կմ2 տարածք ունեցող երկիրն է՝ Հայաստանի Հանրապետությունը՝ մոռանալով, որ հենց իր պաշտոնավարման օրոք այդ տարածքի ավելի քան 200 կմ2-ն օկուպացվել է Ադրբեջանի զինուժի կողմից, իսկ ինքն էլ պարբերաբար հայտարարում է, որ ՀՀ-ն մտադիր չէ այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնել։
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական գրառումն էր կատարել, որտեղ նախազգուշացրել էր պետականությունը կորցնելու վտանգի մասին։
«Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, չունենանք խաղաղություն, չունենանք բարեկեցություն.
ա) Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան...
բ) Իմ որդուն բանակ մի տարեք, որովհետեւ...
գ) Իմ ամուսնուն բանակ մի տարեք, որովհետեւ...
դ) Ինձ բանակ մի տարեք, որովհետեւ...
ե) Այս բաժակով հոտնկայս խմենք այս պահին սահմանին կանգնած զինվորի կենացը:
զ) Բոլորին հրավիրում ենք պարահրապարակ: Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան...
է) Армяне всего мира, гуляют так красиво...»,- գրել էր նա։
Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պատասխանել է այս գրառման տակ իրեն ուղղված քննադատական մեկնաբանություններին։ Մասնավորապես՝ Alex Gevorgyan օգտատերը կառավարության ղեկավարին առաջարկել էր կողմնորոշվել՝ վերջինս վարչապե՞տ է, թե՞ բլոգեր, նշել՝ ով մարտի դաշտում սահման է պահել, նա էլ երկրի ու հողի արժեքը գիտի։ «Կպի գործերիդ»,- իր մեկնաբանությունն այսպես էր ավարտել քաղաքացին։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ զարմացած չէ քաղաքացու արձագանքից, քանի որ, ըստ իրեն, «մեր իրականության մեջ շատ հաճախ գործը չգիտակցված, հայեցակարգային և վերլուծական հենարան ու պատմություն չունեցող շարժումն է»: Ըստ Փաշինյանի՝ «նաև դա է պատճառը, որ շատերը վարկ են վերցնում ու չեն կարողանում սպասարկել ու սպասարկել չկարողանալուց հետո են միայն հասկանում, որ պետք էր նախ բանաձևել, մտածել, հասկանալ և հետո նոր որոշում կայացնել, շատերը ահռելի ֆիզիկական էներգիա են ծախսում «գործ», «աշխատանք» անվան ներքո, բայց դրա արդյունքում միայն աղքատանում են»:
Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ քաղաքացու մեկնաբանության մեջ անհարգալիս տոն էր նկատել՝ ընգծելով՝ եթե դա օգնում է իր ինքնագնահատականի բարձրացմանը, ապա նա պատրաստ է ծառայել այդ նպատակին։ Բացի այդ, նա քաղաքացուն, ում ֆեյսբուքյան էջը ուսումնսիրելուց հետո պարզ է դառնում, որ նա բնակվում է ԱՄՆ–ում, կոչ էր արել իր ինքնագնահատականը բարձրացնել՝ Հայաստանում աշխատելով և Հայաստանի Հանրապետությանը հարկեր վճարելով: «Եթե իրականության մեջ այդպես վարվում եք, շնորհակալ եմ»,- գրել էր նա։

Այսպիսով՝ չնայած Հայաստանի Հանրապետությունը կանգնած է պատերազմի իրական վտանգի առաջ, ինչն ակնհայտ դարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին սպառնալից ելույթից հետո և քաղաքական ու փորձագիտական շրջանակները քննարկում են՝ ինչպես կարելի է այդ վտանգը չեզոքացնել, այնուամենայնիվ մեր երկրի վարչապետը փաստացի այնքան ազատ ժամանակ ունի, որ պատասախանում է ֆեսյբուքյան մեկնաբանություններին ու իրեն քննադատող քաղաքացիների «պորտը տեղը դնում»։
Բացի այդ, նա այս պատասխանով հերթական անգամ փորձում է Հայաստանի բնակչության և սփյուռքահայության միջև սեպ կրել՝ քաղաքացուն կոչ անելով աշխատել Հայաստանում և հարկեր վճարել ՀՀ-ին։ Փաշինյանն իր այս պատասխանով ուշադրություն է հրավիրում այն բանին, որ ԱՄՆ-ում բնակվող հայը քննադատում է իր վարած քաղաքականությունը՝ փաստացի ակնարկելով, որ դրա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կյանքով հետաքրքրվելու իրավունք չունի։
Կարծ ասած՝ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունք ունեն բացառապես այն սփյուռքահայերը, ովքեր աջակցում են իրեն, ընտրությունների ժամանակ ընտանիքներով գալիս են Հայաստան, իրեն ընտրում ու հեռանում։
Լավատեսորեն ակնկալում ենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը նույնպիսի ջանասիրությամբ կարձագանքի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով Հայաստանը համարում է ֆաշիստական պետություն, ինչպես նաև մեր երկիրն անվանում «Արևմտյան Ադրբեջան»։