Համաձայն ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրի՝ շուրջօրյա և ցերեկային խնամք մատուցող պետական ոչ առևտրային առնվազն 3 կազմակերպությունների շենքային պայմանների բարելավման գործընթացը 2024թ․ դեկտեմբերի 2-րդ տասնօրյակին ավարտվել է։
Oragir.News-ը կապ հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական բաժին և հարցեր ուղղեց․ «Ո՞ր ՊՈԱԿ-ների շենքային պայմաններն են բարելավվել։ Ո՞ր կազմակերպություններն են իրականացրել բարեկարգման աշխատանքները։ Որքա՞ն գումար է ծախսվել բարեկարգման աշխատանքների իրականացման համար։ Դրանց ո՞ր մասն է կազմել պետական ֆինանսավորումը»։
«Շենքային պայմանների բարելավում՝ տեղային խնդիրների լուծման նպատակով, կատարվել է «Հաղթանակ», «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոններում և «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում։ Սակայն համալիր ծրագիրը, որով նախատեսվում է վերանորոգել վերոնշյալ երեք կենտրոնները, ինչպես նաև Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնը, դեռ ընթացքի մեջ է։ Ներկայումս հաստատված են նախագծանախահաշվային փաստաթղթերը, շինարարությունը նախատեսվում է սկսել ընթացիկ տարում, որը կախված է պետական համալիր փորձաքննությունից ու շինթույլտվությունից»,-հայտնեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։