Թրյուդոյի հրաժարականը և Կանադայի 51-րդ նահանգ դառնալու սպառնալիքը
copy image url

Թրյուդոյի հրաժարականը և Կանադայի 51-րդ նահանգ դառնալու սպառնալիքը

Արտաքին 3 ամիս առաջ - 16:55 08-01-2025
Մոտ մեկ տասնամյակ առաջ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եկավ քաղաքական ասպարեզ ու ձեռք բերեց մեծ հայտնիություն շնորհիվ իր արտաքին տեսքի ու գրավչության։ Իսկ օրեր առաջ նա հայտարարեց հրաժարական տալու մտադրության մասին։

Ի՞նչը դրդեց Կանադայի վարչապետին հրաժարվել քաղաքական առաջնորդությունից։



Վարչապետի ձեռք բերած ժողովրդականությունը մարեց նույնքան արագ, որքան տարածվել էր։ Մինչև 2021 թվականը Թյուրդոն կորցրել էր մի քանի տեղ խորհրդարանում ներթիմային հակասությունների պատճառով։ Մանդատների կորուստը նրան ստիպեց կազմել փոքրամասնություն Կանադայի ձախակողմյան Նոր դեմոկրատական կուսակցության հետ: Սակայն վերջերս նրա ժողովրդականությունը հասավ աննխադեպ ցածր մակարդակի, որը պայմանավորված է իր դաշնակիցների հեռանալով և «կյանքի որակի թանկացմամբ»։



Դեկտեմբերին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլենդը հանկարծակի հրաժարական տվեց՝ Թրամփի վարչակազմի հետ կապված վեճի հետևանքով: Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ծրագրում է 25 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել կանադական բոլոր ապրանքների վրա, բացի այդ՝ նա Կանադան պատկերացնում է ԱՄՆ-ի կազմում։ Դրանից հետո փոխնախարար Ֆրիլենդի ու Թյուրդոյի միջև վեճը սրվեց կապված լուծումների այլընտրանք առաջարկելու հետ։

Հատկանշական է, որ իր հրաժարականի տեքստում տիկին Ֆրիլենդը նշել է վերջերս հայտարարված հարկային արձակուրդի և միլիոնավոր կանադացիներին CA250 (278 դոլար) չեկեր ուղարկելու ծրագրի մասին, նշելով, որ սա «թանկարժեք քաղաքական հնարք» է, որը Կանադան չի կարող իրեն թույլ տալ։



Այս ամենը հասունացրեցին Թրյուդոյի հրաժարականի որոշումը։ Եվ օրեր առաջ նա նշեց, որ մտադիր է հրաժարական տալ, երբ իր կուսակցությունն ընտրի նոր առաջնորդ: Նա նաև հայտարարեց, որ խորհրդարանի աշխատանքները կդադարեցվեն մինչև մարտի 24-ը։ Սա նշանակում է, որ մինչև մայիս կուսակցության նոր առաջնորդի ընտրությունները քիչ հավանական են։ Ուստի նա կմնա կառավարության ղեկավար որոշ ժամանակ և ստիպված կլինի պայքարել ամերիկյան մաքսատուրքերի սպառնալիքի դեմ, որը Դոնալդ Թրամփի համար ճնշման միջոց է տարածքային հավակնությունները բավարարելու համար։ Սակայն, իրականում, Կանադայի համար իրավիճակը կբարդանա, երբ այս ամիս Թրամփը փաստացի կստանձնի իշխանությունն ու կսկսի իրագործել իր ծրագրերը։ Եվ չի բացառվում, որ Թրյուդոն հրաժարական տա ավելի շուտ, քան սպասվում է։

Կանադան ԱՄՆ 51-րդ նահա՞նգ



«Ոչ ոք չի կարող պատասխանել այն հարցին, թե ինչու ենք մենք տարեկան ավելի քան 100 միլիոն դոլար սուբսիդիա տրամադրում Կանադային: Դա անիմաստ է: Կանադացիներից շատերը ցանկանում են, որ Կանադան դառնա 51-րդ նահանգը: Նրանք հարկերի և ռազմական պաշտպանության ոլորտում հսկայական գումար կխնայեն: Կարծում եմ՝ դա հիանալի գաղափար է: 51-րդ նահանգ»,- դեկտեմբերի վերջին գրել է Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում։ Թրամփը խոստացել է հունվարին իր երդմնակալությունից հետո 25% մաքսատուրք սահմանել Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ։

Հարևան երկիրը 51-րդ նահանգ դարձնելու սկանդալային առաջարկի ֆոնին Թրամփը այսօր՝ հունվարի 8-ին, հրապարակել է ԱՄՆ-ի քարտեզը, որտեղ Կանադան միացված է ԱՄՆ-ին: Թրամփի Truth Social սոցցանցում հրապարակած նկարում Կանադան ներկված է նույն գույնով, ինչ Միացյալ Նահանգները, և երկուսի վրա էլ սևով գրված է «Միացյալ Նահանգներ»: Հարևան Մեքսիկան այլ գույնով է ներկված, նկարում դրա միայն հյուսիսային մասն է։

Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բացառել էր երկրի՝ ԱՄՆ-ին միանալու հնարավորությունը։ Նա ասել էր, որ իր երկիրը երբեք չի դառնա ԱՄՆ-ի մաս։

Միևնույն ժամանակ, Կանադան իրական քաղաքական ճգնաժամի մեջ է, ինչի հետևանքով Թրյուդոն 2 օր առաջ հայտարարեց հրաժարական տալու մտադրության մասին՝ իր ղեկավարած Լիբերալ կուսակցությունում ներկուսակցական ճնշման աճի ֆոնին։ Խորհրդարանական առաջիկա ընտրություններն նախատեսված են հոկտեմբերի վերջին։ Սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ ընտրողները զայրացած են բարձր գներից և մատչելի բնակարանների պակասից և, հավանաբար, կընտրեն պահպանողականներին՝ անկախ այն բանից, թե ով կգլխավորի Լիբերալ կուսակցությունը:


Ամենից շատ դիտված