Դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ փորձելով խորը մտքեր արտահայտել, «էթիկա» թեմայով երկարաշունչ գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում։ Ոմանք սա կարող էին համարել գիտական մտորում, մյուսները՝ կատակերգական շարադրանք, բայց մի բան հաստատ է՝ Փաշինյանը կրկին փորձում է շփոթություն առաջացնել։
Էթիկա տերմինը հին հունարեն է, նշանակում է սովորություն։ Էթիկան զբաղվում է արժեքների խնդիրներով, արժեքաբանությամբ։ Էթիկան հետազոտում է մարդկային բարոյականության հետ կապված խնդիրները, այսինքն բարու և չարի, ճշտի և սխալի, առաքինության և արատի, արդարության և հանցանքի խնդիրները։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ էթիկան անվտանգության բաղադրիչ է: Թեև այս միտքը կարող է լսվող լինել առաջին հայացքից, սակայն այն կիսատ, իրականությունից կտրված մատուցելու պարագայում շատ հարցեր բաց են մնում։ ՔՊ-ական իշխանության դեպքում էթիկան չունի կոնկրետ սահմաններ, այս բառի նշանակության վերաբերյալ չկա միանշանակ մոտեցում թիմի ներսում։
Փաշինյանը նշում է, որ «էթիկայի խախտումը կարող է գեներացնել ներքին և արտաքին ռիսկեր»։ Սա իրականում հիանալի դիտարկում է, եթե միայն այդ գեներացիայի գլխավոր գործարանը հենց իր ղեկավարած թիմը չլիներ։ Օրինակ՝ երբ իշխող կուսակցության ներկայացուցիչները հրապարակավ վիրավորում են քաղաքական ընդդիմախոսներին կամ օգտագործում են դիվանագիտական լեզվից դուրս բառապաշար, արդյունքում գեներացվում են արտաքին ու ներքին ռիսկեր։
Ներկայումս ՔՊ-ի ներսում գործող էթիկական նորմերը, եթե դրանք իսկապես գոյություն ունեն, հիմնականում ծառայում են ինքնախաբեության նպատակին։ Իրենք իրենց խաբում են, թե ամեն ինչ լավ է, ճիշտ է, բարոյական է և այլն։ Կուսակցության որոշ պատգամավորներ միանգամայն ազատորեն կարող են անպատկառություն ցուցաբերել հանրության կամ ընդդիմության հանդեպ։ Այս ամենն ինչպե՞ս է համատեղվում այն պրոֆեսորի տրամաբանության հետ, ում Փաշինյանը մեջբերում է: Անհատական և պետական մակարդակներում էթիկայի հավասարակշռության մասին խոսելիս վարչապետը մոռանում է իր թիմի և համակիրների պահվածքը, որը հաճախ հիշեցնում է մանկապարտեզի ամենածույլ խմբի առօրյան:
Բազմաթիվ օրինակներ կարելի է բերել և ցույց տալ, որ ՔՊ-ի և ՔՊ-ականների էթիկան ներքին ու արտաքին վտանգներ է գեներացնում։ Կարելի է առանձնացնել ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ վերաբերմունքը, երբ վերջինիս հեռախոսում առկա անձնական տվ յալները դարձել էին հանրային քննարկման առարկա։ Հանրության մի մասը բացասաբար արձագանքեց այս դրվագին, նշելով, որ Հովիկ Աղազարյանի անձնական տվյալները, կապերը հանրայնացնելը նաև էթիկայի նորմերի խախտում է։
Ազգային անվտանգության առումով՝ Փաշինյանի «էթիկական մոդելը», պետական մակարդակով էթիկայի ընկալումները կառուցված են կեղծիքի և պոպուլիզմի վրա։ Արտաքին աշխարհում դա ընկալվում է որպես անվստահություն դեպի պետությունը։ Իսկ ներսում մարդիկ չեն տեսնում իր առաջնորդներից իրական էթիկական վարքագիծ, աստիճանաբար հեռանում են պետությունից։ Արդյունքում առաջանում է քաղաքացիական հասարակության քայքայման ռիսկ, քանի որ մարդկանց միավորող արժեքները չեն պահպանվում, երբեմն նույնիսկ ոտնահարվում են։
Ներքին խաղաղության առումով ևս իրավիճակը վտանգավոր է։ ՔՊ-ի համակիրները, մերձավորները պարբերաբար հայտնվում են խայտառակ սկանդալների կենտրոնում, քանի որ վատ, սխալ, բարոյականության սահմաններն արհամարհող դասեր են ստանում բարձր պաշտոնյաներից, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանից։ Դրանից զատ՝ եթե իշխանությունը խախտում է խոստումները, չի պահպանում ժողովրդավարական էթիկան, ապա հասարակության ներսում բողոքի ալիքներ են առաջանում, որոնք կարող են դառնալ ապակայունացման գործոն։
Լավատեսները կարծում են, թե եթե Փաշինյանը սկսել է խոսել էթիկայի մասին, ապա շուտով նաև կխոստովանի իր մեծ սխալները, գաղտնի պայմանավորվածությունները: Իսկ եթե այդպիսի անցումներ չանի, ապա վարչապետի գրառումը կհիշվի որպես աշակերտի շարադրություն, որը գրում է ու մոռանում հաջորդ պահին։
Թաթուլ Մկրտչյան