Նիկոլ Փաշինյանի անակնկալ վարակվելը քովիդով շատերի մոտ հարցեր է առաջացրել։ Հանրության մի մասը կարծում է, թե Փաշինյանը հիվանդ է ձևանում, որ չգնա ՌԴ։ Որոշ մարդիկ կասկածում են, թե Փաշինյանը ինչ-որ բան է խոստացել Պուտինին ու չի կատարել, դրա համար չի գնում։ Քիչ չեն նաև լավատեսները, որոնք կարծում են, թե Փաշինյանը կեղծում է, քանի որ Արևմուտքին խոստացել է վերանայել հայ-ռուսական օրակարգը, բայց դեռ չի համարձակվում կոնկրետ քայլեր անել։ Եվ այս երկու իրարամերժ խոստումների արանքում հայտնված Փաշինյանը ստիպված հիվանդ է ձևանում, որ և՛ Մոսկվային չնեղացնի, և՛ Արևմուտքի աչքից չընկնի։
Փաշինյանը քովիդով հիվանդ լինելու մասին տեղեկացրեց դեկտեմբերի 25-ի առավոտյան։ «Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել: Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի»,- գրել էր Փաշինյանը,
Մինչ ժողովուրդն ու արտաքին գործընկերները փորձում էին կանխատեսումներ անել այս թեմայով, նա դեկտեմբերի 26-ին գրառում կատարեց, նշելով, որ կրկին թեստ է հանձնել և սպասում է պատասխանին։
Հնարավոր է, որ ամբողջ աշխարհը չհավատա Փաշինյանի խոսքին, թե հիվանդ է, սակայն բացառվում է, որ նրա ընտանիքի անդամները, առաջին հերթին՝ կինը, կասկածեն։ Այս առումով՝ դիտակենք, թե ինչպե՞ս պետք է վարվեր Փաշինյանի կինը, երբ ամուսինը վարակվել է կորոնավիրուսով։
Նկատենք, որ Աննա Հակոբյանը հանրային ակտիվ գործունեություն է ծավալում, հանդիպումներ ունենում, այցելություններ, քաննարկումներ կազմակերպում։ Մասնավորապես՝ դեկտեմբերի 23-ին, «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակներում այցելել է Ջերմուկ և Վայոց Ձորի տարբեր համայնքների ներկայացուցուցիչների հետ հանդիպում ունեցել։ Իսկ դեկտեմբերի 26-ին այցելել է «Աբովյան» ՔԿՀ, շփվել ՔԿՀ աշխատակազմի, կալանավորների, Արդարադատության նախարարի, ՔԿՀ այցելած երգիչների, երաժիշտների հետ և այլն։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսը խիստ վարակիչ հիվանդություն է։ ՀՀ իշխանությունները 2020-ին խիստ միջոցներ էին կիրառում, պարտադրում վարակակիրներին մեկուսանալ, դիմակ, ձեռնոց կրել, հեռավորություն պահպանել։ 2020-2021 թվականներին ՀՀ-ում մի քանի հարյուր հազար մարդ է վարակվել քովիդով, մահացել է մոտ 9 հազար հոգի։ Բազմաթիվ մարդիկ շատ ծանր են տարել հիվանդությունը։ Մարդկային այս կորուստների և ողբերգական պատմությունների մասին հիշողությունը դեռ թարմ է։
Եթե Աննա Հակոբյանը հավատար, որ ամուսինը կովիդով վարակվել է, ապա պետք է կրեր դիմակ, ձեռնոց, հեռավորություն պահպաներ մարդկանց հետ շփվելու ժամանակ, քանի որ մեծ է հավանականությունը, որ նա նույնպես վարակվել է կորոնավիրուսով։ Նկատենք նաև, որ նա մեծ ժողովրդականություն ունի։ Եվ հանրությանն անկեղծորեն հետաքրքրում է, թե նա առո՞ղջ է, չի՞ վարակվել։ Հանրությունը, հատկապես ՔՊ համակիրները, ենթադրաբար՝ ակնկալում են, որ Աննա Հակոբյանը պիտի տեղեկացնի իր առողջական վիճակի վերաբերյալ։ Դա նաև սոցիալական պատասխանատվության առումով է կարևոր։
Եթե Աննա Հակոբյանը այս պարզ բաները չի կարևորում, նշանակում է՝ նա անտեսում է վարակի հանրային վտանգավորությունը։ Այս ենթադրությունը վտանգավոր է, կասկած է առաջանում, թե նա միտումնավոր կամ անգիտակցաբար կարող է վնասել հանրությանը։
Պարզ ասած՝ գործ ունենք անբացատրելի իրավիճակի հետ։ Ակամա կասկած է առաջանում, որ Աննա Հակոբյանը նույնպես չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանն իրոք վարակվել է։ Սա արդեն հանրային լուրջ մտահոգության առարկա է, քանի որ բարձրաստիճան ամուսինների միջև անվստահությունը կարող է անցանկալի հետևանքներ ունենալ ոչ միայն ընտանիքի ամրության, այլև ազգային անվտանգության առումով։
Թաթուլ Մկրտչյան