Փրայմերիզը Նիկոլի ժողովրդավարության իմիտացիան է. Գյումրիի ավագանու անդամ
copy image url

Փրայմերիզը Նիկոլի ժողովրդավարության իմիտացիան է. Գյումրիի ավագանու անդամ

Ներքին 3 ամիս առաջ - 22:15 21-12-2024
Օրերս կառավարության նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գյումրիում իրադարձություններն ինչ-որ առումով ճգնաժամային էին և ցավալի, բայց իրենց հաջողվել է ժողովրդավարության ևս մի կարևոր ինստիտուտ ներդնել ՀՀ-ում։ Փաշինյանը նկատի ունի փրայմերիզը, որն այդպես էլ անհասկանալի տերմին էր գյումրեցիների համար։

Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանի կարծիքով` փրայմերիզը Նիկոլի ժողովրդավարության իմիտացիան է։

«Փրայմերիզը ես ի սկզբանե բնութագրում եմ որպես շոու, որովհետև այն ընդամենը հասարակության վերաբերմունքը շեղելու և սեփական թեկնածուին առաջադրելու միջոց էր։ Ես ձեզ ասեմ հետևյալը. Գյումրիում հաշվառված է 109.453 ընտրող, նախորդ ընտրություններին, որի ժամանակ մասնակցության ամենացածր ցուցանիշն է եղել, մասնակցել է շուրջ 26.000 ընտրող։ Այսինքն` եթե մենք հաշվի ենք առնում փրայմերիզի արդյունքները, ապա հասկանալի է, որ բնակչության մեծամասնությունը չի մասնակցել փրայմերիզին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Նարեկ Միրզոյանը։

Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով` բնակչության մեծամասնությունը տեղյակ չի եղել փրայմերիզից, կամ ընդհանրապես ցանկություն չի ունեցել իրենց կարծիքն արտահայտելու Նիկոլ Փաշինյանի ընտրած թեկնածուների մասին։

«Փրայմերիզը իրենց ներքին օրակարգն է, որով փորձեցին ժողովրդավարության իմիտացիա ստեղծել, բայց այստեղ ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող։ Սա իշխանությունը զավթելու հերթական փորձ էր, որը այս փուլում առնվազն պաշտոնակատարի մասով հաջողվեց։ Ինչ վերաբերվում է հիմնական ընտրություններին, ապա ՔՊ-ն վարկանիշ չունի։

Ինչ վերաբերվում է ժամանակավոր պաշտոնակատարին, ապա եթե առաջադրվել է ՔՊ-ի կողմից, ուրեմն կիսում է ՔՊ-ի գաղափարները»,- շարունակում է Միրզոյանը։

Նարեկ Միրզոյանը մատնանշում է բոլոր այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ, երբ Գյումրիում ընտրվի ոչ ՔՊ-ական քաղաքապետ։

«Իշխանությունները «Բալասանյան դաշինքի» կառավարման ժամանակահատվածում ստեղծեց խնդիրներ և արհեստական ճգնաժամ, որպեսզի հասնեն իշխանազավթման։ Ես շարունակում եմ պնդել, որ իշխանությունը ժողովրդավարության մասին իմիտացիա է ստեղծում»,- ընդգծեց Նարեկ Միրզոյանը։

Գյումրիի ավագանու անդամի խոսքով` ՔՊ-ն Գյումրիում ինչ էլ անի 15 տոկոսից ավել ձայն չունի, այսինքն` Գյումրիում է ավարտվելու ՔՊ-ի ուղին։

Հիշեցնենք, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կայացել են նախնական ընտրություններ, որոնց արդյունքում Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սարիկ Մինասյանը։