Ռուսատանի Դաշնությունից Երևան ժամանած և «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բուժքույրն այս պահին ազատության մեջ է, սակայն ամենաքիչը 2 ամիս չի կարող վերադառանալ ՌԴ՝ ընտանիքի մոտ։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։
«Այդ կինը հիմա ազատության մեջ է, եկել է՝ իր պապիկի հուղարկավորությանը մասնակցի, բայց մոտակա 2 ամիսը զրկված է լինելու ՀՀ տարածքից դուրս գալու հնարավորությունից։ Արցախցի կինն ունի 2 անչափահաս երեխա, որոնք այս պահին մնացել են ՌԴ-ում։
Մարդիկ անգամ գրառման տակ մեկնաբանություն են գրում, որ հնարավոր է՝ այդ մարդը պետական դավաճանության մեջ է մեղադրվում կամ նման մի բան։ Այսինքն՝ անգամ քաղաքացիների մոտ զարմանք է առաջանում, թե ինչպես կարող է ընդամենը հավաքին մասնակցելու պատճառով մարդուն ազատությունից զրկեն, ընդ որում՝ «Զվարթնոց» օդանավակայանում։
Այնքան է աբսուրդ, որ ոչ մի տրամաբանություն չկա։ Մարդն ընդամենը հավաքին մասնակցել է, և այդ հավաքին մասնակցելու պատճառով իր ազատության իրավունքը սահմանափակվել է։ Առնվազն 4 ժամով իր ազատության իրավունքը սահմանափակվել է, որից հետո էլ, հաշվի առնելով այն, որ դատարանը կալանավորման միջնորդությունը մերժել է, քննիչը բացակայելու արգելք խափանման միջոց է կիրառել»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ իշխանությունների նման քայլեը հանգեցնելու են նրան, որ անգամ արցախցիները խուսափելու են ՌԴ-ից Հայաստան ներկայանալուց, որովհետև ով գիտի, թե հիմա ով ինչ հետապնդման տակ է գտնվում։ Օրինակ՝ այս կնոջ համար դա նորություն էր, դրա վերաբերյալ որևէ տվյալ չուներ, եթե իմանար, որ հետախուզման մեջ է գտնվում, վաղուց այս հարցը լուծած կլիներ։ Հետաքրքիրն այն է, որ այս մարդը որևէ կապ չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ։
«Հետախուզում պետք է հայտարարվեր այն դեպքում, երբ այդ մարդու գտնվելու վերաբերյալ որևէ տվյալ չունեն, բայց վարույթն իրականացնող մարմինը ընդհանրապես որևէ միջոց չի ձեռնարկել իրեն բացահայտելու կամ իր գտնվելու վայրը իմանալու համար։ Մարդը հիվանդանոցում աշխատել է որպես բուժքույր, կարելի է ասել՝ արցախցիներից ամեն մեկն իրեն ճանաչում է, հետևաբար իր անձը պարզելը․ եթե կարողացել են լուսանկարով իմանալ, թե ով է, ապա շատ հեշտությամբ կարող էին իմանալ նաև այդ անձն ինչ հեռախոսահամար է օգտագործում և այդ անձի հետ կապ հաստատեին»,- ասաց Երիցյանը։
Անդրադառնալով արցախցի կնոջ՝ արցախյան պատերազմում զոհվածի դուսր լինելու հանգամանքին, փաստաբանն ասաց, որ իշխանությունների համար զոհվածի հարազատ լինելու կարգավիճակը որևէ արժեք չունի։
«Այդ հանգամանքը իշխանությունների մոտ որևէ կաշկանդվածություն չի առաջացնում, ես չեմ զարմանում դրանից, որովհետև իրենց համար նշանակություն չունի զոհվածի դուստր, որդի, ամուսին։ Ես չեմ զարմանա, որ մոտ օրերս արցախցիների նկատմամբ հետախուզում հայտարարվի պատերազմին մասնակցելու համար, ասեն՝ էս ի՞նչ եք արել դուք, պատերազմին մասնակցել եք, այդ ձևով Հայաստանի շահերին եք վնասել»,- եզրափակեց Ռոման Երիցյանը։
Ավելի վաղ հատնել էինք, որ 2023 թվականին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին մասնակցած կինը ժամանել է ՀՀ և օդանավականում ձերբակալվել։ Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ։
«3 ժամից ավելի վերջինս գտնվել է անազատության մեջ, իսկ այժմ էլ նրան տեղափոխում են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն։ Մեղադրյալը Հայաստան էր ժամանել պապիկի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով»,- հայտնել էր Ռոման Երիցյանը։
Ավելի ուշ փաստաբանը նոր մանրամասներ էր հայտնել կատարվածի վերաբերյալ․
«Հայտարարել էի, որ 2023 թվականի սեպտեմբերին ՀՀ Կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին մասնակցելու պատճառով այսօր Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է Մոսկվայից Երևան ժամանած արցախցին։
Այժմ պարզաբանում եմ, որ նշածս փաստերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված վարույթի շրջանակում արցախացի կնոջն մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար, որը, բնականաբար, վերջինս չի ընդունել։
Մեղադրյալին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է՝ պայմանավորված հիմքերի բացակայությամբ, իսկ այժմ էլ նրա նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը։
Մեղադրյալը զոհված զինծառայողի դուստր է, ով 2023 թվականի հոկտեմբերից ընտանիքի, այդ թվում՝ անչափահաս երեխաների հետ բնակվում և աշխատում է ՌԴ-ում։ Այսօր վերջինս Հայաստան էր ժամանել պապիկի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Առաջադրված մեղադրանքի և կիրառված խափանման միջոցի պատճառով առնվազն մինչև գործը դատարան հասնելը վերջինս ստիպված է լինելու չբացակայել Հայաստանի Հանրապետությունից»։
Նարեկ Խաչատրյան