Իմ տղեն չի փախել․ ՔՊ-ական համայնքապետը՝ որդուն բանակից ազատելու և օրենքի այլ խախտումների մասին
copy image url

Իմ տղեն չի փախել․ ՔՊ-ական համայնքապետը՝ որդուն բանակից ազատելու և օրենքի այլ խախտումների մասին

Ներքին 4 ամիս առաջ - 17:45 16-12-2024
Oragir.News-ի Լոռու մարզի աղբյուրները հայտնում են, որ Գյուլագարակ խոշորացված համայնքի ՔՊ-ական ղեկավար Խաչիկ Վարդանյանի հովանավորչությամբ համայնքապետարանում տարբեր գործարքներ են տեղի ուենցել, որոնք գնումների մասին օրենքի խախտումներով են ընթացել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հենց Գյուլագարակի համայնքապետարանի կայքէջում հրապարակված են տեղեկատվություններ գնումների մասին օրենքի խախտումներով տեղի ունեցած գործարքների մասին։

«Տեղեկանք Գյուլագարակի համայնքապետարանի կողմից 2021-2023 թվականներին կազմակերպված գնումների գործընթացների վերաբերյալ՝

1․ Բացակայում են պատասխանատու ստորաբաժանում, գնումների համակարգող և գնահատող հանձնաժողով սահմանելու մասին իրավական ակտերը /համայնքի ղեկավարի կարգադրություն կամ որոշում/, որով չեն պահպանվել ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի /այսուհետ՝ Կարգ/ 3-րդ մասի 7- րդ կետի 1-ին ենթակետով և «Գնումների մասին» ՀՀ օրենքի /այսուհետ՝ Օրենք/ 16-րդ և 26-րդ հոդվածներով սահմանված պահանջները:

2. Գնման ընթացակարգի արձանագրություններ չեն կազմվում, որով չեն պահպանվել Օրենքի 9- րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները:

3. Գնման հայտեր չեն կազմվում և հաստատվում, որով չեն պահպանվել կարգի 3-րդ մասի 11-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջները:

4. Հանձնման-ընդունման արձանագրությունները չեն ստորագրվում պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից, որով չեն պահպանվել կարգի 11-րդ մասի 3-րդ կետով սահմանված պահանջները:

5. Պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու փաստը արձանագրող փաստաթուղթ և պայմանագրի կատարման վերաբերյալ եզրակացություն ընդհանրապես չեն կազմվում, որով չեն պահպանվել կարգի 109-րդ մասով սահմանված պահանջները:

6. Գնումների պլան չի կազմվում և հրապարակվում, որով չեն պահպանվել կարգի 4-րդ մասի 16- րդ և 17-րդ կետերով սահմանված պահանջները:

7. Կարգի 23-րդ մասով և Օրենքի 23-րդ ու 25-րդ հոդվածներով սահմանված դրույթների խախտմամբ մեկ անձից գնման ձևով կնքվել են պայմանագրեր, մասնավորապես՝ 2021 թվականին՝ - «Գաբոարտ» ՍՊԸ-ի հետ կնքվել են շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման թվով 3 պայմանագրեր, որոնց ընդհանուր գինը կազմում է 1․730․000 դրամ: 2022 թվականին՝ «Աեռմեն» ՍՊԸ-ի հետ կնքվել է հակահրդեհային միջոցների ձեռքբերման պայմանագիր, որի գինը կազմում է 1․570․000 դրամ: - «Ինեքս» ՍՊԸ-ի հետ կնքվել են չափագրման և հատակագծերի տրամադրման ծառայությունների մատուցման թվով 3 պայմանագրեր, որոնց ընդհանուր գինը կազմում է 1․395․000 դրամ: 2023 թվականին՝ «Թումանյան» փաստաբանական ընկերության հետ կնքվել է փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր, որի գինը կազմում 4․660․000 դրամ»,- նշեց մեր աղբյուրը։

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ ՔՊ-ական համայնքապետ Խաչիկ Վարդանյանը տղային՝ Ռոբերտ Վարդանյանին, փախցրել է Ռուսաստանի Դաշնություն զինծառայությունից խուսափելու համար։

«Նույնիսկ ողջ ընտանիքով են պատրաստվել հեռանալ Հայաստանից՝ տղայի զինծառայությունից խուսափելու համար, անգամ ինքը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է գրել, որի ելքը մինչ այժմ հայտնի չէ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Oragir.News-ը կապ հաստատեց Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանի հետ, վերջինս հերքեց, թե իրենք որևէ օրենք են խախտել.

«Անօրինական ոչ մի բան չի կատարվել, չի կատարվում, մնացածը կարող է բաժնի աշխատողը ասել, բայց ոչ մի բանն էլ անօրինակն չի կատարվել ու չի կատարվում»։

Դիտարկմանը, որ բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, որ Դուք համայնքային հողերը շատ էժան գնով վաճառում եք ձեր հարազատներին, որոնք հողի կարգավիճակը փոխում և շատ ավելի մեծ արժեքով վաճառում են։ Խոսքը Ձեր քրոջ որդու՝ Վահե Պապոյանի մասին է։ Մեր աղբյուրները հայտնել էին, որ 2 տարի առաջ 2000 քառակուսի մետր հողը, որը գտնվում է Դենդրոպարկի մոտ, գնել է ընդամենը 180․000 դրամով, քանի որ որպես խոտհարք է եղել։ Այնուհետև «Լիստ»-ում այդ 2000 քմ հողից մի կտորը՝ 400 քմ-ն, այսօր վաճառվում է 8 միլիոն դրամով։

Խաչիկ Վարդանյանը նշված մեղադրանքներին հետևյալ կերպ արձագանքեց.

«Չկա նման բան։ Ես մի բան ասեմ, քրոջս որդու հողամասը եղել է անտառի տարածքում, որը վարձակալել է 2018-ին, այդ ժամանակ հո ես համայնքապետ չեմ եղել։ Դրանից հետո դոմիկները կառուցել է, դրանից հետո նախկին համայնքապետը դրել է, որ քանդի, դատարաններ է ընկել։ Վարդանյան Խաչիկը դրա հետ ի՞նչ կապ ունի։ Բոլոր փաստաթղթերը կան, Դատախազությունը 3 անգամ քննել է գործը։ Կարող եք թղթերն էլ նայեք, որ 2017-2018 թվերին է եղել, անտառի տարածքն է եղել, քարտեզների ճշտում չի եղել, հետո ճշտել են՝ ընկել է համայնք։ Վարդանյան Խաչիկն այդ ժամանակ՝ 2018 թվին, որտե՞ղ է եղել։

Իմ պաշտոնավարման ընթացքում ոչ մի անօրինական բան չի եղել ու չի կարա լինի»։

Ճշտող հարցին՝ օրինական ճանապարհով Ձեր հարազատները հող ձեռք բերե՞լ են այս ընթացքում, Վարդանյանը պատասխանեց.

«Ես հարազատ չունեմ, որ մի հատ հարազատի ասեմ՝ հող վերցնի։ Մեր ազգը շատ փոքր է ու ես հարազատություն չունեմ։ Իսկ մասնակիցները՝ ով ուզում է՝ գալիս, մասնակցում է, արգելք չկա։ Թող մեկը գա ու ասի, որ ես արգելք եմ հանդիսացել, չկա նման բան»։

Ամփոփելով զրույցը Գյուլագարակի համայնքապետին հարցրեցինք՝ ճի՞շտ է տեղեկությունը, որ դուք դիմել եք ՌԴ քաղաքացիություն ստանալու համար, որպեսզի Ձեր որդին չծառայի բանակում, և հիմա նա գտնվում է Ռուսաստանում։ Ավելին՝ դա քողարկելու համար բաժանվել եք Ձեր կնոջից։ ՔՊ-ական համայնքապետը պատասխանեց, որ ինքն ամուսնալուծվել է դեռ 2007 թվականին և ընտանիքը՝ կինը, որդին, իր հետ վաղուց չեն ապրում։

«Չկա նման բան։ Իմ երեխեն, որ գնացել է, Հայաստանից չի փախել։ Ինքը, որ ստեղից թղթեր է ներկայացրել, ինքը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությանը։ Իմ տղեն չի փախել ու դա եղել է 2017 թվականին։ 2017 թվականից գնացել են իրենք, ես իմ ընտանիքից բաժան եմ ու մենակ եմ ապրում։ Ես հիմա էլ մենակ եմ ապրում, ես բաժանված եմ շատ շուտվանից՝ 2007 թվից։ Այն ժամանակ ո՛չ համայնքապետ եմ եղել, ո՛չ էլ պաշտոն եմ զբաղեցրել։ Այդ ինչը, որ ասում եմ, փաստաթղթերով եմ ասում։ Ֆիկտիվ բաժանությունը ո՞րն է, որ ես մենակ եմ ապրում։ Իրենք չեն գալիս Հայաստան, ես չեմ գնում»։

Oragir.News-ը ավելի վաղ հատնել https://oragir.news/hy/material/2024/12/01/137694 էր, որ Գյուլագարակի ՔՊ-ական համայնքապետը 40 մլն դրամանոց հողը 180.000 դրամով վաճառել է քրոջ որդուն։

Նարեկ Խաչատրյան