Ամանորյա քաղաքային տոնակատարությունների մասին քիչ բան է հայտնի։ Սակայն դեկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ ԱԺ-ն ամանորյա միջոցառում է անցկացնելու դեկտեմբերի 25-ին, մի քանի ժամով բացվելու են Ազգային ժողովի այգու դռները: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է ԱԺ ֆեյսբուքի էջում: «Հրաշքի սպասումով՝ կտեսնվե՛նք ԱԺ այգում»,- ասված է գրառման մեջ։
Ի՞նչ հրաշք են սպասում քաղաքացիները և ի՞նչ իշխանությունները։ Արդյո՞ք նրանք ընդհանուր ակնկալիքներն ունեն։
Հայաստանում շատերը ոչ միայն չեն հավատում հրաշքին, այլև ծիծաղում են հավատացողի վրա։ Հրաշքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքը ներշնչվել է խորհրդային բռնազավթման տարիներին, բազմաթիվ գրվածքներում ցույց էր տրվում, թե հրաշք չկա, հրաշքին հավատացող չկա։ Մեր հանրության մեծ մասը չի էլ պատկերացնում, թե մտքի ինչ թռիչք է ապահովում հրաշքը։ Եվ այսօր քչերն են ձգտում հրաշք գործել։
Հետևաբար՝ քաղաքացիների շատ քիչ մասն իրական հրաշքի ակնկալիք ունի իշխանություններից։ Ինչու՞ ոչ։ Միգուցե Ազգային ժողովի այգում բացված դռներից դուրս գան այնպիսի որոշումներ, որոնք կփոխեն նրանց առօրյան: Օրինակ՝ հրաշք կլինի, եթե քաղաքացիները տեսնեն այգում չորացած խոստումների ծառը, որը վերջապես պտուղ կտա։
Ենթադրելի է, որ այգի կգան Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքով գրողները, այն հույսով, որ այստեղ կստանան իրենց հարցերի հրաշալի լուծումները։ Այս մթնոլորտում տոնական զարմանք կառաջացնի, եթե այգու անկյուններից մեկում ԱԺ բացօթյա նիստ գումարվի, ու ժողովրդին հուզող հարցերի վերաբերյալ տեղում համապատասխան օրենքներ ընդունվեն։ Օրինակ՝ ժողովրդի մի մասը տևական ժամանակ սպասում է, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս կգա։ Եվրաքվեի ջատագովներն ակնկալում են, որ ՀՀ-ն ԵՄ-ին անդմակցելու հայտ կներկայացնի և այլն։
Ժողովրդի մի ստվար հատված ՔՊ-ից դրական ակնկալիք չունի։ Նրանց աչքում հրաշք կհամարվի, եթե դեկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ՔՊ-ն մանդատները դնի, գնա տուն, ժողովրդին ազատի։ Ժողովրդի մի հատվածի համար սա կլինի իսկական ամանորյա հրաշք։
Իրականում՝ իշխանությունների համար այս միջոցառումը փիար ակցիա է, իբր՝ ժողովրդավար է։ Ազգային ժողովի դռները ժողովրդի առաջ բացելն ինքնին հրաշք է, քանի որ ՔՊ-ական իշխանությունները վախենում են ժողովրդից, կարծում են, թե ժողովուրդն իրենց չի սիրում։
Իշխանությունների հրաշքի ընկալումը, հավանաբար, կապվում է քաղաքացիների վստահության վերականգնման կամ առնվազն դրական տրամադրվածության ձևավորման հետ: Հրաշք կլինի, եթե այգում անց կացվող միջոցառումն ընթանա՝ առանց իշխանությունների հասցեին համարժեք վանկարկումների։
Պարզ ասած՝ քաղաքացիների և իշխանությունների պատկերացումները հրաշքի մասին տարբեր են։ Քաղաքացիները կուզենային տեսնել հստակ փոփոխություններ կյանքի որակի բարելավման ուղղությամբ, մինչդեռ ՔՊ-ի երազանքների շրջանակը ներառում է երկու բան՝ իշխանություն և փող։ Այս առումով՝ ամենամեծ հրաշքը կլինի այն, որ քաղաքականություն որոշողները վերջապես քաղաքականությամբ զբաղվեն ու հասկանան, որ իրենք կաշկանդված չեն ու կարող են հրաշք գործել։
Թաթուլ Մկրտչյան