Ուրիշների արածը վերագրում են իրենց. ավագանու նախկին անդամը՝ Ավինյանի գրառման մասին
copy image url

Ուրիշների արածը վերագրում են իրենց. ավագանու նախկին անդամը՝ Ավինյանի գրառման մասին

Ներքին 4 ամիս առաջ - 18:09 11-12-2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆուտբոլի միջազգային օրվա առիթով՝ նախօրեին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այս տարի բոլոր վարչական շրջաններում կառուցել և վերանորոգել են շուրջ 60 ֆուտբոլի դաշտեր։

«Այս դաշտերը, իհարկե, առաջին հերթին ստեղծվել են մեր փոքրիկների, երիտասարդների և մեծերի համար՝ որպեսզի յուրաքանչյուր ոք՝ անկախ տարիքից, ունենա հնարավորություն խաղալու, մարզվելու և առողջ ապրելակերպը դարձնել մեր կյանքում ավելի տարածված։

Հույս ունեմ, որ այս դաշտերն ու նոր հնարավորությունները կդառնան այն վայրերը, որտեղ կհանդիպեն նոր ընկերներ, կձևավորվի մարզական մթնոլորտ, իսկ գուցե մի օր էլ այստեղ կծնվեն ապագա հայտնի ֆուտբոլիստներ»,- գրել է Ավինյանը։

Երևանի ավագանու հեռացված անդամ Գրիգոր Երիցյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունների հնչեցրած որևէ թիվ արժանահավատ չէ, քանի որ բոլոր հայտարարությունները հիմնված են կեղծիքի վրա։

«Այդ թիվը արժանահավատ չէ, կարող է՝ ինչ-որ թվաքանակով վերանորոգումներ արել են, բայց համացանցում տարածվեց իրենց վերանորոգած պուրակում առկա վիճակը, որտեղ նույն քաղաքապետը գնաց և հանդիսավոր ձևով բացում արեց։ Այսօր այդ այգին խոզանոցի է վերածված, ոչինչ չի աշխատում, լույսերն են փոխում, հատակը, ջուր է կաթում։ Ամենաէժան միջոցներով են դա անում, բնականաբար՝ արդեն ծախսված, դուրս գրված գումարները ուր են գնում՝ շատ խիստ կասկածելի է, որովհետև ամենաանորակ նյութերով են այդ նորոգումները, բարեկարգումները անում։

Նույնը Փակ շուկայի անցումն է։ Տեսեք, թե հանդիսավոր բացելուց հետո ինչ վիճակում է, տեղադրված մի քանի թեքահարթակները աշխատո՞ւմ են, թե՞ ոչ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ որակի նկատմամբ վերահսկողություն չկա, փողերի լվացում է տեղի ունենում, սա արդեն ակնհայտ է»,- ասաց Երիցյանը։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ գործող իշխանությունը «նախկինների» արած բոլոր դրական գործերը իրենց է վերագրում, Գրիգոր Երիցյանն ասաց․

«Իրենք իրենց են վերագրում միայն այն, ինչը դրական է, իսկ այն, ինչը խնդիր է եղել, վերագրում են մյուս քաղաքապետներին։ Դա հայտնի մանիպուլյացիա է։ Օրինակ՝ տրանսպորտային բարեփոխումն ամբողջությամբ վերագրել են իրենց, նույնիսկ տեսահոլովակից մոնտաժել և Հայկ Մարությանին հանել էին, բայց, եթե ինչ-որ խնդիրներ կան, դա իրենց չեն վերագրում, իրենց հետ կապ չի ունեցել, դա արդեն Մարությանի մեղավորությունն էր։

Մինչդեռ, եթե օբյեկտիվ նայենք, իրենք մայրաքաղաքում իշխանության են 2018 թվականից։ Որոշ շրջան Հայկ Մարությանն էր, որոշ շրջան Հրաչյա Սարգսյանն էր, հիմա իրենք են, բայց օբյեկտիվ նայող քաղաքացու համար դա իրենց քաղաքական ուժն է եղել իր բոլոր երանգներով ու դրսևորումներով։ Այնպես որ պատասխանատվությունն իրենք պետք է ստանձնեն բոլոր խնդիրների համար նույնպես, բայց պատասխանատվություն ստանձնելը գիտեք՝ իրենց մոտ ամենաուժեղ կողմը չէ։

Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում ևս բավականին շատ աշխատանքներ են րականացվել, նույն ամենամեծ այգին բացվեց Երևանի՝ քաղաքապետարանի դիմաց, Մերգելյան այգին վերադարձվեց համայնքին, այդ թվում՝ վերանորոգման աշխատանքներ բակային տարածքներում, Կենտրոն համայանքում՝ Կասկադի մոտ, գեղեցիկ ֆուտբոլի հատվածը բացվեց, «Սքեյթ պարկը», որը հենց Մարությանի բանակցությունների արդյունքում բացվեց, շների համար նախատեսված այգիները, որոնք էլի իր նախաձեռնությամբ առաջին անգամ ստեղծվեցին։
Բայց իմ տպավորությամբ՝ Հայկ Մարությանի ղեկավարման տարիներին շեշտը դրված չէր բարեկարգման և կոսմետիկ աշխատանքների վրա, որովհետև ստանձնելով իշխանությունը, շատ լրջագույն 2 խնդիր կար՝ աղբահանության սարսափելի վիճակը և տրանսպորտային ցանցը։ Այդ շրջանում հիմնականում բոլոր միջոցներն ուղղվում էին այս խնդիրների լուծմանը։ Վերելակների ծրագիրն էր նաև առաջնահերթություն, իր ժամանակ այնքան վերելակ փոխվեց, որ իրենից առաջ ու հետո երբեք չի փոխվել։ Սկզբում առաջին 500-ը փոխվեց, հետո հաջորդ 500-ը, հիմա է, որ տրվա մեջ 10-15 հատով են փոխում․․․»։

Գրիգոր Երիցյանի խոսքով՝ դեռ 2023 թվականին՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, այդ թվում՝ քարոզարշավի ընթացքում, քաղաքային իշխանությունը սկսել է անորակ վերանորոգումներ իրականացնել, կարևորը՝ դրանք միանգամից տեսանելի լինեին քաղաքացիների համար։

«Այսինքն՝ ոչ թե համակարգային խնդիրներ էին լուծում, այլ ուղղակի տեսանելի լինեին ժողովրդին։ Կհիշեք, քաղաքը, ոնց որ՝ Երկրորդ համաշխարհայինից հետո լիներ, ամբողջը վերանորոգումների մեջ էր Կառավարության հատկացրած մոտ 10 միլիարդ դրամի շրջանակներում, բայց տեսանք, որ այդ վերանորոգումների որակն այնքան ցածր էր, որ հիմա նորից վերանորոգման, բարեկարգման կարիք կա։

Քանի որ նախընտրական շրջանը հիմա մեկնարկել է ՔՊ-ի համար, իրենք պետք է ցույց տան աշատանքներ, որոնք մարդու կյանքին շատ մոտ են՝ բակի վերանորոգում, դպրոցի խաղահրապարակ, այգի։ Միանգամից անեն, հետո գնան, բացեն, նկարվեն, հետո թե ինչ վիճակում են այդ բակերն ու խաղահրապարակները, իրենց չի հետաքրքրում, կարևորը՝ բացեցին, նկարվեցին։

Իրենք մշտապես էլ ուրիշների աշխատանքը վերագրում են իրենց, իսկ խնդիրներն էլ վերագրում են ուրիշներին։

Իրենց լսես՝ իրենք են ստեղծել աղբահանության հիմնարկը, կանաչապատման հիմնարկը, տրանսպորտային բարեփոխումն իրենք են իրականացրել․․․»,- նշեց Գրիգոր Երցյանը։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրել է տրամադրել այս տարի կառուցված և վերանորոգված շուրջ 60 ֆուտբոլի դաշտերի տվյալները։

Ձեզ գուցե հետաքրքրի