Արտոնյա՞լ են, թե՞ օրենքի վրա թքած ունեն․ Աննա Հակոբյանի ազգականները հայտարարագիր չեն ներկայացնում
copy image url

Արտոնյա՞լ են, թե՞ օրենքի վրա թքած ունեն․ Աննա Հակոբյանի ազգականները հայտարարագիր չեն ներկայացնում

Ներքին 4 ամիս առաջ - 15:15 10-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք՝ 2023 թվականին, Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ինստիտուտը, թեպետ նույն Փաշինյանը ժամանակին քաղաքացիների հարկային բեռը մեծացնելու համար խստորեն քննադատում էր նախկին իշխանություններին, պնդում՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»։

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդրվել է 3 փուլով․

2024 թվականին՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, նոտարները, 1 միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած քաղաքացիները, 20 մլն դրամ կամ ավելի փոխառություն ստացած քաղաքացիները, 2023-ին եկամտային հարկի վերադարձման համակարգից օգտված անձինք, նաև այն քաղաքացները, որոնք 2023 թ.-ին եկամուտներ են ստացել Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։

2025-ին՝ 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն նույն տարվա ընթացքում վարձու աշխատող համարված ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի քաղաքացիները, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացածները, պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից եկամուտներ ստացած անձինք։

Արդեն 2026-ին՝ 2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիներին հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ բոլոր քաղաքացիները:

Չնայած այն բանին, որ Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրումը հանրության շրջանում լուրջ դժգոհություններ է առաջացրել, իսկ ընդդիմադիր գործիչները պնդում են՝ այն քաղաքացիները գրպանները մտնելու հերթական փորձն է, կառավարության ղեկավարը վստահ է՝ համակարգի ներդրումը նպաստելու է ոչ միայն թափանցիկության ապահովմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, այլ նաև ունենալու է էական հակակոռուպցիոն էֆեկտ։ Ըստ նրա՝ այս համակարգը պետության և քաղաքացու հարաբերություններում ունենալու է առանցքային նշանակություն:

Հատկանշական է, որ մինչ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի քաղաքացիներին պարտադրում է մինչև վերջին լուման հայտարարագրել իրենց եկամուտները, կառավարության ղեկավարի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ազգականները խախտում են օրենքը և հայտարարագիր չեն ներկայացնում․

Մասնավորապես՝ Oragir.News-ը դեռ օրեր առաջ գրել էր՝ թեպետ Գյումրիում համայնքի ղեկավարի ԺՊ ընտրելու նպատակով այս օրերին անցկացվող փրայմերիզին 7 թեկնածու է մասնակցում, այնուամենայնիվ ամեն բան արդեն կանխորոշված ու դրանում հաղթելու է Աննա Հակոբյանի ազգականը՝ նախկին փոխհամայնքապետ Վահագն Մկրտչյանը։ Այս կապակցությամբ մեր ընթերցողներին ներկայացրել էինք Վահագն Հակոբյանի և նրա կնոջ՝ Աննա Մկրտչյանի հայտարարագրերը։

Հայտարարագրերն ուսումնասիրելիս պարզեցինք, որ Վահագն Մկրտչյանի ընտանիքի մյուս անդամները՝ հայրը՝ Հրաչ Մկրտչյանը, մայրը՝ Գայանե Մկրտչյանը, և քույրը՝ Կիմա Մկրտչյանը, 2023 թվականի հաշվետու տարվա համար գույքի և եկամուտների հայտարարագրեր չեն ներկայացրել, ինչը օրենքի կոպիտ խախտում է, քանի որ ողջ տարվա ընթացքում Վահագն Մկրտչյանը հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնյա և նրա հետ համատեղ բնակվող անձինք նույնպես պարտավոր են հայտարարագրել իրենց եկամուտները։ Վահագն Մկրտչյանի ընտանիքի չափահաս անդամներից հայտարարագիր է ներկայացրել միայն նրա կինը՝ Աննա Մկրտչյանը, իսկ մյուս անդամների հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից բացակայում էին․

Վահագն Մկրտչյանի հետ համատեղությամբ բնակվող անձինք՝





Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանի ազգականը, ով այժմ պայքարում է Գյումրիի համայնքապետի ԺՊ-ի, հետագայում՝ համայնքապետի պաշտոնի համար, համայնքապետի տեղակալ էր ընտրվել 2023-ի մարտին ու պաշտոնավարեց մինչև նույն տարվա դեկտեմբերի 6-ը, երբ ՔՊ-ն խզեց «Բալասանյան դաշինք»-ի հետ ձևավորած կոալիցիան։

Այսպիսով՝ հերթական անգամ համոզվում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ընդունված օրենքներն ու որոշումները գործում են բացառապես շարքային քաղաքացիների համար, իսկ պաշտոնյաների, տվյալ դեպքում վարչապետի տիկնոջ ազգականները կարող են շրջանցել դրանք ու դրա համար չենթարկվել պատասխանատվության։ Հարց է առաջանում՝ Աննա Հակոբյանի ազգականներն արտոնյա՞լ են, թե՞ թքած ունեն ՀՀ-ում գործող օրենքների վրա, ինչից ելնելով էլ խախտում են դրանք։

Ենթադրում ենք, որ վերջիններս այս իրողությունը կարող են մեկնաբանել օրենքի չիմացությամբ, ինչն այնքան էլ համոզիչ չի լինի, մյուս կողմից էլ՝ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից ․․․