Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբին օրերս հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի աջակցությամբ աշխատում են անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ինտեգրված սխեմայի ստեղծման ուղղությամբ։ «Ադրբեջանից և Հայաստանից մի խումբ հիդրոլոգներ և ինժեներներ, մեր ակտիվ աջակցությամբ, համատեղ աշխատանք են տանում անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ինտեգրված սխեմայի վրա»,- նշել է դիվանագետը։
Պաշտոնական Երևանը՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության մակարդակով, հերքեց այս հայտարարությունը՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում պաշտոնական համագործակցություն առկա չէ։ «ՀՀ ԱԳ նախարարության տեղեկությունների համաձայն` թեմայի շուրջ շփումներ տեղի են ունեցել երկու պետությունների հասարակական կազմակերպությունների միջև»,- ասվում է հայտարարության մեջ։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ
Գարիկ Քեռյանը, մեկնաբանելով Ադրբեջանում ԱԳՆ-ի դեսպանի և Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունների միջև առկա հակասությունը, ընդգծեց՝ առանց կրակ ծուխ չի լինում։ Նա նշեց, որ հետխորհրդային շրջանում այդ հարցն ընդհանրապես չէր քննարկվել՝ կապված առկա կոնֆլիկտային հարաբերությունների հետ․
/Գարիկ Քեռյան, քաղաքագետ/«Այն ժամանակ բանակցային սեղանին միայն Ղարաբաղի հարցն էր։ Հիմա, երբ կողմերը գնում են կարգավորման, անշուշտ Ադրբեջանը շահագրգռված է դրանով, որովհետև կան գետեր, հատկապես Արաքս գետը, որն անցնում է Հայաստան-Թուրքիա սահմանով, հետո Նախիջևանով մտնում Ադրբեջան և թափվում Կասպից ծով։ Նմանատիպ մի շարք գետեր մեծ ջրային ռեսուրսներ ունեն և Ադրբեջանի գյուղատնտեսության համար այդ ջրերի օգտագործումը էական նշանակություն ունի։ Ընդհանրապես էներգակիրներից հետո ջրի հարցը, հիդրոռեսուրսների հետ կապված քաղաքական գործընթացները թերևս երկրորդ տեղում են, որովհետև մենք գիտենք՝ հատկապես մեր տարածաշրջանը, Մերձավոր Արևելքի արաբական երկրները, նույն Թուրքիան և Իրանը լուրջ ջրային խնդիրներ ունեն, իսկ ջրային ռեսուրսներն միջպետական հարաբերություններում միշտ օգտագործվում են՝ որպես լծակ, ազդեցության գործիք։ Դրա դասական օրինակն է Իրաքի և Սիրիայի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը՝ իր տարածքից սկիզբ առնող և դեպի Սիրիա ու Իրաք հոսող ջրային ռեսուրսների հարցում։ Թուրքիան այս հարցն օգտագործում է որպես ճնշման լծակ»։
Գագիկ Քեռյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ չմանրամասնվեց, թե խոսքը մասնավորապես որ գետերին է վերաբերում, նշեց՝ մամուլում շոշափվեց միայն Արաքս գետի հարցը։ Նա հիշեցրեց, որ Բաքվում կայացած COP29 համաժողովի ժամանակ Հայաստանին մեղադրել է Արաքս գետն աղտոտելու մեջ՝ մատնանշելով հատկապես Մեծամորի ԱԷԿ-ի գործունեությունը։
«Այսինքն՝ Արաքս գետի մասով այստեղ որոշակի լուրջ հետաքրքրություններ կան, բայց մյուսների մասով տեղեկատվություն չկա, թե Ադրբեջանը որ գետերի մասով է ուզում վերահսկողություն իրականացնել։ Տավուշից և Սյունիքից սկիզբ առնող գետեր կան, որոնք հոսում են դեպի Ադրբեջան, և կանխազգալով, որ ապագայում այդ գետերի ջրերը կարող են Հայաստանի տարածքում օգտագործվել, Ադբրբեջանը կարծես թե հիմիկվանից փորձում է այս հարցը մտցնել հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացի մեջ»,- կարծում է նա։
Oragir.News-ի հարցին՝ արդյոք այս գործընթացի միջոցով Ադրբեջանը փորձո՞ւմ է Հայաստանին նոր զիջումներ պարտադրել՝ քաղաքագետը դրական պատասխանեց և ասաց՝ Ադրբեջանի նախագահը հարմար պահ է գտել՝ այս հարցը ևս օրակարգ մտցնելու համար․ «Օրինակ՝ եթե այսպես ապրիորի մտածենք, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ավարտվի և ինչ-որ խաղաղության փաստաթղթի նման բան ստորագրվի, ապա իրենց դիվանագիտությունը պետք է գնա և այս ուղղությամբ աշխատի։ Քանի որ իրենք ցանկանում են բոլոր հարցերը կոմպլեքս լուծել և համալիր կերպով ավարտել, ես ենթադրում եմ, որ իրենք այս պահին հարմար գտան սա ևս մտցնել կարգավորման գործընթացի մեջ»։
Գարիկ Քեռյանը հավելեց՝ բացառված չէ, որ առաջիկայում ևս Ադրբեջանը ևս նոր պահանջներ գտնի ու ներառի բանակցային գործընթացում։
Դավիթ Գույումջյան