«Արևմտյան Հայաստանն ու «Արևմտյան Ադրբեջանը» նույն բանը չեն, որովհետև Արևմտյան Հայաստանը դա դիվանագիտական հասկացություն է, դա արևելյան հարցի մեկ մասը հանդիսացող քննարկվելիք նյութ է։ 1878թ․-ից ի վեր այդ հարցը գոյություն է ունեցել միջպետական հարաբերություններում, միջազգային իրավունքում և այդտեղ դրվել է Արևմտյան Հայաստանում հայերի անվտանգության հարցը և այլն։
Արևմտյան Ադրբեջանը դա մտացածին, կեղծ, սուտ թեմա է։ Երբևէ նման տերմին չի եղել, նման հարց չի քննարկվել, բացառությամբ՝ վերջին մի քանի տարում Ալիևի կողմից»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ Արա Պապյանը՝ անդրադառնալով, հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած դիտարկմանը, թե մենք ասում ենք՝ «Արևմտյան Հայաստան», չե՞նք մտածում, որ դա էլ ինչ-որ մարդկանց գրգռում է։
Նշենք, որ հարցազրույցի ընթացքում Փաշինյանն ընդգծել է, որ Անկախության հռչակագրի մասին իր խոսքը վերաբերվում է մեր ներքին ըմբռնմանը, մեր սոցիալ հոգեբանությանը:
«Հիմա մենք ինչքան նեղվում ենք և շատ ծանր ենք տանում, որ ինչ-որ տեղ, ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞։ Բա մենք, որ ասում ենք «Արևմտյան Հայաստան», չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է: Ոնց, որ մենք ասում են արևմտյան Ադրբեջանը մեզ է գրգռում, այնպես էլ, ոնց որ ասում ենք՝ Արևմտյան Հայաստանը ուրիշներին է գրգռում»,- ասել է նա։
Հակադարձելով Նիկոլ Փաշինյանին՝ Արա Պապյանը շեշտում է, որ Անկախության շրջանում Արևմտյան Հայաստանի վերաբերյալ կան որոշումներ։
«Փարիզի վեհաժողովն է որոշումներ ընդունել, կա Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, դրա վերաբերյալ կա Սևրի պայմանագիրը։ Դա այսպես ասած միջազգային իրավունքի և միջպետական հարաբերությունների հարց է։
«Արևմտյան Ադրբեջանը» Ալիևի բուն նպատակն է, և այդ նպատակի խաղն էլ խաղում է հենց Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հավասարության նշան դնի և ասի՝ լրիվ նույնն է։ Ո՛չ, Արևմտյան Հայաստանը լրիվ այլ հասկացություն է դիվանագիտական, միջազգային առումով, «Արևմտյան Ադրբեջանը» սուտ է և երբևէ Հայաստանի այդ տարածքը «Արևմտյան Ադրբեջան» հղում, վկայակոչում չի ունեցել, ինչպես նաև Հարավային և Հյուսիսային Ադրբեջան չի եղել։ Եղել է մի Ադրբեջան և այդ Ադրբեջանի անունով կա կոչված ադրբեջանական հանրապետություն՝ վերջ»,- մանրամասնեց Պապյանը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունը որևէ հիմք չունի, պարզապես սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը։
«Նիկոլը հերթական անգամ ծառայություն է մատուցում Ալիևին։ Օտար մի բառով ասենք՝ ադրբեջանական նորմատիվն է, պատումն է, խոսույթն է առաջ տանում, հավասարության նշան դնելով։ Ադրբեջանի ուզածն էլ հենց դա է, որ վաղը մյուս օր ասեն՝ դե լավ, մենք հրաժարվում ենք «Արևմտյան Ադրբեջանից», դուք էլ հրաժարվեք Արևմտյան Հայաստանից։ Դա Թուրքիայի պատվերով՝ ադրբեջանական խաղն է։ Թուրքիան և՛ Ադրբեջանի հետ է խոսում, Թուրքիան և՛ Նիկոլին է պատվիրում։ Ադրբեջանն ունի իր շահն այդ «Արևմտյան Ադրբեջան» խաղարկելով։ Դա լծակ է, և միևնույն ժամանակ ծառայություն է մատուցում Թուրքիային»,- ասաց նա։
Դիտարկմանը՝ ի՞նչ նպատակ ունի Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն անելով, Պապյանը նկատեց․
«Պարզ չէ՞, թե ինչի համար է դա անում։ Միգուցե ունի անձնական շահագրգռություն, գուցե նրա համար, որ իր դեմ այդ երկրներն ունեն կոմպրոմատներ։ Այս ամբողջը ենթադրության ոլորտից է, դրդապատճառները կարող են լինել բազմաթիվ, բայց անկախ դրդապատճառներից՝ արդյունքի տեսակետը եթե վերցնում ենք՝ սա սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը, որովհետև բնավ նույնը չեն «Արևմտյան Ադրբեջան» և Արևմտյան Հայաստան հասկացությունները»,- եզրափակեց նա։