Ծաղրելով Գոռ Վարդանյանին. խաղալիք օձը ասում է՝ իզվինի 

Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 15:00 21-11-2024
MarselToys խաղալիքների խանութ-սրահը վաճառում է երեխաների համար նախատեսված օձի տեսքով խաղալիք, որի հետ կա նաև լուսային ատրճանակ։

Խանութ-սրահը հրապարակել է հոլովակ, որում երևում է, որ խաղացողը ատրճանակով կրակում է օձին և ասում՝ «իզվինի»։

Խաղալիքի ձայնի կրկնօրինակումն էլ մեջբերված է Գոռ Վարդանյանի ֆիլմից։ Այսինքն՝ Խանութ-սրահը ևս միացավ Գոռ Վարդանյանի ֆիլմին ծաղրելու հայտնի թրենդին։

Հոլովակի տակ նշվում է, որ զվարճալի օձի մեջ ներառված են հայտնի մուլտերի երգերը։ Օձը նաև կրկնում է այն, ինչ կխոսեք։

Իսկ ինչպե՞ս կարող է ազդել այսպիսի խաղալիքը երեխաների հոգեբանության վրա։ Արդյո՞ք անվնաս է։

Oragir.News-ը կապ հաստատեց MarselToys խաղալիքների խանութ-սրահի մենեջերի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց.

«Ատրճանակը իսկական զենք չէ, դա լույսերով պատկերներ է նկարում պատի վրա։ Պարզապես երկուսը մեկում համադրելով փորձել ենք խաղալիք ստանալ։ Առաջին անգամ եմ լսում, որ բողոքներ կան։ Մենք մեր հաճախորդներից միայն լավ կարծիքներ ենք լսել խաղալիքի վերաբերյալ։ Մեր խանութում նույնիսկ պայթուցիկներ չեն վաճառվում։ Այստեղ միայն վաճառվում են գրենական պիտույքեր և խաղալիքներ»,- հայտնեցին խանութ-սրահից։

Նշենք նաև, որ հեռախոսազրույցից հետո խաղալիքի մասին հոլովակը խանութ-սրահը ջնջեց իր էջից։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց նաև հոգեբան Անի Ապիտոնյանի հետ, ում կարծիքով՝ նման խաղալիքը ոչ միայն չի նպաստում երեխայի զարգացմանը, այլև բացասական վերաբերմունք կարող է ձևավորել ֆաունայի հանդեպ և բարձրացնել երեխայի ագրեսիվությունը։

«Խաղալինքերը հիմնականում լինում են զարգացնող, զվարճալի։ Խաղալիքները կարևոր նշանակություն ունեն երեխայի հոգեկան աշխարհի, ֆիզիկական զարգացման մեջ։

Նման խաղալիքը ոչ միայն չի նպաստում երեխայի զարգացմանը, այլև բացասական, իշխող, վերացնող վերաբերմունք կարող է ձևավորել ֆաունայի հանդեպ, ինչպես նաև՝ բարձրացնել երեխայի մոտ ագրեսիվության շեմը դեպի այլ մարդիկ։ Նախադպրոցական տարիքի երեխաների ուսումնական գործընթացում նպատակային խնդիր է նաև բնության պահպանմանն ուղղված գիտելիքների փոխանցումը, կարողունակությունների, դրական, հոգատար վերաբերմունքի զարգացումը։ Սակայն այս խաղալիքը կարող է ավելի տպավորիչ լինել երեխայի համար, քան ուսուցչի, դաստիարակի բազմաթիվ խոսքերը։

Խաղալինքներ գնելիս՝ կարևոր է ուշադրություն դարձնել և՛ հումքի որակին, և՛ բովանդակությանը, թե ինչ սովորեցնում է խաղալիքը»,- եզրափակեց հոգեբանը։

Մանրամասները՝ տեսանյութում