ԱԳՆ-ից և ԱԱԾ-ից պատասխան պահանջեք․ Փաշինյանը՝ անհետ կորածների ծնողներին
copy image url

ԱԳՆ-ից և ԱԱԾ-ից պատասխան պահանջեք․ Փաշինյանը՝ անհետ կորածների ծնողներին

Ներքին 5 ամիս առաջ - 13:30 13-11-2024
«ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ասաց՝ պետք է COP 29 համաժողովն ավարտվի, որ նոր կարողանամ հանդիպեմ ադրբեջանական կողմի հետ»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց 2020 թվականին Էջմիածնի «Քիմիկների» զորամասից մարտական գործողություններին մասնակցելու նպատակով Կովսական մեկնած և անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Հռիփսիմե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ԱԱԾ տնօրենի հետ հոկտեմբերի վերջին են հանդիպել, վերջինս նշել է՝ մինչև ադրբեջանական կողմի հետ հանդիպում չունենամ, ոչ մի ստույգ բան չեմ կարող ասել։

«Արմեն Աբազյանը ներկայացրեց, որ պահանջել է մեր անհետ կորածներին, բռնի անհետացածներին, եթե զոհված են, ապա նրանց մարմինները փոխանցեն։ Ադրբեջանն էլ պատասխանել է, որ իրենք էլ 90-ականներին զոհվածների մարմիններ ունեն, պետք է վերադարձնենք։ Բայց ՄԱԿ-ը մերժել է Ադրբեջանի այդ խոսույթը, ասել է՝ 30 տարի անցել է, նո՞ր ես պահանջում։ Սա Արմեն Աբազյանի ասելով»,- ասաց անհետ կորած զինծառայողի մայրը, ապա հավելեց․

«Իմ որդին բռնի անհետացածների թվում է, մեզ ոչ մարմին, ոչ էլ մասունքներ չեն հանձնել։ Մենք ունենք կադրեր, վիդեոներ, թե ինչպես են ադրբեջանցիներն իրեն բռնում, նստեցնում մեքենա ու տանում»։

Տիկին Հռիփսիմեն ուղիղ 4 տարի թակում է բոլոր կառույցների դռները, բայց սայլը տեղից չի շարժվում։ Ավելին՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որ խոստացել էր ամեն շաբաթ հանդիպել ծնողների տարբեր խմբերի հետ, այսօր անգամ զանգերին ու նամակներին չի պատասխանում։

«Մի քանի անգամ դիմել ենք, ասել ենք՝ պետք է ընդունեիք, բայց ոչ մի խոսք, բացարձակ լռություն։ 1 տարի առաջ Պապիկյանն ասաց՝ մինչև խաղաղության պայմանագիր չկնքվի, մենք չենք կարող գերիների վերադարձի մասին հայտարարություն անել։ Էլի պետք է գնանք, օրերով հանդիպում պահանջենք, ինքն էլ մեզ խաբի, էլ իմաստ չկա գնալու։

Բոլորովին վերջերս ծնողներից մեկը գնացել էր Վարշավա, զեկույց էին ներկայացրել, արդյունքը ահագին մեծ էր եղել, բայց ասում են՝ մինչև ՀՀ նախագահն ու վարչապետը չպահանջեն գերիներին, անհետ կորածներին, դժվար է։ ԱԱԾ-ն էլ էր նման կարծիքի, որ պետք է նախագահի և վարչապետի միջամտությունն անպայման լինի»,- ասաց տիկին Հռիփսիմեն։

Հարցին՝ փորձե՞լ եք հանդիպել վարչապետի և նախագահի հետ, անհետ կորածի մայրն ասաց, որ բազմաթիվ անգամներ են փորձել, բայց մերժվել են, ավելին՝ Փաշինյանին ուղղված նամակները վերահասցեագրվել են ԱԳՆ-ին և ԱԱԾ-ին։

«Վարչապետին նամակ ուղարկեցինք, հետ էին ուղարկել ԱԳՆ և ԱԱԾ, ասել էին՝ իրենք կզբաղվեն, ինքն ընդհանրապես նամակին պատասխան չի տալիս։ Նախագահին ոչ մի նամակ չենք ուղարկել։ Պատկերացնո՞ւմ եք, անհետ կորածների ծնողները նամակ են ուղարկել Փաշինյանին, մերժել է ծնողներին, նամակին չի պատասխանել, ուղղորդել է, որ ԱԳն-ից ու ԱԱԾ-ից պատասխան պահանջեն։ Դա եղել է մոտ 15 օր առաջ, այնպես չէ, որ մենք ձեռքներս ծալած նստած ենք։ Եթե Ադրբեջանը COP 29-ից հետո էլ չվերադարձրեց տղաներին, վերջ, էլ ի՞նչ ենք անելու։

Ուզում եմ հատուկ նշել, որ ԱԱԾ-ն միակ կառույցն է, որտեղ մեզ շատ լավ ընդունում են։ Արդեն 1 տարի է Արարատ Միրզոյանի հետ հանդիպում ենք պահանջում, բայց չի ընդունում։ Տեղակալն էր ընդունել, բայց մենք իրենից շատ բան գիտեինք, ինքը ոչ մի բան չասաց մեզ»։