«Երեկ տեղի ունեցավ իմ ու Սուրեն Թորոսյանի գործով դատական նիստը, ամբողջը ասացի դատարանում, թե ինչ է եղել, ոնց է եղել»,- այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ Արմեն Սահակյանը, որը նախորդ տարի ամռանը ծեծի էր ենթարկվել նույն համայնքի բնակիչ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի կողմից։
«Սուրոն էլ էր ներկայացել դատին, սուս նստած էր։ Մենք մինչև վերջ գնալու ենք, որ Սուրենը պատժվի, պարտադիր։ Պետք է հասնենք նաև նրան, որ ինքը Արագածավանում չապրի»,- ասաց Արագածավանի բնակիչը։
Ի՞նչ եք կարծում, հաշվի առնելով իշխանության ներկայացուցիչների հետ կապերը, դատարանը Սուրեն Թորոսյանին պատասխանատվության կենթարկի՞․ հարցրինք Արմեն Սահակյանին։
«Ինձ թվում է՝ ամեն ինչ իր ուզած ձևով կլինի, ՔՊ-ականները պաշտպանում են իրեն, բայց դա չի խանգարում, որ ես պայքարեմ արդարության համար»,-ասաց Արմեն Սահակյանը։
Հիշեցնենք, որ Արագածավանի ՋՕԸ տեղամասի պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը, որը գյուղում հայտնի է որպես Փչանի Սուրո, 2023 թվականի հունիսի 7-ին ծեծի էր ենթարկել Արագածավանի 24-ամյա բնակչի, որը ծանր վիճակով տեղափոխվել էր Թալինի ԲԿ։
Գյուղացիները որպես բողոքի նշան փակել էին ճանապարհը, պահանջում էին, որպեսզի ՔՊ-ական պաշտոնյային պատասխանատվության ենթարկեին։
Նշենք, որ միջադեպից հետո Սուրեն Թորոսյանը ձերբակալվել էր, սակայն 1 օր անց ազատ էր արձակվել: