Գյումրիի ավագանու խմբակցությունները չեն մասնակցելու ՔՊ-ի նախաձեռնած ավագանու արտահերթ նիստին
copy image url

Գյումրիի ավագանու խմբակցությունները չեն մասնակցելու ՔՊ-ի նախաձեռնած ավագանու արտահերթ նիստին

Ներքին 5 ամիս առաջ - 22:06 06-11-2024
Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ նոյեմբերի 8-ին՝ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է արտահերթ նիստ՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օրակարգով։

Նշենք, որ ՔՊ-ն ունի 11 ավագանու անդամ և «ՏԻՄ» ՀՀ օրենքի համաձայն՝ ավագանու կազմի 1/3-րդի նախաձեռնությամբ կարելի է հրավիրել արտահերթ նիստ։

Նիստ հնարավոր է գումարվի միայն ավագանու նվազագույնը 17 անդամի մասնակցության դեպքում։

Oragir.News-ի տեղեկություններով` ավագանու անդամները որոշել են ՔՊ-ի նիստը տապալել։

Oragir.News-ը զրուցել է ավագանու խմբակցության ղեկավարների հետ։

Գյումրիի ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Գոռ Մանուկյանը չցանկացավ հայտնել իրենց միասնական որոշման մասին։

«Դա մեր անձնական գաղտնիքն է, նպատակահարմար չեմ գտնում խոսել այդ մասին։ Կատարածենք հայտարարություն, կիմանաք»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն էլ նշեց, որ իրենք չեն մասնակցելու ՔՊ-ի նախաձեռնած արտահերթ նիստին։

«ՔՊ-ի առաջարկություններն ու նախաձեռնությունները անընդունելի են մեզ համար, քվորում չենք ապահովելու»,-հայտարարեց Միրզոյանը։

Նարեկ Միրզոյանը ընդգծեց, որ հերթական շոուն են անելու, իսկ իրենք շոուների չեն մասնակցում։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը մեզ հետ զրույցում բացառել էր ՔՊ-ի հետ որևէ տեսակի համագործակցություն։

Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը հայտարարեց.

«Մենք չենք մասնակցելու, որովհետև նախ ընթացակարգն է սխալ, պետք է նիստ հրավիրվեր և հետո նոր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օրակարգը քննարկվեր։ Մենք ցույց ենք տալիս, որ այս ընթացակարգը սխալ է, անգամ եթե ճիշտ լիներ մենք չէինք մասնակցելու։ Քվորում չէինք ապահովելու, որ Երևանի սցենարը Գյումրիում չկրկնվի»,- ընդգծեց Կարեն Մալխասյանը։

Նշենք նաև, որ օրերս «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը Oragir.News-ի հետ զրույցում հայտարարել էր, որ իրենք քվորում չեն ապահովելու, որ քաղաքապետի պաշտոնակատար չնշանակեն։

Ամենից շատ դիտված