«ԿԳՄՍՆ-ում բարդակ է տիրում, ոչ մեկը տեղում չէ»,- այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի դպրոցի տնօրեններից մեկը, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում։
Դպրոցի տնօրենը մեզ լուսանկար է տրամադրել, որտեղ երևում է, որ ԿԳՄՍ նախարարությունը
[email protected] էլեկտրոնային հասցեից նամակ է ուղարկել 100 դպրոցների տնօրենների և պահանջել հետևյալը․
«Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ այսօր նախարարություն ներկայացնել Ձեր ուսումնական հաստատության հաստատված թղթային տարիֆիկացիաների դասաբաշխման էջը»։
Վերջում ռուսերենով նշված է՝ С уважением Թամարա Գյոզալյան։
Մեզ դիմած տնօրենը պատմեց, որ բոլոր տնօրենների մոտ անորոշ վիճակ է, միմյանց են զանգում և չեն իմանում` ինչ անել, դրա համար էլ դիմել են լրագրողների օգնությանը։
«Գուցե պատասխանենք, հետո պարզվի, որ չպետք է պատասխանեինք, քանի որ ԿԳՄՍՆ-ի անվան տակ մեկ ուրիշն է ուղարկել և այլն»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ Թամարա Գյոզալյանը ԿԳՄՍ նախարարության կրթական ծրագրերի ֆինանսավորման բաժնի պետն է, բայց ԿԳՄՍՆ կայքում նրա էլեկտրոնային հասցեն բորովին այլ է։
Oragir․News-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղար Նելլի Վահանյանի հետ։ Նա հետևյալը փոխանցեց․
«Քանի որ mail-ի հետ կապված ընդհանուր խնդիր ենք ունեցել, կրկնակի ուղարկվել է նաև այդ mail-ից, որը դեռ վաղուց եղել է, երբ ցանցային, աշխատանքային mail-եր չեն եղել։ Հրատապ տեղեկատվությունը ստանալու համար ստիպված են եղել այդ mail-ից ուղարկել։ Ամեն դեպքում մենք ներքին հրահանգ ունենք, որպեսզի անձնական mail-երը չօգտագործվեն և այս դեպքից հետո ևս մեկ անգամ այդ մասով կխոսենք»։