Oragir.News-ը պարբերաբար
անդրադառնում է ՔՊ-ական պաշտոնյաների խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու դեպքերին։
Այս անգամ անդրադարձել ենք Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Կարեն Սարուխանյանի նշանակումներին։
Սարուխանյանի կինը՝ Արփի Փիլոյանը աշխատում է Գյումրիի Սեյսմիկ ծառայությունում որպես առաջատար մասնագետ (բոլորովին վերջերս է ստացել ավարտական դիպլոմ)։
Կարեն Սարուխանյանի մորաքույրը՝ Նելլի Խոջումյանը, Շիրակի մարզի Կապսի միջնակարգ դպրոցի տնօրենն է, ով 2020 թվականին տնօրեն վերընտրվելիս դպրոցի մանկավարժական կազմում ընդգրկել է իր բարեկամներին՝ եղբորը, աղջկան, հարսին։
ՔՊ-ական քաղաքապետի թեկնածուի քեռին՝ Մանվել Խոջումյանը, Բյուրակն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն է աշխատել, այնուհետև պաշտոնական լիազորությունները չարաշահելու հիմքով ազատվել է տնօրենի պաշտոնից, բայց որ անգործ չմնա քրոջ ղեկավարած Կապսի միջնակարգ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է աշխատում։
Անգործ չի մնացել նաև Սարուխանյանի քեռու կինը` Խանում Խոջումյանը։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի որոշմամբ՝ Ամասիա խոշորացված համայնքի Գտաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրեն է նշանակվել։
Ընդ որում այս տարվա փետրվար ամսին Խանում Խոջումյանը ազատվել էր աշխատանքից։ Կարեն Սարուխանյանի քեռու կինը Բյուրակն գյուղի դպրոցում է աշխատել։
Կարեն Սարուխանյանի հարազատ քույրը Անուշ Սարուխանյանը` Գյումրիի իտալական պոլիկլինիկայի իրավաբանն է։
Վարուժան Խոջումյան քեռու որդին (Խանումի որդին)՝ Գյումրի ԲԿ տնտեսական բաժնի պետ։
Վարդուհի Փիլոյանին՝ զոքանչին էլ տեղավորել է Գյումրիի քաղաքապետարանում։
Մորաքրոջ տղային` Հայկ Ստեփանյանին էլ տեղավորել են «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն։
Նշենք, որ ըստ շրջանառվող խոսակցությունների՝ սա առաջին դեպքը չէ, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը կատարում է իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հրամանները։
Նշենք նաև, որ օրերս
Oragir.News-ը ծավալուն
հոդված էր ներկայացրել, որտեղ ներկայացված են փաստեր, որտեղ Սարուխանյանի և նրա օգնական Լիլիթ Ծատուրյանի անունները առնչվում են կոռուպցիոն գործարքների հետ:
Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականից հետո հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է հավակնում այդ պաշտոնին։