Երևանում օդի աղտոտվածության մակարդակը գտնվում է չափազանց վատ վիճակում։ Այդ մասին են վկայում նաև Երևանի քաղաքապետարանի կայքում տեղադրված օդի որակը չափող 117 սարքերը։
Դեռևս սեպտեմբերին՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել էր, որ լեգենդը, թե Երևանում օդի որակը շատ վատն է, քաղաքապետարանի 117 սարքերը հերքում են։
Քաղաքապետն ուշադրություն էր հրավիրել այն փաստին, որ երկու պետական մարմին՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը և քաղաքապետարանը տարբեր տվյալներ են տալիս օդի որակի մասին։ Նրա գնահատմամբ՝ այս իրարամերժությունն ամենամեծ խնդիրն է:
Oragir.News-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց, որ բազմիցս խոսվել է օդի աղտոտվածության կրիտիկական վիճակի մասին, սակայն իրավիճակն այդպես էլ չի փոխվում։ Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, թե ինչից է գալիս օդի աղտոտվածության խնդիրը։
«Առաջին հերթին՝ ինչքան էլ կասեն, որ մեզ մոտ փոխվել են ավտոբուսները, էլեկտրական տրանսպորտային համակարգ է և այլն… Այո, ընդունում ենք, ինչ-որ բաներ փոխվել են, բայց մեքենաների քանակը շատ է, ու շատ խիտ է։ Երևանում չունենք այլընտրանքային ճանապարհներ։ Ո՞վ էր տեսել, որ Երևանում ժամերով մնաս խցանման մեջ, նման բան չի եղել։ Սա բեռնվածություն է օդի մաքրության վրա։ Եթե լինեն շրջանցիկ ճանապարհներ, ապա մենք այս վիճակի առաջ չենք կանգնի։
Երկրորդ խնդիրը՝ եթե մենք ունենայինք մետրոյի մի քանի ավելի կայարան, ապա այս խնդիրը չէր լինի։ Աջափնյակի մետրոն են կառուցում, բա ո՞ւր ա։ Կառավարությունը, քաղաքապետարանը պետք է անեն այս ամեն ինչը։
Մյուս խնդիրը՝ քաղաքի ծառահատումն է։ Այդքան մասնագետներ բարձրաձայնեցին այդ խնդիրը՝ ոչինչ չանցավ, մարդիկ իրենց ասածն ասեցին։
Եվ ամենագլոբալ խնդիրը քաղաքաշինությունն է, որը սպոնտան, անկառավարելի վիճակում է։ Ինչի, այս տեսակի քաղաքաշինություն է լինո՞ւմ։ Նորմերը կան, բայց ո՛չ օրենքը, ո՛չ նորմերը չեն պահպանվում»,- մանրամասնեց Ադամյանը։
Բնապահպանի գնահատմամբ՝ քաղաքապետ Ավինյանի ասածը, թե Երևանում օդի աղտոտվածություն չկա՝ բացարձակ սուտ է, քանի որ չեն կարող Շրջակա միջավայրի նախարարության հայտնած տվյալները սխալ լինեն։
«Միջազգային կազմակերպություններն էլ են արդեն բարձրաձայնում, որ Երևանն աշխարհի ամենաաղտոտված քաղաքներից մեկն է։ Ու դու վեր ես կացել՝ քաղաքապետ, ասում ես՝ չկա նման բան, մենք հերքում ենք։ Այսինքն՝ հերքումը չանցավ, դա բացարձակ սուտ է։ Կա՛մ դուք սարքերի հետ չգիտեք աշխատել, կա՛մ էլ դուք սուտ եք խոսում։ Մեր կառավարության ամբողջ քաղաքականությունն է խեղաթյուրել իրավիճակը, ճշմարտությունը չասել, և դա ոչ միայն օդի աղտոտվածության ոլորտում։ Այս իրավիճակում, այս փոշու, այս կեղտի մեջ ուզում ենք մաքուր օդ ունենա՞նք։ Ո՞նց կլինի այդպես, պարոն քաղաքապետ»,- եզրափակեց բնապահպանը։

Նշենք, որ ըստ IQAir օդի որակի մոնիտորինգի պրոֆիլային պորտալի տվյալների՝ Երևանում PM2.5 կոնցենտրացիան օդում 3 անգամ գերազանցում է ԱՀԿ-ի առաջարկած տարեկան միջին ցուցանիշը։