Հարկերից խուսափելու նոր ձև՞. «Լաքի Փարքինգ»-ը կտրոն չի տալիս վարորդներին
copy image url

Հարկերից խուսափելու նոր ձև՞. «Լաքի Փարքինգ»-ը կտրոն չի տալիս վարորդներին

Ներքին 5 ամիս առաջ - 16:50 31-10-2024
Երևան քաղաքում գտնվող պետական և կոմերցիոն տարածքներում գործունեություն իրականացնող «Լաքի Փարքինգ» ընկերության վճարման տերմինալները կտրոն չեն տրամադրում հաճախորդներին։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի բնակիչներից մեկը, որը շատ հաճախ է կայանում նշված ընկերության կողմից սպասարկվող ավտոկայանատեղիներում։

«Խոսքը հատկապես «Դալմա», «Երևան մոլ» և ԵՊՀ տարածքներում գործող «Լաքի Փարքինգ»-ներին է վերաբերում։ Տևական ժամանակ է՝ նշված վայրերում կայանելու ժամանակ կտրոն չի տրամադրում տերմինալը։ Ես նշում եմ, որ ցանկանում եմ կտրոնը տպել, բայց չի տպում։ Այսինքն՝ կամ թուղթ չեն դնում սարքի մեջ, կամ այնպես են մշակել ծրագիրը, որ չտպի։ Սա խաբեություն է, ըստ երևույթին՝ հարկերից խուսափելու ձև»,- մեզ հետ զրույցում դժգոհեց քաղաքացին։

Oragir.News-ը կապ հաստատեց «Լաքի Փարքինգ» ընկերության աշխատակցի հետ, վերջինս պատասխանեց, որ խնդիրը կարող է տեխնիկական լինել։

«Եթե նման խնդիր է առաջացել, հետևաբար պրինտերի հետ կապված խնդիր կա։ Հաստատ՝ թուղթ ամեն տեղ լինում է, ուղղակի կարող է՝ փաթաթվել է ռոլիկի վրա, պետք է նայենք։ Ես կասեմ, բոլոր տեղերի տերմինալները կստուգեն։ Եթե Ձեզ կտրոնները պետք են, կարող եք ասել, թե որ օրն եք վճարում արել, մոտենաք տերմինալին, կտպենք, կվերցնեք։ Դուք այդ պահին էլ, որ զանգեք, ասեք՝ նման խնդիր կա, օպերատորները հարցը կլուծեն։ Իրենք կհասկանան՝ պրինտերի խնդիր է, թե այլ խնդիր է, կլուծեն»,- նշեց աշխատակիցը։

Նշենք, որ «Լաքի Փարքինգ»-ի՝ «Լաքիտերմինալ» ՍՊԸ-ի վերաբերյալ բազմաթիվ են խոսակցությունները, որ ՀՀ-ում մոնոպոլ դիրք է գրավել։ Ընդ որում, իրական սեփականատիրոջ մասին տեղեկությունը գաղտնի է պահվում։

Ավելի վաղ Oragir.News-ը գրել էր, որ ԴԱՀԿ-ն արգելանք է դրել ոչ միայն «Լաքիտերմինալ» ՍՊԸ-ի, այլև նրա երկու սեփականատերերի հաշիվների վրա․ պետությունը մի քանի վարույթներով պահանջում է նշված ընկերությունից բռնագանձել միլիոնավոր դրամներ։