Եթե ԱԺ-ում 101 պատգամավոր չլինի, արտահերթ ընտրություններն անխուսափելի կլինեն
copy image url

Եթե ԱԺ-ում 101 պատգամավոր չլինի, արտահերթ ընտրություններն անխուսափելի կլինեն

Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 20:00 24-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Չնայած 8-րդ գումարման խորհրդարանի ձևավորման ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարում էին, որ իրենք կառչած չեն լինելու իրենց մանդատներից և անհրաժեշտության դեպքում պատրաստ են հրաժարվել դրանցից՝ նպաստելով իշխանափոխության օրակարգի կայացմանը, այնուամենայնիվ առ այսօր դա տեղի չունեցավ։ Ընդդիմադիր պատգամավորներն այս համատեքստում պնդում են, որ եթե անգամ իրենք ամբողջ կազմով մանդատները վայր դնեն, ապա դա չի հանգեցնի ԱԺ-ի լուծարմանը, քանի որ Սահմանադրությունը նման կարգավորում չունի։

Զարմանալիորեն այս հարցում իշխանության և ընդդիմության տեսակետները համընկնում են։ Իշխող «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության պատգամավորներն էլ են հայտարարում, որ Ազգային ժողովը կարող է գործել նաև առանց ընդդիմության՝ ակնհայտորեն ցույց տալով, որ իրադարձությունների զարգացման նման ընթացքն առնվազն մտահոգում է իրենց։

Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Վարազդատ Հարությունյանը չհամաձայնեց այս պնդումների հետ՝ նշելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Ազգային ժողովը պետք է բաղկացած լինի առնվազն 101 պատգամավորից, և սա վերաբերում է ոչ միայն ԱԺ-ի կազմավորման փուլին, այլև գոյության ողջ ընթացքին։

«Ըստ այդմ՝ եթե Ազգային ժոողովում չի լինում 101 պատգամավոր, ապա երկրում սահմանադրական ճգնաժամ է ստեղծում։ Տեսության մեջ այն իրավիճակը, երբ կա Սահմանադրությանը հակասող իրավիճակ ու չկա համապատասխան սահմանադրական կարգավորում, կոչվում է սահմանադրական ճգնաժամ։ Երբ բոլորն ասում են սահմանադրական ճգնաժամ, դա պոզով-պոչով չի լինում, սահմանադրական ճգնաժամը հենց սա է. մի իրավիճակ, որը չի համապատասխանում սահմանադրական պատվիրաններին»,- ասաց նա։

Վարազդատ Հարությունյանը շեշտում է՝ սահմանադրական ճգնաժամը փաստացի դառնում է նաև քաղաքական ճգնաժամ, որովհետև Ազգային ժողովում այլևս չի լինում ընդդիմություն։ Նրա համոզմամբ՝ տվյալ իրավիճակում միակ ելքը նոր ընտրությունների անցկացնումն է։

«Տվյալ դեպքում այդ ճգնաժամը կարող է հանգուցալուծվել բացառապես նոր խորհրդարան ձևավորելու միջոցով, իսկ նոր խորհրդարան կարող է ձևավորվել միայն ընտրությունների միջոցով։ Բոլոր այն մարդիկ, ովքեր պնդում են, որ դա չի հանգեցնում է խորհրդարանի ավտոմատ ցրմանը, կիսաճշմարտություն են ասում։ Այո՛, Սահմանադրությունում չկա նորմ, որն ասում է՝ ցրվում է Ազգային ժողովը, բայց կա նորմ, որն ասում է՝ խորհրդարանը 101 պատգամավորից է բաղկացած ու եթե այնտեղ 101 պատգամավոր չկա, նշանակում է Սահմանադրությանը հակասող իրավիճակ է ստեղծվել, որը պետք է շտկել, իսկ շտկելու միակ տարբերակը նոր ընտրություններով Ազգային ժողով ձևավորելն է»,- կարծում է նա։

Oragir.News-ի հարցին՝ իշխանությունը նման իրավիճակում կարո՞ղ է ինչ-որ տարբերակով խուսափել նոր ընտրությունների անցկացումից՝ Վարազդատ Հարությունյանը պատասխանեց, որ իշխանությունը ամեն ինչ էլ կարող է անել։

«Տեսեք՝ իշխանությունը ամեն ինչ էլ կարող է անել, կարող է ասի՝ մածունը սև է, բայց այստեղ էլ քաղաքական ընդդիմությունը՝ որպես քաղաքական կյանքի դերակատար, իր այդ քայլով պետք է վաստակի պրոցեսը մինչև տանելու իրավունքն ու լեգիտիմությունը ու քաղաքական ճնշմամբ պարտադրի գնալ ընտրությունների։ Քաղաքականությունը հենց դա է։ Այսինքն՝ ինչ է ստացվում, եթե ընդդիմությունն ասում է՝ ես չեմ կարողանալու մանդատները դնելուց հետո ստիպեմ, որ նոր ընտրություններ լինեն, ապա այդ ընդդիմությունն առհասարակ էլ ի՞նչ կարող է անել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան