Oragir.News-ի տեղեկություններով՝ այսօր Գյումրիի քաղաքապետարանում «Բալասանյան դաշինքը» Երևանում հոսպիտալացված քաղաքապետի գլխավորությամբ գաղտնի նիստ է անցկացրել, որտեղ քննարկման առանցքային թեման Վարդգես Սամսոնյանի հրաժարականն է ու դաշինքի ավագանու անդամների մանդատները վայր դնելու հարցը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի պայմանը «Բալասանյան դաշինք» խմբակցության առաջնորդ Սամվել Բալասանյանին այն է եղել, որ անցնցում հանձնեն քաղաքապետի աթոռը։
Պայմանների մեջ է մտնում նաև այն, որ քաղաքապետը պիտի հեռանա իր թիմի հետ միասին, այսինքն` բոլոր այն մարդիկ, ովքեր Վարդգես Սամսոնյանի միջնորդությամբ են տեղավորվել աշխատանքի, պիտի ազատման դիմումներ ներկայացնեն։
Արդեն հայտնել էինք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ՔՊ-ի ճնշման ներքո պատրաստվում է հրաժարական տալ։ Հայտնել էինք նաև, որ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին ծանր վիճակում տեղափոխել էին Երևան, որտեղ հոսպիտալացվել էր։
Օրերս էլ Սամսոնյանի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը
Oragir.News-ի հետ զրույցում հայտնել էր, որ Վարդգես Սամսոնյանը, առողջական խնդիրներով պայմանավորված, հեռավար է աշխատում։