Ինչպես և կանխատեսելի էր, Ադրբեջանն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի անվան տակ, նորանոր պահանջներ է իջեցնում հայ-ադրբեջանական բանակցային օրակարգ: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ իր գլխավոր նախապայմանը ՀՀ սահմանադրության փոփոխությունն է ու սա այն պարագայում, որ իշխանությունը ևս առանձնապես դեմ չէ այդ փոփոխությանը ո՛չ քաղաքական, ո՛չ բովանդակային, ո՛չ էլ գաղափարական առումով և միակ վերապահումը, մեծ առումով, ժամկետներն են: Որքան էլ որ արտաքուստ տարօրինակ հնչի, Ադրբեջանին այս պահին պետք էլ չի, որ Հայաստանն իր սահմանադրությունն արագ փոփոխի, հատկապես որ դա տեխնիկապես էլ հնարավոր չի կարճ ժամկետում կազմակերպել:
Ադրբեջանն օգտագործելու է այս ժամանակահատվածը Հայաստանին ագրեսոր, ապակառուցողական կողմ հռչակելու և նոր զիջումներ կորզելու համար: Ինչքան էլ Հայաստանի իշխանությունը հայտարարի, թե զիջումների առումով այլևս տեղ չկա կամ դա արդեն ինքնիշխանության խնդիր է առաջացնում, գործող իշխանության այս 6 տարիների գործունեությունը վաղուց է մեր երկրի համար ոչ միայն ինքնիշխանության, այլ տարածքային ամբողջության և անվտանգության խորը խնդիրներ առաջացրել:
Մյուս կողմից, Ադրբեջանն արդեն լավ է ճանաչում գործող կառավարիչներին՝ իրենց էությամբ, խոցելիությամբ և անսկզբունքայնությամբ և, բնականաբար, օգտվելով իրավիճակից, անընդհատ սեղմելու է Հայաստանի շուրջ օղակը»,- նշեց նա։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ՔՊ-ն գիտի, որ սա լավ տեղ չի տանելու, բայց ամեն ինչ անում է, որ մաշեցնի ՀՀ-ի դիմադրողականությունը։