Իշխանությունների նախաձեռնությամբ 2024 թվականի հունվարի 1-ից Երևան քաղաքում կարմիր գծերի վճարները շեշտակի թանկանալուց հետո նաև մասնավոր ընկերություններն են թանկացրել ավտոկայանատեղիների ժամավճարները։
Քաղաքացիներից մեկն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ եթե նախկինում 1 ամբողջ օր կայանելու համար 200 դրամ էր վճարում, ապա կարմիր գծերի թանկացումից հետո ստիպված է լինում 1000 դրամ վճարել։
«Օրինակ Ագաթանգեղոսի 6 հասցեում գործող ավտոկայանատեղին նախկինում 200 դրամ էր, կարմիր գծերի թանկացումից հետո 1 ժամն է դարձել 200 դրամ։ 3 ժամ և ավելի կայանելու դեպքում վճարը դարձել է 1000 դրամ։ Եթե մարդն այս տարածքում է աշխատում, առավոտյան ժամը 9-ին գալիս է աշխատանքի, 6-ին ավարտում է ու գնում տուն, ստիպված է լինում 9 ժամվա համար 1000 դրամ վճարել։ Ստացվում է՝ ամիսը 30.000 դրամ կայանման գումար։ Միջին աշխատավարձով ապրող քաղաքացու համար սա ուղղակի թալան է»,- ասաց մեր զրուցակիցը։
Քաղաքացիներից մեկ ուրիշն էլ բողոքեց, որ Երևանի տարբեր հատվածներում, որտեղ կայանելն անվճար է՝ կարմիր գծեր չկան, անհատներ են հայտնվում, որոնք 200 դրամ են պահանջում։
«Օրինակ «Ռոսիա» տոնավաճառի ետնամասում կա ավտոկայանատեղի, որը մասնավոր տարածք չէ, բայց պարկովշիկները քաղաքացիներից 200 դրամ են պահանջում։ Ավելին, երբ տեսնում են, որ տվյալ ավտոմեքենան մի քանի ժամ կայանում է, հաջորդ անգամ չեն թողնում, որ կայանի, ասում են՝ երկար ես մնում, ձեռք չի տալիս»,- սա պարզապես անթույլատրելի է։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու որոշմամբ՝ 2024 թվականի հունվարի 1-ից ավտոկայանատեղիների համար վճարները կտրուկ թանկացան։ Ա գոտում, այսինքն՝ Երևանի կենտրոնում կայանելը տարեկան 12․000 դրամից դարձավ 160․000 դրամ, իսկ Բ գոտում՝ 12․000 դրամից՝ 24․000։