Խաղաղության պայմանագրի ոդիսականը․ որ կետերը չեն կարողանում համաձայնեցնել Երևանը և Բաքուն
copy image url

Խաղաղության պայմանագրի ոդիսականը․ որ կետերը չեն կարողանում համաձայնեցնել Երևանը և Բաքուն

Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 20:00 22-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Թեպետ Երևանին և Բաքվին դեռևս չի հաջողվում խաղաղության պայմանագիր ստորագրել, իսկ ադրբեջանական կողմը նման մտադրություն առանձնապես չունի, այնուամենայնիվ տևական ժամանակ շարունակվող բանակցությունների արդյունքում հաջողվել է համաձայնեցնել ստորագրվելիք փաստաթղթի 80 տոկոսը։ Այս իրողությունը հաստատել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի իշխանությունները, ինչից կարող ենք եզրակացնել, որ այն համապատասխանում է իրականությանը։

Փաստաթղթի չհամաձայնեցված 20 տոկոսի շուրջ սակայն կողմերի դիրքորոշումները խստորեն տարբերվում են իրարից․ եթե հայկական կողմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գրեթե ամենօրյա ռեժիմով առաջարկում է խաղաղության պայմանագիրը ստորագրել միայն համաձայնեցված հոդվածներով, իսկ չհամաձայնեցվածները թողնել հետագա բանակցություններին, ապա Ադրբեջանը կտրականապես մերժում է այս առաջարկը, նշում՝ խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները հավասարապես կարևոր են և առանց բոլոր դրույթները համաձայնեցնելու հնարավոր չէ փաստաթուղթ ստորագրել։ Նկատենք, որ հիշյալ պնդումը այդքան էլ հեռու չէ իրականությունից, սակայն այլ հարց է, որ Բաքուն օգտվում է դրանից՝ գործընթացը փակուղի մտցնելու և նորանոր զիջումներ կորզելու համար։

Երևանն ու Բաքուն մի կողմից հայտարարում են, որ հնարավոր խաղաղության պայմանագրի տեքստի 80 տոկոսն արդեն համաձայնեցրել են, մյուս կողմից էլ առ այսօր չեն հստակեցնում, թե հատկապես որ դրույթների շուրջ չի հաջողվում պայմանավորվածությունների հասնել։ Վերջին օրերին տեղի ունեցող զարգացումների, հատկապես խորհրդարանում հայ-ադրրբեջանական սահամանազատման կանոնակարգի վավերացման շուրջ ծավալվող քննարկումների ֆոնին հանրությանը հաստատապես հետաքրքրում է, թե որոնք են իշխանությունների համար այդքան ցանկալի փաստաթղթի ստորագրմանը խոչընդոտող դրույթները։

Սրան զուգահեռ՝ Ադրբեջանում ոչ միայն չեն սկսել կանոնակարգի ներպետական վավերացման գործընթացը, այլև առհասարակ չեն հրապարակել այն, ինչը հերթական անգամ ի ցույց է դնում խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրության և պատրաստակամության բացակայությունը։

Դատելով Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հռետորաբանությունից՝ ներկայիս փուլում այդ երկրի գլխավոր պահանջը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության պահանջն է, որից կհեռացվի Անկախության հռչակագրին կատարվող հղումը։ Չնայած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում և այդ իրողությունը չի էլ առարկում, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանն այս տարվա սեպտեմբերի 26-ի իր որոշմամբ փաստացի չեղարկեց մեր պետության հիմնարար փաստաթուղթը, սակայն դա Ադրբեջանին չի բավարարում, քանի որ, ինչպես խոստովանել են այդ երկրի պաշտոնյաները, իրենք խաղաղության փաստաթուղթ են ցանկանում ստորագրել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի Հանրապետության հետ։ Այլ կերպ ասած՝ ադրբեջանական կողմը հրապարակային կերպով խոստովանում է, որ ՀՀ հաջորդ իշխանությունները կարող են վիճարկել Նիկոլ Փաշինյանի որոշումները, այն հակասահմանադրական ճանաչել, ուստի նախաես փորձում են կանխել նման սցենարը։

Ինչ վերաբերում է նոր Սահմանադրության ընդունմանը, ապա գործող իշխանությունը չի բացառում նման հնարավորությունը, սակայն մյուս կողմից էլ հայտարարում է, որ հնարավոր հանրաքվեն կկայանա 2027 թվականից ոչ շուտ, քանի որ դրա հնարավոր տապալումը շղթայական ազդեցություն կարող է ունենալ՝ հանգեցնելով 2026-ի ընտրություններում Փաշինյանի պարտությանը։ Կարճ ասած՝ նոր Սահմանադրության ընդունումը երկարատև գործընթաց է, իսկ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումները, որ այդ փոփոխությունները կկայանան Բաքվին առանձնապես չեն բավարարում, քանի որ ադրբեջանական կողմը գիտակցում է, որ կառավարության ղեկավարը որևէ հարմար պահի կարող է հրաժարվել իր բանավոր խոստումներից՝ պնդելով, որ ինքը նման բան չի հայտարարել։

Մեծ հավանականությամբ հաջորդ չհամաձայնեցված դրույթը վերաբերում է Հայաստան այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» վերադարձի խնդրին, որը վերջին տարիներին Ալիևի ռեժիմը բերել է օրակարգ և ՀՀ-ի նկատմամբ օգտագործում է որպես լրացուցիչ ճնշման գործիք։ Ամենատարբեր հաշվարկներով Ադրբեջանը Հայաստանի տարածքում ձգտում է 300-600 հազար ադրբեջանցիների բնակեցնել, որոնց «վերադարձի» հարցը նույնական է ոչ թե Արցախի բնակչության, այլ ադրբեջանահայության վերադարձի խնդրին, սակայն ՀՀ իշխանությունները հրաժարվել արցախցիների վերադարձի պահանջը բարձրաձայնելուց՝ ակնկալելով, որ Ադրբեջանը հայելաբար կհրաժարվի նաև իր պահանջից։ Ադրբեջանական կողմը ոչ միայն չհրաժարվեց իր այս պահանջից, այլև այն ավելի ակտիվորեն սկսեց բանակցային օրակարգ բերել՝ ամենաբարձր մակարդակով ՀՀ-ից ադրբեջանցիների «վերադարձի հայեցակարգ» պահանջելով։

Փորձագետները չեն բացառում, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի չհամաձայնեցված հոդված-պահանջների շարքում կա նաև այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանություն»-ը ճանաչելու պահանջը։ Օրերս 168.am-ի եթերում թյուրքագետ Վարուժան Գեղամյանը վստահություն էր հայտնել, որ չհամաձայնեցված դրույթներից մեկն էլ «Խոջալուի ցեղասպանություն»-ը ճանաչելու պահանջն է, որը փաթեթավորվելու է ենթադրյալ ցեղասպանական հանցագործությունների ու դրանց պատժի մեխանիզների արձանագրմանը։ Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ Խոջալուի ադրբեջանցիների կոտորածներն իրականացվել է հենց ադրբեջանցի զինծառայողների կողմից, ինչի մասին խոստովանել է անձամբ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, նշել՝ դա արվել է Ադրբեջանի «Ժողճակատ»-ի կողմից՝ երկրում իշխանափոխության հասնելու նպատակով։

Չենք բացառում նաև, որ չհամաձայնեցված դրույթներից մեկն էլ նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի գործարկումն է, որն ավելի կողմերը համաձայնել էին տարանջատել խաղաղության պայմանագրից։ Հաշվի առնելով այս հարցում Ադրբեջանի կոշտ հռետորաբանությունը՝ չափազանց մեծ է հավանականությունը, որ ադրբեջանական կողմը որոշել օգտվել իր համար շատ նպաստավոր աշխարհաքաղաքական իրավիճակից և Հայաստանից արտատարածքային միջանցք կորզել, քանի որ հետագայում էլ երբեք կարող է նման բարենպաստ իրավիճակ չլինել։ Այս համատեքստում Ալիևը ձգտում է օգտվել է հատկապես Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առկա լարվածությունից, ակնկալելով, որ միջանցքի գործարկմանը խոչընդոտող գլխավոր դերակատարի՝ Իրանի ուշադրությունը կենտրոնացած է առավելապես այդ ուղղությամբ։

Այսպիսով՝ հայ-ադրբեջանական խաղաղությունը մնում է մշուշոտ, պայմանագրի ոդիսականն էլ՝ թևածել երկու երկրների իշխանական կաբինետներում։

Չենք բացառում նաև, որ բացի վերոհիշյալ դրութներից կարող են լինել նաև այլ չհամաձայնեցված հարցեր, որոնց մասին կիմանանք ամենայն հավանականությամբ փաստաթղթի ստորագրումից հետո, ինչպես օրինակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դեպքում, սակայն Ադրբեջանի գործելակերպը լավատեսություն չի ներշնչում, որ տեսանելի ապագայում կարող է նման փաստաթուղթ ստորագրվել։

Դավիթ Գույումջյան