Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացել էին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև, անգամ փոխադարձ վիրավորանքներ էին հնչել։
Oragir.News-ի տեղեկություններով՝ ԱԺ սկանդալն ամենևին էլ պատահականություն չէր, այլ նախապես պլանավորված բեմադրություն Հովիկ Աղազարյանի և Անդրանիկ Քոչարյանի կողմից։
Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ-ն ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին «բռնացրել է» կաշառք վերցնելիս, գործ է հարուցել, սակայն քանի որ ԱԱԾ-ն քննչական այլևս չունի, ներկա պահին քննարկվում է, թե որ գերատեսչության քննչականը պետք է քննի գործը` Քննչական կոմիտեի՞, թե՞ Հակակոռուպցիոն կոմիտեի։
Իմանալով այս մասին` Հովիկ Աղազարյանն ու Անդրանիկ Քոչարյանը որոշել են բաց չթողնել պահն ու նախահարձակ լինել` մտածելով, որ Աղազարյանի համար շատ ավելի ձեռնտու կլինի, որ գործը քննի Հակակոռուպցիոն կոմիտեն։
Քյարամյանին դահլիճից սադրեցին ռեպլիկով, Անդրանիկ Քոչարյանը չսաստեց, իսկ գործն ավարտին հասցրեց Հովիկ Աղազարյանը։
Եվ եթե այս ամենից հետո գործի քննությամբ զբաղվի Քննչական կոմիտեն, կստացվի, որ Արգիշտի Քյարամյանը վրեժխնդիր է լինում։
Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ, Արգիշտի Քյարամյանը տրվեց սադրանքին ու հայտնվեց ծուղակում, իսկ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ Անդրանիկ Քոչարյանի աջակցությամբ, դուրս եկավ շահող։