2 անգամ ՔՊ-ին ձայն տված Utaxi-ի տնօրենը Փաշինյանին ահ է տալիս և միանում «Եվրաքվե»-ին
copy image url

2 անգամ ՔՊ-ին ձայն տված Utaxi-ի տնօրենը Փաշինյանին ահ է տալիս և միանում «Եվրաքվե»-ին

Ներքին 6 ամիս առաջ - 18:46 16-10-2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հոկտեմբերի 1-ին վարույթ է հարուցել «Յուտաքսի» ընկերության դեմ, ինչն առաջացրել է նշված ընկերությանը վրդովմունքը։

«Յուտաքսի» ընկերության հիմնադիր տնօրեն Արշակ Սարգսյանը ընկերության ֆեյբուքյան էջում երկար գրառում է կատարել, անդրադարձել մի շարք խնդիրների և այդ գրառումը գովազդել, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեսնի։

«Յուտաքսի»-ի տնօրենի այս հայտարարությունը բավականին հետաքրքիր է, քանի որ նա անդրադարձել է ոչ միայն ՄՊՀ-ին, այլև իր մրցակից «Յանդեքստաքսի» ընկերությանը, Արդարադատության նախկին նախարար Գրիգորի Մինասյանի հիմնադրած «АМ» իրավաբանական գրասենյակին, 2018 թվականի, այսպես կոչված՝ հեղափոխությանն իր մասնակցությանը, այդ թվում՝ ֆինանսավորմանը, ռուսական ФСБ-ին և իհարկե «Եվրաքվեին»։

Փաստացի՝ «Յուտաքսին», ի դեմս իր տնօրենի, որը 2018-ին և 2021-ին ընտրել է ՔՊ-ին, Փաշինյանին հասկացնում է, որ առջևում ընտրություններ են, և իրենք հետևություններ կանեն։ Այդպիսով՝ ընկերության տնօրենը կարծես բացահայտում է, որ աշխատակիցներին հրամայված է եղել ձայն տալ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Հետաքրքիր է, թե իրավապահները ուսումնասիրություն կիրականացնե՞ն այս հայտարարության մասով, ինչպես արեցին «Հայաստան» դաշինքի պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանի պարագայում։

Հետաքրքիր է նաև, թե «Յանդեքստաքսի»-ից բողոքող Արշակ Սարգսյանն ինչո՞ւ չի վերանայում սեփական ընկերության գնային քաղաքականությունը, քանի որ բազմաթիվ են բողոքները, որ նշված ընկերությունը շատ բարձր գին է սահմանել և մինիմալ արժեքը երբեմն հասնում է աստղաբաշխական թվերի։

Yandex-ից նրա դժգոհության պատճառն այն է, որ դրա միջոցով ռուսական ФСБ-ին հասանելի են ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիների անձնական տվյալները։

Վերջում ազատ, անկախ, արդար և անվտանգ Հայաստանում ապրելու համար «Յուտաքսիի» տնօրենը կոչ է անում միանալ «Եվրաքվեի» ստորագրահավաքին։

«Յուտաքսի» ընկերության հիմնադիր տնօրեն Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը ստորև.

«Լրատվական կայքերից տեղեկացա, որ ՄՊՀ-ն (Մրցակցության Պաշտպանության Հանձնաժողովը) հոկտեմբերի 1-ին հարուցել է վարույթ «Յուտաքսի» ընկերության դեմ։ Ծանոթացա վարույթ հարուցելու որոշմանը։ Բոլոր ընթացակարգերին համապատասխան ՄՊՀ-ին կներկայացնենք մեր դիրքորոշումը։

Ակամայից հիշեցի, թե ինչպես էին զարգանում դեպքերը 2017 թվականին, երբ Ucom ընկերությունը դիմել էր ՏՄՊՊՀ-ին ընդդեմ մեր ընկերության։ Այն ժամանակ մենք հստակ գիտեինք, թե որ շրջանակների հրահանգով էր ներկայացվել այդ հայտը, և թե ինչ ազդեցություն ունեին այդ շրջանակները պետական կառույցների՝ մասնավորապես ՏՄՊՊՀ-ի և դրա ղեկավարության վրա։ Այդ շրջանակների իրական ազդեցությունը մենք առաջին անգամ զգացինք ՏՄՊՊՀ-ի հենց առաջին նիստի ժամանակ։ Տեսնելով, որ մեր կողմից հրավիրվել էր հեռուստաընկերություններից մեկի նկարահանող խումբը, հանձնաժողովը միաձայն ընդունեց Ucom-ի իրավաբանի միջնորդությունը, նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ։ Արդյունքում նկարահանող խումբը դուրս հրավիրվեց, դե իսկ նիստի վերջում կայացվելիք որոշումն արդեն կանխորոշված էր։ Նիստից հետո, ես՝ չբացառելով դեպքերի զարգացման որևէ սցենար, որոշում կայացրեցի, որ այդ անարդարության դեմ պայքարելու ենք մեր նորաստեղծ ընկերության ողջ ներուժով, և Utaxi ընկերությունը դիմեց վարչական դատարան ընդդեմ ՏՄՊՊՀ-ի։ Երկու տարի անց, անցնելով վարչական դատարանի բոլոր ատյաններով, ծախսելով գումար, ժամանակ և մեր նյարդերը՝ արդարությունը վերջապես հաղթեց (շնորհակալություն AM իրավաբանական ընկերությանը)։ Իհարկե մենք պետությունից չստացանք ՏՄՊՊՀ-ի պատճառով մեր ընկերությանը հասցված վնասների փոխհատուցումը։

Տեղեկանալով, որ ՄՊՀ-ն վարույթ է սկսել մեր ընկերության դեմ, ճիշտն ասած մի փոքր զարմացա։ Իմ խորին համոզմաբ այս վարույթի նախաձեռնողը Yandex ընկերությունն է, եթե ոչ պաշտոնապես, ապա իր վերահսկողության տակ գտնվող մարդկանց (միգուցե հենց հանձնաժողովի անդմաներից) միջոցով։ Վերջին մեկ տարվա ընթացքում մենք իրազեկում էինք մեր քաղաքացիներին Yandex-ի ծառայություններից օգտվելու վտանգների մասին: Պարզապես ես ենթադրում էի, որ հակահարվածը հավանաբար կլինի մեր սերվերների վրա հաքերային հարձակման տեսքով (նման դեպք եղել էր), և զարմացա, երբ պարզվեց, որ մեր դեմ փորձում են կիրառել նույն գործիքը, ինչ մի քանի տարի առաջ։ Այստեղ ուզում եմ հստակ պարզաբանում մտցնել․ Yandex ընկերությունը շատ առումներով իսկապես հիանալի ընկերություն է՝ իր տեխնոլոգիաներով, մենեջմենթով, մարքեթինգով։ Սակայն Yandex ընկերությունը ռուսական ընկերություն է, որը աշխատում է ռուսական ФСБ-ի վերահսկողության ներքո և պարզապես չի կարող չկատարել ФСБ-ի հրահանգները (ինչպես և հայկական որևէ ընկերություն չի կարող չկատարել ԱԱԾ-ի օրինական հրահանգները)։

Ռուսաստանի դաշնության դիրքորոշումը մեր բոլորիս հանդեպ հստակ է՝ մենք և մեր երեխաները չպետք է ապրենք ազատ և անկախ Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ ФСБ-ն այն կառույցն է, որն ի կատար է ածում այդ դիրքորոշումը, և Yandex ընկերության շնորհիվ լիակատար հասանելիություն ունի ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիների անձնական տվյալներին։ Այդ տվյալները ФСБ-ն կարող է, թե տրամադրել Ռուսաստանի իրական դաշնակից Ադրբեջանին, թե ինքնուրույն օգտագործել մեր դեմ շատ անկանխատեսելի եղանակներով (Լիբանանում փեյջերների պայթյունները վկա)։ Շարքային քաղաքացին, իհարկե չի կարող լիարժեք գիտակցել իր անձնական տվյալների գաղտնիության կարևորությունը 21-րդ դարում։ Սակայն պետությունը պարտավոր է դա անել։ Այնպիսի կայացած և իրենց քաղաքացիների անվտանգության մասին իսկապես հոգ տանող երկրներ, ինչպիսին են Ֆինլանդիան, Նորվեգիան և Իսրայելը, տարբեր մեթոդներով արգելեցին Yandex-ի միջոցով իրենց քաղաքացիների անձնական տվյալների հոսքը դեպի Ռուսաստան և հասանելիությունը ФСБ-ին։ Դե իսկ մեր պետության անգործության շնորհիվ մեր երկիրն ինչպես կար, այնպես էլ մնացել է ФСБ-ի "проходной двор"-ը։ Ցավալի է նաև տեսնել, թե իրենց կիբեարանվտանգության մասնագետ համարող որոշ հայտնիներ ինչպես են համագործակցում Yandex ընկերության հետ, որպեսզի անձնական տվյալների պաշտպանության հետ կապված սուր հարցերը հնարավորինս մեղմվեն և մոռացվեն մեր հասարակության կողմից։

Իլոն Մասկը, ում մասին մենք բոլորս շատ ենք լսել, իհարկե, անչափ տաղանդավոր անձնավորություն է։ Սակայն իր ընկերությունների իրական վերելքն ապահովվել է պետական ահռելի աջակցության շնորհիվ (մոտ 5 միլիարդ ԱՄՆ դոլար)։ Իմ մտերիմները շատ են ինձ հարցնում՝ իսկ մեր պետության կողմից կա՞ որևէ աջակցություն մեր ոլորրտում աշխատող հայկական IT ընկերություններին։ Այո կա՝ լավագույն դեպքում զրո՛ աջակցություն։ Իսկ իրականում․․․ Հունիսի 15-ին քննչական կոմիտեն մտավ GG ընկերության գրասենյակ և առգրավեց բոլոր համակարգիչները։ Բացարձակ անթույլատրելի համարելով դրա նախորդ օրը GG ընկերության հիմնադրի կողմից արված գրառումը, միևնույն ժամանակ քննչական կոմիտեի գործողությունները որակում եմ որպես ակնհայտ հաշվեհարդար ՀՀ քաղաքացու նկատմամբ, իր քաղաքական դիրքորոշման համար, և պարզապես խայտառակություն ժողովրդավար երկրի համար։

Հոկտեմբերի 1-ին, պետական մի այլ կառույց՝ ՄՊՀ-ն, վարույթ է հարուցում «Յուտաքսի» ընկերության դեմ, իբր «առերևույթ մոլորեցնող հրապարակման» առնչությամաբ։ Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ պետական կառույցները լծվել են տաքսու ոլորտում աշխատող հայկական IT ընկերություններին ճնշելու գործին, ի շահ հայկական շուկայում բացարձակ գերիշխող (80%-90%) ռուսական Yandex ընկերության։ Ժողովուրդ ջան, սա նորմալ չի՝ սա աննորմալություն է։

Չինական պետությունը ագրեսիվորեն աջակցում է իր էլեկտրամոբիլներ արտադրող ընկերություններին, որպեսզի նրանց արտադրած մեքենաները լինեն ամենաէժանը և գրավեն շուկաներ։ Սա նորմալ է։ Եվրոպական միությունը ավելացնում է մաքսային տուրքը Չինաստանից ներկրված էլեկտրամոբիլների համար, որպեսզի պաշտպանի իր ավտոարտադրող ընկերություններին։ Սա էլ է նորմալ։ Հայկական պետությունը ճնշում է հայկական IT ընկերություններին ի շահ հայկական շուկայում բացարձակ գերիշխող ռուսական ընկերության։ ՍԱ՛ ԱՆՆՈՐՄԱԼՈՒԹՅՈՒՆ Է։

Հարգելի Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն, «Քաղաքացիական պայմանագիր», եթե ձեզ համար նորմալ է, որ Yandex-ի միջոցով ФСБ-ին հասանելի են մեր գրեթե բոլոր քաղաքացիների անձնական տվյալները։

Եթե ձեզ համար նորմալ է, որ ռուսական ընկերությունները Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ունեն գերիշխող (որոշ դեպքերում մենաշնորհ) դիրք, իսկ Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից նվազելու փոխարեն աճում է։

Եթե ձեզ համար նորմալ է, հայկական ընկերություններին աջակցելու փոխարեն, նրանց ճնշելը ի շահ ռուսական ընկերությունների, ապա մեզ՝ 2018 թվականի հեղափոխության մասնակիցներիս, աջակիցներիս, ֆինանսավորողներիս, ինչպես նաև 2021 թվականի ընտրություններին մեր քվեն ձեզ տվողներիս, մնում է միայն շարունակել մեր պայքարը, անել հետևություններ և սպասել 2026 թվականի ընտրություններին։

Հ․Գ․
Հայատստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ՝ իմ հարազատներ, Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի համար ժողովրդավարությունը այլընտրանք չունի։

Ուզու՞մ եք, որ մենք և մեր երեխաները ապրենք ազատ, անկախ, արդար և անվտանգ Հայաստանի Հանրապետությունում։ Եթե այո՛, ապա միացեք Հայկական Եվրաքվեի ստորագրահավաքին՝ հաստատեք ձեր քաղաքակրթական ընտրությունը։
Utaxi ընկերության հիմնադիր-տնօրեն՝ Արշակ Սարգսյան»։

Ի դեպ, հայտարարության մեջ տեղադրված լուսանկարում «Յուտաքսի»-ի տնօրենը ՄՊՀ-ի մրցակցություն բառը ջնջել է և գրել՝ «Յանդեքսի պաշտպանության հանձնաժողով»։