Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր պատերազմ սանձազերծելուն։ Այս մասին են վկայում թե՛ պաշտոնական Բաքվի խոսույթը, որը գրեթե ամենօրյա ռեժիմով հայկական կողմին մեղադրում է հրադադարի ռեժիմը և իր ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ, մյուս կողմից էլ տորպեդահարում է խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ շատ լավ հասկանալով, որ առանց նման փաստաթուղթ ստորագրելու էլ կարող է հասնել իր բոլոր պահանջների կատարմանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռևս այս տարվա հունիսին էր նախազգուշացրել, որ Ադրբեջանը նոյեմբերին իր տարածքում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո մտադիր է նոր ագրեսիա սանձազերծել ու դրա համար այժմ փորձում է լեգիտիմ հիմքեր ստեղծել։ Տեղյակ լինելով Ադրբեջանի մտադրությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախորդող ամիսներին դրանք վիժեցնելու նպատակով գրեթե ոչինչ չձեռնարկեց ու սահմանափակեց կողմերի միջև համաձայնեցված հոդվածներով խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկ ներկայացնելով։
Միջազգային հարաբերությունների տեսանկյունից մասնակի խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկը նոնսենս է, քանի որ եթե անգամ պայմանագրի 1 դրութը համաձայնեցված չէ, այն կարող է ի չիք դարձնել մնացած բոլոր համաձայնեցված դրույթների իրագործումը։ Նման առաջարկը նաև վկայում է այն մասին, որ խաղաղության պայամանգրի ստորագրումն անհրաժեշտ է հայկական կողմին, ինչից լավագույս օգտվում է Ադրբեջանը, որը մի կողմից փաստաթուղթ ստորագրելու համար նորանոր պահանջներ է ներկայացնում, իսկ մյուս կողմից լեգիտիմացնում է իր կողմից բանակցային գործընթացի վիժեցումն ու պատերազմի սանձազերծումը։
Մասնակի խաղաղության պայմանագիր ստորագրելու հայկական կողմի առաջարկի վրա օրերս սառը ցնցուղ լցրեց ու այն անիրատեսական համարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հայտարարելով, որ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը
հավասարապես կարևոր են և չեն կարող տարանջատվել։ Նա հիշեցրել էր, որ անգամ Մադրիդյան սկզբունքների դրույթներից մեկն այն էր, առանց բոլոր հարցերի համաձայնեցման հնարավոր չէ պայմանավորվածություններ ձեռք բերել։ Այս դեպքում դժվար է Ալիևի հետ չհամաձայնելը, որքան էլ գիտակցում ենք, որ նա նմանաբովանդակ հայտարարություններ է հնչեցնում սեփական առավելապաշտական հավակնություններին լեգիտիմ հիմքեր տալու նպատակով։ Զարմանալիորեն 1 տարի առաջ այս իրողությունը գիտակցում էր անգամ Նիկոլ Փաշինյանը, ով նշում էր՝ քանի դեռ պայմանավորված չէ ամեն ինչ, պայմանավորված չէ ոչինչ, սակայն այժմ ինչ-ինչ պատճառներով նրա մոտ հիշողության կորուստ է արձանագրվել։
Օրերս Բաքվից հնչող մեղադրանքներին հակադարձել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ հիշեցնելով, որ հենց Ադրբեջանը չի կատարել իր իսկ կողմից ամենաբարձր մակարդակով ստանձնած պարտավորությունները։ Նա իրավմամբ ուշադրություն է հրավիրել այն իրողություններին, որ այսօր Արցախում հայեր չեն ապրում, ռուս խաղաղապահները հեռացել են այնտեղից, Լաչինի միջանցքը չի գործում, Բաքուն չի վերադարձրել բոլոր ռազմագերիներին և այլն։
Անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին, որի շրջանակներում նախատեսված տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը Բաքվի կողմից մեկնաբանվում է որպես «Զանգեզուրի միջանցք»-ի գործարկման պահանջ, ԱԳՆ խոսնակը պնդել է, որ ՀՀ-ն դա պետք է անի իր իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում, իսկ ռուս սահմանապահների ֆիզիկական ներկայություն այն չի նախատեսում։ Նա միևնույն ժամանակ նշել էր, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզ, որի շրջանակներում մենք առաջարկներ ենք փոխանցել ադրբեջանական կողմին: «Շահագրգռված լինելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը և իրականում նախատեսված է եռակողմ հայտարարությամբ՝ մենք Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը»,- ասել էր նա։
Այսպիսով՝ Հայաստանի ԱԳ նախարարության խոսնակի հարցազրուցից տպավորություն է ստեղծվում կամ վերջինիս փորձում է հենց այդպիսի տպավորություն ստեղծել, թե Ադրբեջանն առ այսօր չի արձագանքել հայկական կողմի առաջարկներին, և գնդակը փաստացի գտնվում է Բաքվի դաշտում։
Այս համատեքստում ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ իրականությունը բոլորովին այլ է, և Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով՝ հանրապետության նախագահի, արտաքին գործերի նախարարի և այլն, արձագանքել է Հայաստանի ներկայացրած բոլոր առաջարկներին ու փաստացի մերժել դրանք, հնարավորության դեպքում էլ ՀՀ-ին որակել որպես «ապակառուցողական» կողմ։ Վերջին նման օրինակը Ադրբեջանի նախագահի հայտարարությունն էր, որ հերթական անգամ մերժեց մասնակի խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանի առաջարկը։
Դատելով ԱԳ նախարարության խոսնակի հարցազրույցից՝ կարող ենք եզրակացնել, որ Արարատ Միրզոյանի ղեկավարած գերատեսչությունում հավանաբար կամ չեն հասցրել ծանոթանալ Բաքվից հնչող հայտարարություններին կամ էլ միտումնավոր կերպով փորձում եմ մոլորեցնել հանրությանը՝ շատ լավ գիտակցելով, որ քաղաքացիների մի զգալը մասը առհասարակ չի հետևում ադրբեջանական լրատվամիջոցներին ու տեղյակ չէ, թե ինչ են հայտարարում այդ պաշտոնայները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա առաջին անգամը չէ, երբ Բաքուն նմանաբովանդակ հայտարարություններով է հանդես գալիս, իսկ ԱԳՆ-ում դեռևս մնացել են ադրբեջանական լրահոսին հետևող աշխատակիցներ, ողջամիտ կասկածներ են առաջանում, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը միտումնավոր մոլորեցնում է հանրությանը։
Ընթերցողների շրջանում հարց է առաջանում՝ ԱԳՆ-ում իրե՞նց են հայտնի կենդանու տեղը դնում, թե՞ հանրությանը, քանի որ ստեղծված իրավիճակում նման գործելակերպը որևէ տրամաբանական բացատրություն չի կարող ունենալ։