Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Ռադայում՝ ներկայացնելով «հաղթանակի իր պլանը»՝ բաղկացած հինգ կետերից։ Նա դաշնակիցներից պահանջում է Ուկրաինային պաշտոնապես հրավիրել ՆԱՏՕ և հանել արևմտյան զենքով ռուսական տարածքին խփելու սահմանափակումները։ Այս պայմաններում Զելենսկին իրատեսական է համարում պատերազմի ավարտը եկող տարի, տեղեկացրել է РБК Украина-ն։
«Հաղթանակի պլանը բաղկացած է հինգ կետերից և երեք գաղտնի հավելվածներից։
Առաջին կետ – աշխարհաքաղաքական. Ուկրաինայի հրավիրում ՆԱՏՕ «հիմա»։
Երկրորդ կետ – պաշտպանություն. գործողությունների շարունակում Ռուսաստանի տարածքում և նրա տարածքին խփելու սահմանափակումների հանում, ռուսական ավիացիայի ոչնչացում գործընկերների հետ համատեղ, դրոնների և հրթիռների օգտագործման ընդլայնում, հասանելիություն դաշնակիցների հետախուզական տվյալներին։ Այս կետը գաղտնի հավելված ունի։
Երրորդ կետ – զսպում. Ուկրաինան առաջարկում է իր տարածքում տեղակայել զսպման մի ինչ-որ ոչ միջուկային ռազմավարական համալիր փաթեթ, որը բավական կլինի Ռուսաստանի կողմից ցանկացած ռազմական սպառնալիքից պաշտպանվելու համար (կա նաև գաղտնի հավելված, այն արդեն ստացել են ԱՄՆ, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի ղեկավարները)։
Չորրորդ կետ - Ուկրաինայի տնտեսական պոտենցիալի զարգացում և պատժամիջոցների ուժեղացում (ունի գաղտնի հավելված, որը փոխանցվում է ԱՄՆ-ին և ԵՄ-ին)։
Հինգերորդ կետ – հաշվարկված է հետպատերազմյան ժամանակի համար. պատերազմի ավարտին ուկրաինացի զինվորականները կարող են իրենց փորձն օգտագործել Եվրոպայում ՆԱՏՕ պաշտպանության ամրացման համար։ Ուկրաինական ստորաբաժանումները կարող են պատերազմից հետո փոխարինել ամերիկյան զորակազմի մի մասին Եվրոպայում։