Ժողովրդավարացման ճանապարհին ՀՀ-ն ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունի. ՀՀ նախագահ
copy image url

Ժողովրդավարացման ճանապարհին ՀՀ-ն ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունի. ՀՀ նախագահ

Ներքին 6 ամիս առաջ - 19:36 12-10-2024
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Հայաստանի հարաբերությունների խորացումը Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների հետ միտված է ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, ինչպես նաև երկրի պաշտպանունակության ու անվտանգության ամրապնդմանը, որն ուղղված չէ որևէ մեկի դեմ:

Հայաստանի նախագահն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում՝ գնահատելով Հայաստան-Եվրոպական միություն և Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների ներկա մակարդակը:Անդրադառնալով Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների մակարդակին՝ նախագահը նկատեց, որ քաղաքական առումով բավականին մեծ առաջընթաց կա, իրականացվում են լրջագույն ծրագրեր:

«Այդ ծրագրերը հիմնականում ուղղված են ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու հաստատմանը: Ինչքան էլ, որ մենք մեզ համարում ենք ժողովրդավարական երկիր, ինչն այդպես էլ կա, այդ ժողովրդավարական երկրում ապրելու համար մենք մեզ համար պայմաններ պետք է ստեղծենք, որոնց ստեղծողը ժողովրդավարական ինստիտուտներն են, կառավարական և ոչ կառավարական ինստիտուտների մասին է խոսքը», - նշեց ՀՀ նախագահը՝ հավելելով, որ այդ առումով շատ մեծ աշխատանք է տարվում Հայաստանի և Եվրամիության միջև:

Նա նաև վստահություն հայտնեց, որ այդ աշխատանքն իր արդյունքը կտա, և պետք է այնպես անել, որ Հայաստանի ժողովրդավարացման այս ամբողջ ճանապարհն անդառնալի լինի, որտեղ էլ Երևանն աջակցության կարիք ունի՝ միաժամանակ նաև Միացյալ Նահանգներից:

«Նույնը վերաբերում է նաև Միացյալ Նահանգներին, որի հետ քաղաքական համագործակցության մեր հիմնական ուղղությունը հենց ժողովրդավարությունն է: Մեզ կապողն ի՞նչը կարող է լինել. ժողովրդավարությունը, ազատությունը: Մեր ձգտումներն էլ այդպիսին են և համընկնում են, և մենք պետք է այդ հնարավորություններն օգտագործենք: Այդտեղ շատ կարևոր է նաև քաղաքական ինստիտուտների կայացման խնդիրը: Մենք անընդհատ այդ իրավիճակներում ենք հայտնվում, և, ցավոք սրտի, այս 30 տարվա ընթացքում քաղաքական ինստիտուտներն ամբողջապես չկայացան: Դրանք ինձ հիշեցնում են 1990-ականների վիճակը, երբ նոր սաղմնավորման իրավիճակում էին գտնվում, և, կարծես թե, այդպես էլ մնացել են: Մենք չենք կարողացել ստեղծել այնպիսի մի կայուն քաղաքական համակարգ, որը ոչ մի անգամ այլ ազդեցությունների տակ չի ընկնի և կզբաղվի իր գաղափարական նպատակների իրականացմամբ», - նշեց ՀՀ նախագահը։