Ռուսաստանը բացահայտ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը լուրջ չի վերաբերվում
copy image url

Ռուսաստանը բացահայտ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը լուրջ չի վերաբերվում

Ներքին Արտաքին Խոսք 6 ամիս առաջ - 16:30 09-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին Կրեմլում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել է իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միզոյանի, ու ՌԴ-ում ՀՀ նորանաշնակ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։

Ռուսական տելեգրամյան ալիքներում տարածվել է մի տեսանյութ, որտեղ Լավրովը Միրզոյանից հետաքրքրվել է՝ Հայաստանում կվադրոբերներ կա՞ն, թե՞ ոչ։ «Ձեզ մոտ կա՞ն կվադրոբերներ։ Երեխաները շան դիմակ են հագնում։ Դա հիմա ամենագլխավոր նորություններից է։ Քայլում են ինչպես շունը»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը, ինչին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ գիտի կվադրոբերների շարժման մասին և այն անվանել նոր։

Կվադրոբեր անվանում են այն մարդկանց, որոնք փորձում են նմանվել ինչ-որ կենդանու՝ կատվի, շան, աղվեսի և այլն։ Որպեսզի արտաքինով նման լինեն, հագնում են դիմակներ, ամրացնում պոչ ու հագուստի այլ տարրեր։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշեց, որ դա եղել է մասնավոր խոսակցություն, որը ֆիքսվել է տեսախցիկների միջոցով։ Նրա խոսքով՝ մասնավոր զրույցների ժամանակ ամեն ինչ էլ կարող է քննարկվել, սակայն դա հանրությանն ուղղված չի եղել․ «Դա կարող է ոչ մի բան էլ չնշանակել, ուղղակի զրույց էր»։

Քաղաքագետը չի կարծում, թե այս զրույցն ինչ-որ նշանակություն ուներ, որը հանրայնացնելով ռուսական կողմը փորձում է հայ հանրությանն ինչ-որ մեսիջներ ուղարկել։

Oragir.News-ի հարցին, թե այս զրույցը չի՞ վկայում այն մասին, որ ռուսական կողմը Հայաստանի ներկայիս իշխանություններին լուրջ չի վերաբերվում և նրանց հետ լուրջ հարցեր չի քննարկում՝ մեր զրուցակիցը հետևյալ կերպ պատասխանեց․ «Այն, որ Հայաստանի իշխանություններին լուրջ չեն վերաբերվում, դրա համար նման տեսանյութ հրապարակելու կարիք չկար։ Սենց թե նենց իրենք դա ցույց են տալիս ու նույնիսկ պաշտոնական մակարդակում՝ ԱԳ նախարարի խոսնակի շուրթերով բացահայտ ասում են, որ լուրջ չեն վերաբերվում և շատ դեպքերում ուղղակի դիմում են հայ ժողովրդին՝ շրջանցելով Հայաստանի կառավարությանը։ Դիվանագիտական լեզվով դրանից ավելի կոպիտ քայլ հնարավոր չէ անել, այսինքն՝ ցույց են տալիս, որ իշխանությանը չեն ճանաչում, ճանաչում են ժողովրդին։ Նման քայլերից հետո լուրջ չէ խոսել ինչ-որ ձայնագրության մասին»։

Անդրադառնալով վերջին շրջանում ռուս պաշտոնյաների կողմից ադրբեջանական խոսույթի, մասնավորապես «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման կիրառմանը՝ Ստեփան Դանիելյանն ընդգծեց, որ դեռևս 2020 թվականին, երբ ադրբեջանցիները հիշյալ տերմինը շրջանառության մեջ մտցրեցին, ինքը գրել էր, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի դա կյանքի իրավունք չստանա, սակայն Հայաստանի իշխանությունները չակերտներով կամ առանց չակերտների այդ տերմինն օգտագործում էին, ու դա մտել էր շրջանառության մեջ։

«Որքանով ես եմ հասկանում՝ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ այդ ճանապարհները պետք է բացվեն։ Դա իրենց համար էլ նշանակություն ունի, քանի որ Եվրոպայի ճանապարհները փակվել են, իրենք ուզում են հարավ դուրս գան, սակայն մյուս կողմից էլ իրենք ցանկանում են ներկա լինել, որպեսզի այդ միջանցքը ամբողջովին չանցնի թուրքերի և արևմուտքի վերահսկողության տակ։ Արևմուտքը մեր տարածաշրջանում գործում է Թուրքիայի միջոցով և դրա արդյունքում հենց Թուրքիայի ազդեցությունն է մեծանալու, ինչին դեմ են Ռուսաստանը և Իրանը․ Իրանն ուղղակիորեն հայտարարում է, որ դեմ է, Ռուսաստանն էլ հայտարարում է, որ ուզում է այնտեղ ներկա լինել։ Իմ կարծիքով՝ դրա այլընտրանքը Սյունիքում թուրքական ներկայությունն է, ինչի հետևանքով հետագայում Սյունիքը մերը չի լինի։ Սա է ուժերի ռեալ դասավորվածությունը, հիմա եթե սթափ նայում ենք քարտեզին, տեսնում ենք՝ կողքի երկրներն իրենցից ինչ են ներկայացնում, ինչ ազդեցություն ունեն, որից էլ պարզ է դառնում՝ Հայաստանը ոչ միայն Սյունիքը, այլև հենց իրեն չի կարող պաշտպանել»,- կարծում է քաղաքագետը։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ռուսական կողմը հենց վերջին շրջանում է սկսել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը կիրառել, երբ ավելի վաղ օգտագործում էր Սյունիքով անցնող ճանապարհ կամ Մեղրիի ճանապարհ տարբերակները՝ Ստեփան Դանիելյանն ասաց, որ դա կարող է լինել ինչպես լեզվի սայթաքում, այնպես էլ միտումնավոր քայլ։ «Որ ասեն՝ եթե դուք «Զանգեզուրի միջանցք» եք գնում արևմուտքի վերահսկողության տակ, այսինքն՝ Թուրքիայի, մենք էլ այդ տերմինը կօգտագործենք՝ մեր վերահսկողության տակ իմաստով։ Կարող է դա նշանակել, կարող է՝ լեզվի սայթաքում է, չեմ կարող միանշանակ դատել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված