Վահե Գրիգորյանը և Դավիթ Խաչատուրյանը օրենքը խախտել են՝ Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքին անդրադառնալով
copy image url

Վահե Գրիգորյանը և Դավիթ Խաչատուրյանը օրենքը խախտել են՝ Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքին անդրադառնալով

Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 21:00 08-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը որոշեց, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Բարձր դատարանի 9 դատավորներից 3-ը՝ Հրայր Թովմասյանը, Վահե Գրիգորյանը և Դավիթ Խաչատուրյանը, այս որոշման վերաբերյալ հատուկ կարծիք են ունեցել, սակայն երեկ՝ օրենքով նախատեսված ժամկետի ավարտից հետո, ՍԴ-ի կայքում հրապարակված է եղել միայն Թովմասյանի կարծիքը, իսկ մյուս 2 դատավորների կարծիքներն անհասանելի են եղել։ Թեպետ կայքում նշվում էր, որ վերջիններիս հատուկ կարծիքները նույնպես տեղադրված են, սակայն դրանք մինչև այսօր անհասանելի են եղել։

Oragir.News-ի հետ զրույցում Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը համոզմունք հայտնեց, որ ապօրինություն է տեղի ունեցել․

«Իրենք տեղադրել են, որ այդ հատուկ կարծիքն իբր գոյություն ունի, բայց դրա հղումը չէր բացում, այսինքն՝ այդ հատուկ կարծիքը տեղադրված չէր։

Ես կարծում եմ, որ դա դիտավորություն է։ Իմ անձնական կարծիքն է, չեմ կարող որպես պնդում ներկայացնել, բայց այդ մարդկանց ճանաչելով՝ կարծում եմ, որ նրանք սպասել են Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքին, որպեսզի իրենց հատուկ կարծիքի մեջ անդրադարձ կատարեն նաև նրա դիտարկումներին։

Այսինքն՝ իրենք իմանալով, որ Հրայր Թովմասյանը ներկայացնելու է Սահմանադրական դատարանի որոշումից տարբերվող հատուկ կարծիք, իսկ իրենց հատուկ կարծիքը տարբերվող չէր, որոշմանը համապատասխանող էր, սպասել են, որ Հրայր Թովմասյանի կարծիքը հրապարակվի, որպեսզի իրենց հատուկ կարծիքում դրան անդրադառնան, քանի որ նախքան հրապարակում Թովմասյանի հատուկ կարծիքին չէին կարող ծանոթանալ»։

Էդգար Ղազարյանն ընդգծեց՝ Վահե Գրիգորյանի և Դավիթ Խաչատուրյանի ներկայացրած հատուկ կարծիքներին նայելիս պարզ է դառնում, որ դրանցում անդրադարձ են կատարում նաև Հրայր Թովմասյանի դիտարկումներին։ Ըստ նրա՝ Գրիգորյանն ու Խաչատուրյանն իրենց հատուկ կարծիքը 1 օր ուշ են հրապարակել, որպեսզի ծանոթանան Թովմասյանի հատուկ կարծիքին և դրանից հետո իրենց հատուկ կարծիքի մեջ անհրաժեշտ խմբագրումներ կատարեն ու հետո նոր միայն դա ներկայացնեն։

«Հակառակ պարագայում այդ տասնօրյա ժամկետը հատուկ կարծիք ներկայացնելու առավելագույն ժամկետն է։ Եթե իրենք ազնիվ են, ապա այդ հատուկ կարծիքը կարող էին ներկայացնել շատ ավելի շուտ, ոչ թե վերջին օրով ու դրանից էլ 1 օր ուշ, առավել ևս, որ իրենք երկուսն էլ՝ Վահե Գրիգորյանն ու Դավիթ Խաչատուրյանը, տվյալ գործով զեկուցող դատավորներն են»,- ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ սա օրենքի ակնհայտ խախտում է, քանի օրենքը հատուկ կարծիք ներկայացնելու համար հատուկ ժամկետ է սահմանել, իսկ եթե այդ ժամկետում կարծիքը չի ներկայացվում, ապա այն առ ոչինչ է։ Ղազարյանը շեշտում է, որ դա փաստաթղթի կեղծում է, ինչի դրվագով հետագայում միանշանակ քրեական վարույթ է նախաձեռնվելու։

«Կարծում եմ՝ ՍԴ-ի այն աշխատակիցները, ովքեր այս կեղծիքն իրականացրել են, պետք է վկայի կարգավիճակով առնվազն հարցաքննվեն ու բացատրություններ տան, թե ինչու են իրենք օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված կարծիքները հրապարակել, ում հանձնարարությամբ են արել, ինչ միտումներ կան և այլն»,- նշեց նա՝ պնդելով, որ իրավախախտման փաստն արձանագրված է։

Էդգար Ղազարյանը հավելեց, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո այս արարքը ի թիվս այլ գործոնների կդառնա հատուկ քննության առարկա՝ փաստաթղթի կեղծման, ժամկետների խախտման կամ ապօրինության իմաստով, որովհետև դրանումմ ենթադրյալ հանցանքի հատկանիշներ են առկա։ Նա վստահ է, որ այստեղ դիտավորություն կա, քանի որ առկա է տարբերվող հատուկ կարծիք, որի վերաբերյալ իրենց դիրքորոշումն արտահայտելու համար նման մեքենայություն է կատարվել։

Դավիթ Գույումջյան


Ձեզ գուցե հետաքրքրի