2022 թվականի մայիսի 20-ին Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի ունեցած ճանապարհահատվածի փլուզումից շուրջ 2 տարի անց, նշված ճանապարհահատվածը շարունակում է փլուզված մնալ։ Փլուզման պատճառը «Սահակյանշին» շինարարական կազմակերպության շինարարական աշխատանքների իրականացման թերացումն է եղել:
Oragir.News-ին Երևանի քաղաքապետարանից նախորդ տարի վստահեցրել էին՝ նշված հատվածում նոր ճանապարհ է կառուցվելու, սակայն այդ հատվածում ևս մինչ օրս որևէ աշխատանք չի իրականացվել։
Oragir.News-ը խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչություն, որտեղից մեզ տեղեկացրին, որ այս հարցով հաջորդ գործակարգավարական խորհրդակցության ընթացքում զեկույց է նախատեսվում։
«Ես չգիտեմ, այդ պարտավորությունը որ վարչության վրա է դրվելու, որովհետև, ըստ էության՝ մի քանի վարչություն կարող է կապ ունենալ դրա հետ։
Սպասենք մինչև երկուշաբթի, տեսնենք՝ ինչ կզեկուցվի, ըստ այդմ՝ նոր կարող եմ ինչ-որ բան ասել՝ ըստ գործակարգավարականում այդ թեմայի վերաբերյալ հնչեցրած կարծիքի։ Միայն այսքանը կարող եմ ասել, որովհետև այդ թեմայով այս պահին որևէ այլ ինֆորմացիա չունեմ։ Հաջորդ շաբաթ կզեկուցվի, թե այդ հատվածի աշխատանքները, անելիքները կամ այս փուլում եղած խնդիրները որոնք են, ինչ հանգուցալուծում է սպասվում»,- հայտնեցին վարչությունից։
Դիտարկմանը, որ այս թեմայով Երևանի քաղաքապետարանի նախորդ մի քանի գործակարգավարական խորհրդակցություններում զեկուցվել է, ավելին՝ 2023 թ-ի հուլիսի 3-ի՝ հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը կվերականգնվի և խճուղու երթևեկելի մեկ գոտուն զուգահեռ կձևավորվի նաև ևս մեկ ճանապարհ, այն կսպասարկի հարակից շենքերը, քաղաքապետարանի Լրատվության վարչությունից նկատեցին․
«Այսօր քաղաքապետը հանձնարարեց, հաջորդ շաբաթ դա անպայման զեկուցվելու է։ Գիտենք՝ այդ խնդիրը կա, և որոշակի խնդիրներով պայմանավորված է, որ այդ հարցը չի լուծվում, բայց հաջորդ երկուշաբթի անպայման այդ թեմայի հետ կապված զեկույց է լինելու»,- հայտնեցին Լրատվության վարչությունից։
Փաստացի՝ շուրջ 2 տարի եղած խնդիրը Երևանի քաղաքապետարանն ընդունակ է լուծել միայն գործակարգավարական խորհրդակցություննում զեկուցելով․ որևէ հստակ քայլ և աշխատանք խնդրի վերացման ուղղությամբ դեռևս չի նշմարվում։
Հիշեցնենք նաև, որ
Oragir.News-ը դեռ նախորդ տարի ահազանգել էր, որ «Դալմա մոլի» ճանապարհի մի հատվածը բետոնե արգելապատնեշներով փակել են, ինչի հետևանքով վթարային իրավիճակ է ստեղծվել վարորդների համար։ Մտավախություն կար, որ ճանապարհի երթևեկելի հատվածի մի մասը վաճառել են մասնավորի։