Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն իր սեպտեմբերի 26-ի որոշմամբ արձանագրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Բարձր դատարանի այս որոշումից հետո իրարամերժ գնահատականներ հնչեցին առ այն, որ ՍԴ-ն փաստացի գաղտագողի չեղարկել է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը։ Մասնագետներն իրենց գնահատականը հիմնավորում են՝ հղում կատարելով ՍԴ-ի որոշման տեքստում տեղ գտած այն եզրահանգմանը, ըստ որի Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ»:
Oragir.News-ը փորձել է հասկանալ, թե հարցի վերաբերյալ ինչպիսի դիրքորոշում ունեն Հայաստանի քաղաքական դաշտի առանցքային կուսակցությունները, պարզել՝ ՍԴ-ի վերջին որոշման վերաբերյալ պաշտոնական հաղորագրությամբ հանդես եկե՞լ են, թե՞ ոչ․
Խորհրդարանում ներկայացված ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Հայաստան» դաշինքի (վերջին ընտրություններում ստացել է 21․09% ձայն) մաս կազմող
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը նշեց՝ չի կիսում այն տեսակետը, որ ՍԴ-ն չեղարկել է Հայաստանի Անկախության հռչակագիրը։ Պատգամավորը հիշեցրեց երեքշաբթի օրը Ազգային ժողովի ամբիոնից իր կատարած հայտարարությունը, որում դատապարտել է ՍԴ-ի որոշումը, սակայն նաև նշել է, որ դա չի նշանակում Անկախության հռչակագրի չեղարկում․
«Որևէ մեկն իրավունք չունի Անկախության հռչակագիրը չեղարկել՝ լինի դա Սահմանադրական դատարանը, թե համաժողովրդական հանրաքվեն։ Դա շատ խորքային իրավական հարց է»։
Ընդդիմադիր պատգամավորը մեզ տեղեկացրեց նաև երեքշաբթի օրը՝ ԱԺ-ի հայտարարությունների ժամին, իրենց խմբակցության մի խումբ պատգամավորներ այս թեմայի շուրջ հայտարարություններով են հանդես եկել, որը միևնույն ժամանակ ՀՅԴ-ի պաշտոնական տեսակետն է։ «Անդրադարձել ենք մանրակրկիտ՝ Սահմանադրական դատարանի անթույլատրելի և հակասահմանադրական որոշմանը։ ՍԴ-ի լիազորությունների մասին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում եղած հոդվածում, որը բաղկացած է 12 կետից, Անկախության հռչակագիրը մեկնաբանելու լիազորություն չկա։ Ինքն իր լիազորություններից դուրս է եկել և մեկնաբանել է Անկախության հռչակագիրը, որի իրավունքը պարզապես չունի»,- ասաց նա։
Գեղամ Մանուկյանը շեշտեց՝ քանի որ կուսակցության պատգամավորները, այդ թվում՝ ինքը, ԱԺ-ում ներկայացրել են կուսակցության պաշտոնական դիրքորոշումը, կարքիք չկա, որ կուսակցությունն էլ առանձին հայտարարությամբ հանդես գա։
Ընդդիմադիր մյուս խմբակցության՝ «Պատիվ ունեմ»-ի (վերջին ընտրություններում ստացել է 5․22% ձայն) մաս կազմող Հայաստանի հանրապետական կուսակցությունից հրաժարվեցին մեկնաբանել՝ համաձա՞յն են, որ ՍԴ-ն փաստացի չեղարկել է ՀՀ Անկախության հռչակագիրը, թե՞ ոչ, քանի որ հարցը գտնվում է իրավական տիրույթում։
Ինչ վերաբերում է քաղաքական մեկնաբանությանը,
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մեզ հայտնեց, որ ՍԴ-ի որոշումից առաջ ՀՀԿ-ի գործադիր մարմինը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե իր որոշման մեջ բարձր դատարանն ինչ կետերի պետք է ուշադրություն դարձնի, դրանում ինչ խոցելություններ են առկա և այլն։
Արտախորհրդարանական ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (վերջին ընտրություններում ստացել է 3․95% ձայն) մամուլի քարտուղար
Իվետա Տոնոյանը մեզ խնդրեց հարցերը գրավոր տարբերակով ուղղել, ինչը և կատարեցինք։ Պատասխանը ստանալուն պես՝ այն նույնպես կհրապարակենք։
«Հանրապետություն» կուսակցության (վերջին ընտրություններում ստացել է 3․03% ձայն) ներկայացուցիչ
Արտակ Զեյնալյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանելուց՝ նշելով, որ
Oragir.News-ից նեղացած է։ Զեյնալյանը սրտնեղել էր մեր վերջին հրապարակումից, երբ
Oragir.News-ը նրանից հետաքրքվել էր, թե կհամաձայնվի՞ կրկին Արդարադատության նախարար նշանակվել, սակայն
նա լղոզված պատասխան էր մեզ տվել։
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (վերջին ընտրություններում ստացել է 1․54% ձայն) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշեց, որ ամբողջովին ծանոթ չէ Սահմանադրական դատարանի վերջին որոշմանը և միայն ծանոթանալուց հետո կկարողանա մեկնաբանության տալ։ Լևոն Զուրաբյանը մեզ տեղեկացրեց նաև, որ ՀԱԿ-ում բարձր դատարանի որոշումը դեռևս չեն քննարկել ու հայտարարությամբ հանդես չեն եկել, սակայն առաջիկայում հավանաբար կանդրադառնան դրան, քանի որ այս որոշումը մեծ քննարկումների առարկա է դարձել։
ՀԱԿ փոխնախագահը մեզ խոստացավ Սահմանադրական դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո առանձին մեկնաբանել այն, ինչը նույնպես կներկայացնենք մեր ընթերցողներին։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության (վերջին ընտրություններում ստացել է 1․22% ձայն) փոխնախագահ Դավիթ Խաժակյանը նույնպես չպատասխանեց հարցին՝ ՍԴ-ն չեղարկե՞լ է անկախության հռչակագիրը, թե՞ ոչ, սակայն պնդեց, որ բարձր դատարանը ՀՀ Անկախության հռչակագիրը չեղարկելու իրավասություն չունի։ Նա նշեց, որ ԼՀԿ-ն Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ առանձին հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն քաղաքական ուժի ներկայացուցիչները տարբեր առիթներով մեկնաբանել են այս որոշումը՝ նշելով, որ Սահմանադրական Դատարանն իր այս որոշմամբ Հայաստանի իշխանությունների կողմից տարածքների հանձնման իրավական պատասխանատվության բեռը վերցնում է նաև իր վրա, քանի որ չի արձանագրել կանոնակարգում որևէ քարտեզի հստակ բացակայությունը։
«Ամենամեծ խնդիրը, ինչին չի անդրադարձել Սահմանադրական դատարանը, դա այն է, որ այդ հանձնաժողովի արձանագրության մեծ չկա հստակ ընտրված քարտեզ, նշված է միայն սկզբունքը․ Ալմաթիի հռչակագրի սկզբունքը։ Դա նշանակում է, որ երբ հայաստանյան իշխանությունները կամ որևէ մեկն ասում է, թե իրենք Հայաստանի սուվերեն տարածքից Ադրբեջանին որևէ մմ չեն զիջել, ապա դրա հետ կապված պետք է ցույց տան քարտեզ, ասեն, որ այս քարտեզի համաձայն՝ մենք որևէ մմ չենք զիջել։ Թող ցույց տան մեզ այդ քարտեզը, թող ասեն, որ մենք այս քարտեզը համաձայնեցրել ենք Ադրբեջանի հետ։ Չեն կարող, որովհետև նման համաձայնեցում չկա։ Հետևաբար՝ ինչ զիջում էլ անեն, կարող են այդ պնդումն անեն՝ ասելով՝ մենք ոչինչ չենք զիջել, քանի որ դրա տակ քարտեզ չեն դրել։ Սահմանադրական դատարանն այս հարցն անտեսելու իրավունք պարզապես չուներ»,- ասաց նա։
Խաժակյանը համոզմունք հայտնեց, որ Սահմանադրական դատարանն Անկախության հռչակագրին անդրադառնալու խնդիր չուներ, իսկ կատարված անդրադարձը գործող իշխանության քաղաքական պատվերն էր։ Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների արձանագրությունը բոլորովին այլ բանի մասին է, քան դա կարելի էր քննարկել կամ դիտարկել անկախության հռչակագրի լույսի ներքո։
Այսպիսով՝ թեպետ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներն էլ համակարծիք են, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշումը հակասահմանադրական է, և բարձր դատարանը փաստացի դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից, այնուամենայնիվ կուսակցություններից և ոչ մեկը առանձին հայտարարությամբ հանդես չի եկել և չի դատապարտել այն։ Երևույթն ինքնին մտահոգիչ է, քանի որ հիշյալ քաղաքական ուժերը ամենատարբեր՝ հաճախ ոչ այդքան էական նշանակություն ունեցող, խնդիրների վերաբերյալ հանդես են գալիս առանձին հայտարարություններով, դատապարտում իշխանությունների գործողությունները, սակայն նման համազգային նշանակություն ունեցող խնդրին հարկ չեն համարել հայտարարության մակարդակով անդրադառնալ և դատապարտել այն։