Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում բարձր պաշտոններ զբաղեցնող մի շարք մասնագետներ ազատման դիմումներ են գրում ու հեռանում։
Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` Սոցապ նախարարությունից հեռացողները հիմնականում աշխատանքի են անցնում միջազգային կառույցներում, և դրա հովանավորը նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն է։
«Հավասար հնարավորությունների ապահովման վարչությունը 1 տարուց ավելի է վարչության պետ չունի, քանի որ պետը գնացել է միջազգային կազմակերպություն՝ «Մարդը կարիքի մեջ»։
Երեխաների հիմնահարցերի բաժնի պետը ևս հեռացել է, գնացել Յունիսեֆ։ Եվ դա՝ համակարգող փոխանախարար Տաթևիկ Ստեփանյանի ձեռամբ»,- հայտնում է մեր աղբյուրը։


Նրա խոսքով՝ փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը ևս փորձել է միջազգային կառույցում աշխատանքի անցնել, բայց չի հաջողվել։
«Զավեշտալին էլ այն է, որ փոխնախարարն էլ էր ուզում փախչել խորտակվող նավից: Դիմել էր ՄԱԿ՝ Բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավարի պաշտոնի համար, բայց կտրվել էր թեստից, ու հիմա ասում է՝ չուզեցի գնալ։ Ինչպե՞ս կարող է այդ մարդը համակարգել այդ ոլորտը, եթե բոլորին խաբելով ու Աննա Հակոբյանի հետ մտերմանալով է փորձում առաջ գնալ»,- ասաց մեր զրուցակիցը։
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի հետ, սակայն աշխատակիցը պատասխանեց, որ փոխնախարարը գործուղման է գնացել, երկուշաբթի կներկայանա աշխատանքի։