Առցանց խայտառակություն․ հազարավոր տնօրեններ և ուսուցիչներ ծաղրել ու քննադատել են իշխանություններին
copy image url

Առցանց խայտառակություն․ հազարավոր տնօրեններ և ուսուցիչներ ծաղրել ու քննադատել են իշխանություններին

Ներքին 6 ամիս առաջ - 14:00 04-10-2024
Օրերս ԿԳՄՍ նախարարության կողմից ՀՀ դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ կազմակերպած առցանց հանդիպումն ավարտվել է խայտառակ միջադեպով։

Առցանց հանդիպմանը մասնակցած տնօրեններից մեկը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ սահմանված ժամին տնօրենները և ուսուցիչները միացել են հարթակին, սակայն ուղիղ 20 րոպե ոչ մի կորդինատոր չի եղել, ո՛չ ԿԳՄՍՆ-ից, ո՛չ էլ ԿԶՆԱԿ-ից։

«Սովորաբար կորդինատորը հենց ամենասկզբից է միանում, որ համակարգի ընթացքը, օրինակ՝ «խոսափողները» միացնի և այլն։ Այս անգամ բոլոր տնօրենների և ուսուցիչների ձայները լսելի էին, բոլորը խառը քննարկումների մեջ էին, միմյանց հետ զրուցում էին, քննադատում էին գործող իշխանություններին և այլն։

20 րոպե հետո միացավ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ու բոլոր տնօրենները հերթով սկսեցին բարևել։ Մոտ 40 րոպե տևեց այդ բարևելու գործըթնացը, ինչն իրականում ծիծաղ էր առաջացրել։ Բարևելուց հետո մի 2 բան ասաց, որը նորմալ չէր էլ հասկացվում, ոչ մեկը չէր լսում։

Հետո ԿԳՄՍՆ պաշտոնյան անջատեց և դուրս եկավ կապից։ Բոլորը սկսեցին նորից քննարկումներ անել, դժգոհել համակարգից, առհասարակ ԿԳՄՍՆ-ի վարած քաղաքականությունից»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ կարճ ժամանակ անց առցանց քննարկմանը միացել է ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, բայց սկզբում չեն ճանաչել, քանի որ միացել է ոչ թե իր, այլ իր աշխատակցուհու էջով։

«Դա էլ ավելի ծիծաղ առաջացրեց, հազարավոր տնօրեններ և ուսուցիչներ չէին հասկանում, թե ինչ է կատարվում։ Հետո ԿԶՆԱԿ-ի ղեկավարն ասաց, որ տեխնիկական խնդիր է եղել, դրա համար իր էջով չի կարողացել մուտք գործել համակարգ, այլ իր քարտուղարի։ Ասաց՝ եկեք այսքանով ավարտենք այսօրվա քննարկումը։ Սա է այսօրվա համակարգը, որն այդքան գովերգում են։ Վստահ եմ, որ նախարար Ժաննա Անդրեասյանին զեկուցել են, որ ամեն ինչ իդեալական է անցել։ Բայց այդ քննարկում կոչվածի տեսագրությունը վստահաբար պահպանվում է»,- եզրափակեց մեր զրուցակիցը։