Մասիս քաղաքում գարշահոտություն է, աղբավայրի ծուխը լցվում է մարդկանց տներ
copy image url

Մասիս քաղաքում գարշահոտություն է, աղբավայրի ծուխը լցվում է մարդկանց տներ

Ներքին 6 ամիս առաջ - 12:34 04-10-2024

Անի Ներկարարյան

Լրագրող

«Երեկ ոչ թե ծուխ էր, այլ՝ կրակ։ Այս պահին միայն ծուխն է երևում, որը լցվում է ամբողջ Մասիս քաղաքը, մարդկանց տները։ Երեկոյան ժամերին՝ 7-ից հետո, Մասիսում գարշահոտություն է տիրում։ Այդ հոտը բնակիչներն անընդհատ շնչում են»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետի տեղակալ Նորայր Հակոբյանը։

Նշենք, որ Արարատի մարզի Մասիս քաղաքում տարիներ շարունակ չի լուծվում աղբավայրի խնդիրը։ Իսկ աղբի այրման դեպքում տարածքում իրավիճակը վատթարանում է։

Հակոբյանի խոսքով՝ հարցի վերաբերյալ Մասիս համայնքը դիմել է կառավարություն, սակայն որևէ պատասխան չեն ստացել․ «Մի քանի տասնյակ գրություններ ենք ուղարկել տարբեր գերատեսչություններ, որպեսզի աղբավայրը փակվի, բայց այս պահին ընթացք չունենք։ Համայնքը դիմել է դատարան, շահագործողի հետ պայմանագիրը լուծարելու պահանջով։ Այս պահին նախնական դատական փուլում ենք»։

Համայնքային պաշտոնյան նշեց, որ աղբավայրի հակասանիտարական իրավիճակի վերաբերյալ մեկ անգամ արձագանք են ստացել Բնապահպանության տեսչական մարմնից, որի գնահատմամբ՝ աղբավայրը շահագործում են խախտումներով։ Եվ այս հիմքով է Մասիս համայնքը դատարան է դիմել։

«Այն, որպես աղբավայր, սպառել է իրեն։ Մասիսի ավագանու որոշմամբ՝ համայնքի 26 գյուղերի աղբը տեղափոխվում է այլ վայր, որի համար համայնքը հավելյալ ծախս է անում։

Դեռևս 2021 թվականին Մասիսի ավագանին որոշում է ընդունել, որ այլ վայրից աղբ չտեղափոխեն այդ աղբավայր, քանի որ համայնքը հավելյալ ծախսեր է անում, և աղբը տեղափոխում ավելի հեռու տեղ։ Բայց արի ու տես, որ այս աղբավայրի շահագործողներն անբարեխիղճ են, և մեզ հասած տեղեկություններով՝ այստեղ թափվում են այնպիսի աղբեր, օրինակ՝ կաշվի վերամշակման թափոններ, որոնք հակահիգիենիկ իրավիճակ են առաջացնում։ Ցանկացած օր, երեկոյան ժամերին այդ գարշահոտությունը զգացվում է։ Դա Մասիս համայնքի առաջնային ու ըստ էության՝ միակ գերխնդիրն է»,- եզրափակեց Նորայր Հակոբյանը։


Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված