Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տարածքներն Ադրբեջանին հանձնելու հող է նախապատրաստում․ Էդգար Ղազարյան
copy image url

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տարածքներն Ադրբեջանին հանձնելու հող է նախապատրաստում․ Էդգար Ղազարյան

Ներքին Արտաքին Խոսք 6 ամիս առաջ - 20:00 25-09-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին Նյու Յորքում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի Սահմանադրությունում նույնպես Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, բայց հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է խաղաղության օրակարգին ՀՀ Կառավարության հավատարմությունը, ասել, որ ՀՀ-ն պատրաստ է համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները։

Oragir.News-ի հետ զրույցում Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությամբ հող է նախապատրաստում, որպեսզի Հայաստանի տարածքները հանձնի Ադրբեջանին։ Նրա խոսքով՝ Փաշինյանն այդ տարածքները աշխարհագրորեն հստակ մատնանշել է․

«Դա Սյունիքի մարզն է՝ ամբողջությամբ, Վայոց ձորի մարզն է՝ ամբողջությամբ, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերից էլ՝ առանձին հատվածներ։ Ընդ որում, ինքը դա ասել է ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ․ ասում է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն իր բովանդակության մեջ ու մեկնաբանություններով նման պահանջներ է ներկայացնում Հայաստանին, իսկ Հայաստանը Ադրբեջանի առջև պահանջ չի դրել, որպեսզի Ադրբեջանը նույնպես վերանայի, վերափոխի իր Սահմանադրությունը»։

Ղազարյանը շեշտում է, որ ի հակադրություն սրա՝ Նիկոլ Փաշինյանն ընդունում է Ադրբեջանի այն պահանջը՝ համաձայն որի Հայաստանը պետք է նոր Սահմանադրություն ընդունի, որից կհեռացնի Անկախության հռչակագրին կատարվող հղումը։ Ըստ նրա՝ Փաշինյանը համաձայնել է այս պահանջի կատարմանը, ինչի մասին վկայում է այն հանգամանքը, որ խմբագրել է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու նպատակով իր կողմից ստեղծված հանձնաժողովի անվանումը՝ դարձնելով այն իբրև թե նոր Սահմանադրության մշակման հանձնաժողով։

«Սահմանադրության օրվա կապակցությամբ իր ուղերձում, Արդարադատության նախարարության 2023 թվականի հաշվետվությունն ընդունելու ժամանակ իր ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը խոսել է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին՝ հստակ նշելով, որ դրանից պետք է հեռացվի Անկախության հռչակագրին կատարվող հղումը։ Իր ընկալումներով Անկախության հռչակագրի ոչ իրավազորության մասին խոսել է Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի օրը՝ օգոստոսի 23-ին՝ իր ուղերձում անմիտ մեկնաբանություններ կատարելով հռչակագրի 5-րդ կետի դրույթների վերաբերյալ և ասել, որ եթե կետի դրույթներն այլևս իրավական ուժ չունեն, ուրեմն իրավական ուժ չունի ողջ հռչակագիրը»,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին, թե նման հայտարարություններից հետո միջազգային հանրությունը Հայաստանի ղեկավարին որքանո՞վ է լուրջ վերաբերվում՝ Էդգար Ղազարյանը պատասխանեց, որ միջազգային հանրությունն այս ամենով շատ քիչ է հետաքրքրված, որովհետև դա Հայաստանի և հայ ժողովրդի խնդիրն է։ «Աշխարհում չի կարող որևէ այլ երրորդ երկիր կամ կազմակերպություն գտնվել, որը կպայքարի, որպեսզի Հայաստանի Հանրապետություն անունով պետություն գոյություն ունենա։ Այդ պայքարը պետք է մղեն Հայաստանի քաղաքացիները, իսկ այսօր ՀՀ քաղաքացիների օրինական իշխանությունը զավթել է մի մարդ, որը վերացնում է այդ քաղաքացիների ստեղծած ամենամեծ բարիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»,- կարծում է նա։

Էդգար Ղազարյանը շեշտեց, որ այս ամենը խաղաղության պայմանագրի հետ ոչ մի կապ չունի, իսկ բոլոր կողմերի հայտարարությունների համադրությունը ցույց է տալիս, որ նման պայմանագիր առհասարակ չի ստորագրվելու։ Նա շեշտում է՝ ադրբեջանական նախապայմաններն այնպիսի բովանդակություն ու շեշտադրումներ ունեն, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանը նման պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի։

«Ադրբեջանը Հայաստանին պարտավորեցնում է իր համար նախընտրելի բովանդակությամբ փաստաթղթեր ստորագրել ՝ օրինակ սահմանային հանձնաժողովների կանոնակարգը, պարտավորեցնում է, որ հայկական կողմը դրանք ազգային ընթացակարգով վավերացնի՝ ՍԴ-ի ու ԱԺ-ի որոշմամբ, որպեսզի դրանք դառնան պետության կողմից ստանձնած պարտավորություններ, և պետությունը գնա ինքնոչնչացման ճանապարհով։ Այսինքն՝ Ադրբեջանը պահանջներ է դնում, Հայաստանը կատարում է այդ պահանջները, որոնց հետևանքով Հայաստան պետությունը անգամ իրավաբանորեն՝ իրավունքի ուժով, պետք է դադարեցնի իր ֆունկցիոնալ գործունեությունը»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի