Շատ լավ կլիներ, որ այսօր այստեղ լիներ նաև ՀԷՑ-ի սեփականատերը, կարող է ինչ-որ հարցեր էլ տայինք պարոն Կարապետյանին, բայց ինքը բացակայում է։ Այս մասին այսօր խորհրդարանում «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով լսումների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ապա հարցեր ուղղեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին․ «Վերջին շրջանի անջատումներն այնքան շատ էին և անբացատրելի, որ մեր հասարակության մեջ կասկածներ կար, որ կարո՞ղ է սա քաղաքական պատճառներ ունի։ Բայց ես ձեզ հետ խոսել եմ, ասացիք, որ ինչ-որ հրդեհի հետ է կապված։ Ձեր ընտրության ժամանակ ես մի հարց տվեցի՝ արդյոք մենք տիրապետո՞ւմ ենք այն տեղեկատվությանը՝ սեփականատերը ի՞նչ գնով է ձեռք բերել Բաշխիչ ցանցը։ Ձեռքբերումից հետո ամենապահանջված պաշտոնյաները ձգտում էին դառնալ ՀԷՑ-ի տարածքային պաշտոնյաներ և կարճ ժամանակում հարստանում էին։ Ուզում եմ լսել՝ ունե՞ք տեղեկատվություն, թե ինչի դիմաց է նախկինում միանձյա սեփականությունն անցել Կարապետյան Սամվելին, և ինչո՞ւ է այս վիճակը»։
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ ինքը զերծ է մնում քաղաքական տեքստերից, իսկ հաճախակի անջատումները հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին եղել են այն պատճառով, որ միջազգային էներգետիկ կոորպորացիայում տեղի էր ունեցել մեծ հրդեհ։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ գնով է ձեռք բերել, ապա նշեց, որ դա իրենց չի հետաքրքրում։ «ՀԷՑ-ը 2012թ-ին մասնավորեցվել է 40 մլն դոլարով, իսկ դրանից հետո այդ ընթացքում ով ում ինչ է վճարել, չի հետաքրքրում»,-ասաց նա։
«Ձեզ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, հաջորդ հանդիպմանը ճշտեք, ասեք»,-ասաց Քոչարյանը։