Փաշինյանի իշխանությունը պատմության մեջ մնալու է որպես Արցախի հանձնման պատասխանատու
copy image url

Փաշինյանի իշխանությունը պատմության մեջ մնալու է որպես Արցախի հանձնման պատասխանատու

Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 22:30 19-09-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի իշխանություններն ամեն կերպ փորձում են խուսափել Արցախում տեղի ունեցած աղետի պատասխանատվությունից՝ փորձելով այն բարդել Արցախի իշխանությունների, կամ էլ հայաստանյան ընդդիմության վրա։ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներից մեկն էլ այսօր պնդեց, թե Արցախն իրականում հանձնել են Հայաստանի 2-րդ և 3-րդ նախագահներն ու նրանց թիմերը, որպեսզի 100 հազար լրացուցիչ ցուցարար ունենան և նրանց միջոցով կարողանան իշխանափոխություն իրականացնել։

Oragir.News-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ գործող իշխանությունները վերջին 1 տարում անցել են անբարոյականության բոլոր սահմանները և դաշտ են մտցնում ահռելի մեծ քանակությամբ ապատեղեկատվություն և քաղաքական աղբ, որպեսզի ցույց տան, որ իրենք Արցախում տեղի ունեցածի հետ առնչություն չունեն։

«Սակայն իշխանությունների հայտարարությունները, որ ամենաբարձր մակարդակով առել են առ այն, որ Արցախն Ադրբեջան է և Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում իրենց մոտեցումները ներդաշնակ են Ադրբեջանի մոտեցումների հետ, բնականաբար՝ ըստ էության, ցույց է տալիս, որ այն ինչ տեղի է ունեցել Արցախի հետ գործող իշխանությունների պատասխանատվության դաշտում է։ Ավելին՝ անկախ այն բանից, որ տեղի է ունեցել ադրբեջանական ագրեսիա, անկախ այն բանից, որ թե՛ 2020 թվականին, թե՛ 2023 թվականին Ադրբեջանը տարբեր փուլերով ռազմական գործողություններ է իրականացրել Արցախի և արցախցիների դեմ, որն էլ հանգեցրել է արցախցիների բռնի տեղահանմանը, Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ պատասխանատվություն են կրում Արցախի ու արցախցիների հետ տեղի ունեցածի համար»,- ասաց նա։

Տիգրան Աբրահամյանը շեշտում է, որ այն ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, դա նաև ուղիղ հարված էր Հայաստանի անվտանգությանը, և գործող իշխանությունները պատասխանատվություն են կրում ՀՀ-ի խոցելի անվտանգային իրավիճակի համար։ «Հիմա այն ամենն, ինչն արդեն արձանագրվել է, պատմական փաստեր են ու ճշմարտություններ են ու անկախ նրանից, թե իշխանության ներկայացուցիչները, նրանց արբանյակներն ու հովանավորյալներն ինչ կհնչեցնեն, դրանք ակնհայտ իրողություններ են։ Իհարկե ցավով եմ արձանագրում, որ նման բան է տեղի ունեցել, բայց իշխանությունը պատմության մեջ մնալու է որպես Արցախի հանձնման պատասխանատու՝ ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանն է գրվելու՝ որպես Արցախի դեմ ագրեսիա իրականացրած պետություն»,- նշեց նա։

Oragir.News-ի հարցին, թե հանրությունը հավատո՞ւմ է իշխանությունների հավաստիացումներին առ այն, որ իրենք Արցախում տեղի ունեցածում ոչ մի մեղք չունեն՝ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց, որ հանրության շատ մեծ խմբերի համար առկա իրողություններն ակնհայտ են՝ անկախ այն բանին, թե այսօր կամ վաղը ով ինչ կհայտարարի։ Նա շեշտեց, որ ամեն բան տեղի է ունեցել մարդկանց աչքի առաջ, մարդիկ հիշում են նաև նախքան 2023 թվականի սեպտեմբերը այս իշխանությունների հնչեցրած հայտարարությունները, մասնավորապես Արցախն ադրբեջանական հռչակելու վերաբերյալ հայտարարությունները։

«Կարծում եմ, որ այսօր մեր հասարակության գերակշիռ մասի համար ոչ մի կասկած չի հարուցում այն հանգամանքը, որ այս իշխանությունը ոչ միայն քաղաքական պատասխանատվություն ունի, այլև ՀՀ-ում օբյեկտիվ իրավիճակի ստեղծման պարագայում կոնկրետ անձանց գործողություններին պետք է իրավական գնահատական տրվի, որոնց լուռ համաձայնությամբ կամ նրանց հետ ձեռք բերված կուլիսային պայմանավորվածություններով մեր երկրի ու ժողովրդի համար բավականին մեծ ողբերգություն է տեղի ունեցել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան